Թիվ 1 /49/ 30-ը ՀՈՒՆՎԱՐԻ, 2009թ.


ՇՆՈՐՀԱՎՈՐ  ՆՈՐ  ՏԱՐԻ  ԵՎ  ՍՈՒՐԲ  ԾՆՈՒՆԴ

 

11

ՀԻՆ ՈՒ  ՆՈՐ   ՏԱՐՎԱ   ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ

Մարզպետարանի համապատասխան վարչություններից տեղեկացանք ուղիղ մեկ տարի առաջ երկրի նախագահի նախընտրական քարոզարշավի ընթացքում բարձրացված հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ընթացքի մասին:

Արինի համայնքի անդամների կողմից առանձնակի կարևորվել էր խմելու ջրի 6կմ երկարությամբ արտաքին ցանցի վերականգման խնդիրը:

2007-ին պետբյուջեից հատկացված 35մլն դրամի շրջանակներում այստեղ կատարվել էր  աշխատանքների միայն մի մասը: Ըստ կազմված նախագծա-նախահաշվային փաստաթղթերի` ավարտի համար անհրաժեշտ էր 98.2 մլն դրամ: 2008-ի օգոստոսի 14-ին, ՀՀ կառավարության  թիվ 912 որոշմամբ արտաքին ցանցի վերականգման համար հատկացվեց ևս 75մլն դրամ, որի արդյունքում անցած աշնանն արդեն շինարարական աշխատանքներն ավարտվել են:

Ռինդի խմելու ջրի մատակարարման բարելավման խնդիրը ևս նույն վիճակում էր. կրկին 2007-ին պետ.բյուջեից հատկացված գումարի շրջանակում կատարվել էր ընդամենը 40մլն դրամի աշխատանք, այնինչ հիմնախնդրի լուծման համար նախատեսված է եղել 108մլն: ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ այդ նպատակի համար ևս  հատկացվեց 71մլն դրամ: Անցած աշնանը այստեղ նույնպես ավարտվել են խմելու ջրի մատակարարման բարելավմանն ուղղված շին.աշխատանքները, բայց համայնքում դեռ կան այլ հիմնախնդիրներ, որոնք ընդգրկված են իրենց քառամյա ծրագրերում:

 Թառաթումբի համայնքում խնդիրներ շատ կան, բայց բնակչության համար  ամենաառաջնայինը երկար տարիներ մշակույթի տուն չունենալն էր.

Սոց.Ներդրումների Հիմնադրամի պատվերով անցյալ տարի կազմվեց նախագծա-նախահաշվային փաստաթղթերը և նախատեսվեց 2008-2009թթ տալ խնդրի լուծումը: Համայնքի կողմից աշխատուժի ներդրման, աշխատողների սրտացավության շնորհիվ կարճ ժամանակում` դեռևս աշնանը, ավարտվեց գյուղի մշակույթի տան  շինարարական աշխատանքները:

Իսկ ինչ վերաբերում է խմելու ջրի մատակարարման բարելավմանը, ապա այն ընդգրկվել է այս տարվա բյուջեով ֆինանսավորվող հայտերում` ավարտին հասցնելու`  դեռևս 2007-ից թերի մնացած աշխատանքները /կատարվել է 70մլն դրամի արտաքին ցանցի նորոգում/:

Վայքի ազգաբնակչության համար առաջնային խնդիր էր 6.2կմ երկարությամբ ոռոգման ջրատարի վերանորոգումը: Այն անցնում է  քաղաքի միջով և անմխիթար վիճակում հայտնված ջրատարից ֆիլտրացվող ջուրը լցվում է շրջակա բնակելի շենքերի նկուղներն ու առաջին հարկերը: Խնդրի լուծման համար պետ բյուջեից հատկացվել է 30 մլն դրամ աշխատանքները 2008-2009թթ իրականացնելու համար: Այսօրվա դրությամբ 15մլն-ի նորոգման աշխատանքներն ավարտված են:

Հանդիպման ընթացքում բնակչության կողմից առաջ քաշվեց ներքաղաքային «Երիտասարդական» փողոցի 1.1 կմ-ի հիմնանորոգման խնդիրը, որի համար անհրաժեշտ կլինի 130.0 մլն դրամ: Կառավարության կողմից նախատեսված է այն ներկայացնել 2010-2011թթ բյուջետային ֆինանսական հայտերով:

