ՍԵՎԱԿԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԻՑ` ՍԵՎԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Երիտասարդ գրականագետ, Գորիսի պետական համալսարանի դասախոս Թեհմինա Մարությանի գիտական ուղին սկսվել է սևակասիրությունից, Սևակ-բանաստեղծի կյանքի և գործի հանդեպ տածած ջերմագին պաշտամունքից: Սևակով ապրել ու իմաստավորել է իր ուսանողական կյանքի տարիները, Սևակով է լցրել հոգու և արյան բջիջները: Սևակ ասմունքող ու պաշտող աղջնակն օրերի հետ ավելի ու ավելի հասունացել է և հասկացել, որ իր հետագա կյանքի և գործունեության տարերքը գրականությունն է և գրականագիտությունը` մասնավորապես սևակագիտությունը: Դեռևս ուսանաղական տարիներին Թ. Մարությանը գիտաժողովներում և մամուլում հանդես է եկել աչքի ընկնող, թարմ հարցադրումներով և ինքնատիպությամբ լի  գրականագիտական հոդվածներով և բանախոսություններով: Նրա գիտական անդուլ պրպտումները  տվեցին ցանկալի արդյունքը. 2004թ. նոյեմբերին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում պաշտպանել է ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Վերջերս հայ ընթերցողի գրասեղանին դրվեց  Թ. Մարությանի անդրանիկ մենագրությունը` «Պարույր Սևակի պոեմների գրաքննադատական անդրադարձները» խորագրով, որը լույս է ընծայել «Զանգակ 97» հրատարակչությունը: Գրքի գիտական խմբագիր, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Դ. Գասպարյանը առաջաբանում նշում է, որ սույն մենագրության հեղինակը գիտական և հոգեկան որոնումների ոչ դյուրին  ճանապարհով փորձել է հասնել ակունքին և ազնիվ գիտությամբ բարբառել գրական ճշմարտությունը, այսկերպ հոգևոր հաղորդակցման խողովակները մաքրելով ժանգից ու խցանումից: «Բանաստեղծական ինքնադիմանկար» ներածական գրքի հեղինակը հակիրճ ներկայացնում է  սևակագիտության ոլորտում առկա վիճակը, գնահատանքի խոսք ասում մի շարք ուսումնասիրողների  կատարած աշխատանքի  և ունեցած վաստակի առնչությամբ: Անդրադառնալով ուսումնասիրության բուն նյութին, Թ. Մարությանը փաստարկում է, որ Սևակի երկերը, պատմահայրենասիրական պոեմները մասնավորապես, իրենց տարողությամբ և խոսքով, փիլիսոփայական հարցադրումներով ինքնին հատկանշվում են արդիական հնչեղությամբ  և ցայսօր զգալիորեն արգասավորում են հայ գրականության ընթացքն ու  նվաճումները:

Աշխատության առաջին գլխում /«Պատմական պոեմների գրաքննադատական անդրադարձները»/ փաստական և փաստառատ  վիթխարի նյութի  օգտագործումով քննության են առնվում  Սևակի «Անլռելի Զանգակատուն» , «Եվ այր մի` Մաշտոց անուն», «Եռաբանյա ասք» պոեմների շուրջ  ծավալված գրական ու քննադատական անդրադարձները: Հեղինակը ոչ միայն ներկայացնում է ժամանակի գրական համայնապատկերը, այլև սեփական դիտարկումների հիման վրա մշակում, ամբողջականացնում է իր  դիրքորոշումն ու չափանիշները: Նորովի մեկնաբանություն է տրվում հայրենիքի կերպարը, հայոց բազմադարյան հերոսական և ողբերգական անցյալը գեղարվեստորեն մարմնավորելու սևակյան ջանքերին ու խիզախմանը:

Ըստ հետազոտողի, Սևակի պատմական պոեմները հատկանշվում են ազգային հայրենասիրական բացառիկ լիցքավորմամբ, իսկ ընդգրկումների խորքով, ժանրային ոճաբանական և կառուցվածքային առանձնահատկություններով առհասարակ հայ քնարերգության նվաճումներից են: Սակայն ժամանակի հայ գրաքննադատական միտքը հաճախ ոչ միայն անտեսել, անուշադրության է մատնել վերոնշյալը, այլև միտումնավոր կամ անորոշ դիրքորոշում ընդգրկել սևակյան արժեքների հանդեպ: Թ. Մարությանը անուն առ անուն բացահայտում և խիստ քննադատում է կողմնակալ ու տհաս գիտնականներին:

Երկրորդ գլխում /«Սիրային պոեմների գրաքննադատական անդրադարձները» ներկայացված է «Երգ երգոց», «ՈՒշացած իմ սեր», «Նահանջ երգով» պոեմների` գրական-հասարակական դաշտում ունեցած արձագանքների տեսությունն ու մեկնությունը:

Հետաքրքրական է, որ Սևակի սիրային պոեմների շուրջ գրականագիտական ու ընթերցողական տրամագծորեն հակադիր-հակասական արձագանքներ եղան ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս` Ռուսաստանում, Ամերիկայում, Իտալիայում, սփյուռքահայության շրջաններում և այլուր:

Աշխատության էջերում բացվում են ոչ միայն այդ հեռավոր օրերի, այլև մեծ բանաստեղծի անձի ու կենսագրության հետ կապված խորունկ դեպքեր ու գաղտնիքներ:

Որպես ամփոփիչ խոսք, արձանագրենք, որ երիտասարդ գրականագետ Թեհմինա Մարությանի սույն մենագրությունը լինելով միանգամայն թարմ խոսք և էական ներդրում սևակագիտության ասպարեզում, անտարակույս կհետաքրքրի ոչ միայն հայ գրականության պատմաբաններին, բանասերներին, լրագրողներին, այլ կրթության և մշակույթի ոլորտի մասնագետներին:

  Արմեն Կարապետյան

պատմաբան, լրագրող, հրապարակագիր

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s