Ջերմուկի զարգացմանն ուղված ծրագրերն այսօր կառավարության կողմից առանձնակի կարևորվում են: Բավական է ասել, որ անցյալ տարի փետրվարին պետ.բյուջեից 590 մլն դրամ հատկացվեց առողջաքաղաքում հանգստի գոտու ստեղծման, քաղաքի սանիտարական վիճակի բարելավման ու ճանապարհների կառուցման համար: Աշնանը կատարվել են  կենտրոնական մասի լճակների ու իրար կապող գետակների հենապատերի 2006-2007թթ-ից թերի մնացած վերանորոգման աշխատանքները, կառուցվել է 0,6կմ երկարությամբ կայանատեղի` հրապարակներով, ու հիմնվել է Կեչուտ-Ջերմուկ 3.7կմ ճանապարհը, որը հնարավորություն կտա Կեչուտ թաղամասը կապել քաղաքի Ձախափնյակ թաղամասի հետ:

 Զառիթափ, Խաչիկ, Հերհեր, Շատին, Սալլի համայնքներում խմելու ջրի ներքին, կամ արտաքին ցանցերի մասնակի վերանորոգում է կատարվել 2007-ին և գործն ավարտին չի հասցվել: Ահա թե ինչու նշված գյուղերի բնակիչներն առավել կարևորեցին իրենց գյուղերի խմելու ջրի բարելավումը, որոնք և ընդգրկվել են 2009թ. բյուջեում:

Մալիշկայի համայնքը ևս նման խնդիր ուներ, միայն այն տարբերությամբ, որ այստեղ 1970թ-ին կառուցված խմելու ջրի ներքին ցանցը երբեք չի վերանորոգվել, խողովակաշարերն ամբողջությամբ փտել ու շարքից դուրս են եկել: Անհրաժեշտ է կատարել բավականին մեծ աշխատանք, իսկ Ասիական զարգացման բանկի նախատեսած 21.3 մլն դրամով անհնար կլինի խնդրին վերջնականապես լուծում տալ: Աշխատանքների արդյունավետության համար այն ընդգրկված է նաև  2009-2010թթ պետ. բյուջետային հայտերում:

Մալիշկայի բնակչությունը բարձրացրել էր նաև գյուղի գազիֆիկացման ու մշակույթի տան վերանորոգման հարցը: Շուրջ 1200 տնտեսության գազիֆիկացման համար կազմված փաստաթղթերից տեղեկացանք նախատեսված գումարի չափը` 200.0 մլն դրամ: Իրականացման համար հատկացում կարվի պետ բյուջեից և այլ աղբյուրներից. այս տարվա բյուջեով արդեն 30 մլն-ը նախատեսվել է: Իսկ ինչ վերաբերում է մշակույթի տան վերանորոգմանը, ապա  այն դեռ չի ընդգրկվել այս տարվա ծրագրերում: Խնդիրը պարզ դառնալու համար մի փոքր մանրամասնենք. 2003-ին Սոց.ներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ վերանորոգվել էր միայն տանիքը, սակայն 630 տեղանոց մշակույթի տունը հիմնանորոգման կարիք ունի` նախագծա-նախահաշվային տվյալներով այն կազմում է 286 մլն դրամ:

 Ելփինի ոռոգման 50հազար խմ տարողությամբ ջրավազանի վերանորոգումն ընդգրկվել է  2009-10թթ բյուջետային ֆինանսավորման հայտերում. վերջին տարիներին տեղի է ունենում  ֆիլտրացիա, որի պատճառով ձնհալից առաջացած ջրերը հնարավոր չի լինում ամբարել: Նախատեսված է 25մլն դրամ, որ կատարվի ջրավազանի վերանորոգում:

Հորսի բնակչի համար կարևոր է Եղեգնաձոր-Մարտունի մայրուղուց մինչև գյուղ հասնող ճանապարհի /5.5կմ-ի/ բարեկարգումը: 1.2կմ-ն անցյալ տարի կատարվել է գյուղապետարանիի կողմից, իսկ 3.3-ը գտնվում է անբարեկարգ վիճակում: Համապատասխան փաստաթղթերի համաձայն աշխատանքն իրականացնելու համար անհրաժեշտ է 380 մլն դրամ, որը հատկացվել է 2009թ բյուջեով:

Եղեգնաձորցիների կողմից հարց էր բարձրացվել քաղաքի Սպանդարյան և Նարեկացի փողոցների /առաջինի` 1.5կմ-ի և երկրորդի` 600մ հատվածների/  բարեկարգումն ու քաղաքի Միկոյան փողոցի թիվ 16 բազմաբնակարան շենքի վթարայնության վերացումը: Երկուսի դեպքում էլ խնդրի լուծման համար անհրաժեշտ է 250մլն դրամ, բայց միայն առաջինն է ընդգրկված 2009թ.  բյուջետային ֆինանսական հայտերում:

ՋԵՐՄ ԴԱՀԼԻՃՈՒՄ` ՋԵՐՄ ՄԹՆՈԼՈՐՏ

3Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի մշակույթի տան տարեմուտի միջոցառումներն այս անգամ անցան շատ հետաքրքիր ու ջերմությամբ լի: Պատճառը բոլորովին էլ միջոցառման կազմակերպվածության խնդիրը չէր. այստեղ միշտ են ուրախ ու հետաքրքիր հանդիպումներ ու երեկույթներ կազմակերպվում: Պարզապես մարզկենտրոնի այս մշակույթի կենտրոնը տարեմուտին ներկայացավ նորովի. հիմնանորոգված մեծ դահլիճով, ու որ ամենակարևորն է լոկալ ջեռուցմամբ:

466- տեղանոց դահլիճի, նախամուտքի ու սան.հանգույցի վերանորոգման համար VIVASEL MTS-ի կողմից հատկացվել է 150մլն դրամ, աշխատանքներն իրականացրել է «Սարկողի» շինարարական կազմակերպությունը Ռազմիկ Սարգսյանի ղեկավարությամբ:

– Բացի այդ VIVASEL MTS-ի կողմից մեր մշակույթի կենտրոնին տրամադրվել է 7մլն դրամի ժամանակակից սարքավորումներ,- ասաց տնօրեն Մարո Սիմոնյանը,-  այսուհետ բեմահարթակում անցկացվող բոլոր միջոցառումները կուղեկցվեն լուսային էֆեկտներով:

Անկասկած ողջունելի է մշակույթի օջախների նման զարգացումը, որը խթան կհանդիսանա մշակութային կյանքի աշխուժացմանը: Ասվածի վկայությունն է այն, որ եթե նախորդ տարիներին ձմռան ամիսներին Եղեգնաձորի մշակույթի տան աշխատանքները ստիպված դադարեցվում էին, իսկ տարեմուտի հանդեսները անց էին կացվում միայն դրսում, ապա այս տարի դեկտեմբեր ամսին անց են կացվել մի շարք համերգներ հանրապետական աստղերի մասնակցությամբ, տեղի երգի պարի ու ժամանակակից պարերի խմբերի կատարմամբ, կազմակերպվել են նաև շնորհանդեսներ, հետաքրքիր հանդիպումներ: Իսկ տարեմուտի թատերականացված հանդեսը երեխաների համար թերևս ամենահետաքրքիրն էր:

–          Պատրաստվում ենք նոր ծրագրերով հանդես գալ ու առավել ակտիվ դարձնել  առաջիկա բոլոր օրերը,-  վերջում ավելացրեց տնօրենը:

ԿԲԱՐՁՐԱՆԱ՞Ն  ՀԱՅՓՈՍՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ   ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ

 Անցյալ տարվա ամռանը Հայփոստի պատասխանատու աշխատողները հանդիպեցին Վայոց ձորի մարզային փոստային մասնաճյուղի տնօրինության, բաժանմունքների պետերի և աշխատակազմերի հետ: Հայփոստի կոորպորոցիայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Ա. Խաչատրյանը, Արհկոմի նախագահ Ս.Արզուցյանն ու մարդկային ռեսուրսների կառավարման ծրագրի ղեկավար Հ. Չութիլյանը ներկայացրին աշխատանքի նոր պայմանները և վարձատրման բարեփոխված համակարգի հետ կապված բոլոր մանրամասները:

–   Առաջնային իրականացվելու է միջանկյալ փուլը,- ասացին նրանք: Իսկ բարեփոխման այդ փուլում նախատեսվում էր աշխատակիցների հետ կնքվող եռամսյա ժամանակավոր պայմանագրերի փոխարեն կնքել անժամկետ աշխատանքային պայմանագրեր, ինչը երաշխիք էր աշխատանքային զբաղվածության կայունության, որի արդյունքում պետք Է բարձրանար արդյունավետությունն ու բնագավառի բոլոր աշխատողների աշխատավարձերը:

–  Իրականացվող այս փուլից հետո,- շատ վստահ տոնով ավելացրեց տիկին Չութիլյանը,- սեպտեմբերի 1-ից, Հայփոստում կներդրվի վարձատրման վերջնական համակարգը, որի արդյունքում յուրաքանչյուր աշխատակից ապահովված կլինի աշխատավարձի կայուն աճով: Միաժամանակ, կախված կատարած աշխատանքից, կկիրառվեն անհատական մոտեցումներ և յուրաքանչյուր աշխատակցի համար  կսահմանվեն անհատական աշխատավարձեր:

Ի՞նչ խոսք, հայփոստի մարզային աշխատողների ոգևորությունը շատ մեծ էր, սակայն հանդիպումից ամիսներ են անցել, բայց, ինչպես ընդունված է այս պարագայում ասել` ՙՍայլը տեղից չի շարժվել՚: Ավելին, փոստատարներից տեղեկացանք, որ իրենց նկատմամբ կիրառված ՙանհատական մոտեցումների՚ արդյունքում ոչ միայն չբարձրացավ աշխատավարձերը, այլ` նվազեց: Իսկ որ նրանց հավաստմամբ Հայփոստի ղեկավարությունը մշտապես շարունակելու էր իր աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավմանն ու արդիականացմանն ուղղված գործընթացները, առ այսօր չի երևում:

ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ԱՎՏՈՄԱՏ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՅԱՆԸ 50 ՏԱՐԵԿԱՆ Է

Մեզ է գրում մեր թերթի ակտիվ

ընթերցող Սամվել Հայրապետյանը

Միջն. դպրոցն ավարտելուց հետո` 1955թ. նոյեմբերին, աշխատանքի էի անցել կոմերիտմիության շրջ.կոմում, որպես պիոներ-դպրոցականների բաժնի վարիչ: Արդեն հասցրել էի մասնակցել գեղարվեստական ինքնագործունեության 1957թ. հանրապետական ֆեստիվալին և որպես խմբի մեներգիչ, պարգևատրվել հաղթողի դիպլոմով:

Բայց կատարվեց անսպասելին. 1958թ. հունվարի 1-ից կրճատվեց հաստիքս և մնացի առանց աշխատանքի: Մինչ մորս հետ շվար ու մոլոր մտածում էինք մեր հոգսերի մասին, ինձ շտապ կանչեցին շրջխորհրդի գործկոմի նախագահի` երջանկահիշատակ Թորոս Խուդոյանի մոտ:Նա ասաց, որ նախատեսվում է Եղեգնաձորում տեղադրել ավտոմատ հեռախոսակայան, որի համար երկու հոգու  պետք է գործուղեն Երևան` համապատասխան դասընթացներ անցնելու: Առաջարկեց ինձ մասնակցել այդ դասընթացներին: Երբևիցե տեխնիկայի հետ գործ չեմ ունեցել, բայց այլ ընտրություն էլ չունեի.   համաձայնվեցի ու Միշա Մուսոյանի հետ, որն այդ ժամանակ արդեն աշխատում էր որպես ռադիոկայանի տեխնիկ, մեկնեցինք մայրաքաղաք: Երկու ամիսն արագ անցավ, մարտի սկզբին մենք վերադարձանք Եղեգնաձոր, բայց այստեղ նույնիսկ հեռախոսակայանի սարքավորումները դեռ չկային ու խոսք անգամ չկար այդ մասին: Միշան ուներ իր հիմնական աշխատանքը, իսկ ինձ հանձնարարվում էր մերթ գիշերը հերթապահել հեռագրատանը, մերթ աշխատողների հետ մասնակցել վթարների վերացման ու կապի վերանորոգման աշխատանքներին:

Տպավորությունն այնպիսին էր, որ կարծես կապի նախարարությունում մոռացել էին Եղեգնաձորի հեռախոսակայանի մասին: Աշնանը ստացվեցին սարքավորումները: Այս անգամ էլ տեղադրող մասնագետներ չլինելու պատճառով դրանք մնացին պահեստավորված:

1958թ. նոյեմբերի 30-ին փոխվեց շրջանի ղեկավարությունը և կուս.շրջկոմի նոր առաջին քարտուղար, երիտասարդ, եռանդուն Հովհաննես Հովսեփյանին կապի գրասենյակի պետ, հանգուցյալ Գարսևան Մուսոյանը տեղյակ պահեց հեռախոսակայանի տեղադրման ձգձգումների մասին… Տառացիորեն մեկ շաբաթ հետո ազգությամբ հրեա Վասիլի Լուկիչի ղեկավարությամբ Օդեսայից ժամանեց տեղադրող բրիգադը: Շուրջ երկու ամիս աշխատեցի նրանց հետ: Կապի ղեկավարությունը փորձեց Լուկիչի գիտելիքներն օգտագործել, բայց քանի որ վարձատրության հարցը չլուծվեց նա այլևս մեզ ոչինչ չսովորեցրեց: Ավելին, լուռ ու մունջ ժամանակ էր անցկացնում գրասենյակում, իսկ աշխատանքից հետո` գրեթե ամեն օր, գնում էր ընթրելու ու խմելու: Մեր հիասթափությանը սահման չկար, ու նաև գիտակցում էինք, որ անհարկի ձգձգվում է տեղադրման աշխատանքը:

Ի վերջո 1959թ. հունվարի 25-ին նա ղեկավարությանը հայտնեց, որ 2 օրից կարող են շահագործել կայանը: Բնականաբար պատրաստվեցինք բացման արարողությանը, որին բացի գրասենյակի ղեկավարությունից մասնակցեցին նաև տեղական իշխանության, կապի նախարարության ներկայացուցիչներ: Ներկաների կողմից հնչած շնորհավորական ու բարեմաղթանքի խոսքերից հետո  խոսեց նաև ինքը` Լուկիչը.

– Եղեգնաձորի ավտոմատ հեռախոսակայանի բացումը նվիրվում է ՍՄԿԿ 21-րդ արտակարգ համագումարին,- ասաց նա:

Եվ իրոք, հենց այդ պահին Մոսկվայում սկսվել էր համագումարի աշխատանքները, իսկ այս լռակյաց ու տարօրինակ մարդը շատ խորամանկորեն իր աշխատանքի ավարտը կապեց կուսակցության այդ նշանակալից օրվա հետ:

Ինչևիցե, 59-ի հունվարի 27-ին բացվեց 300 համարանոց ավտոմատ հեռախոսակայանը,  որի շահագործման հարցում ես բավականին դժվարանում էի: Հիշում եմ, առաջին օրերին, իմ հերթափոխի ժամանակ զանգահարեց Վայքի կուս.շրջկոմի երկրորդ քարտուղար Զաքար Ղազարյանը, դժգոհեց, որ սխալ հասցեականության զանգեր են ստանում: Իհարկե երկար ժամանակ պետք չր այն շտկելու համար, բայց դա իմ միակ և վերջին աշխատանքն էր հեռախոսակայանում: Մարտի սկզբին ես անցա այլ աշխատանքի և ընդմիշտ հրաժեշտ տվեցի կապի գրասենյակի հոգսաշատ կոլեկտիվին:

Խմբագրության կողմից

300 համարանոց ավտոմատ հեռախոսակայանն այսօր մեծ զարգացում է ապրում: 

Ողջունում ենք հիմնադիրներին ու առաջին տեխնիկներին

2008թ. «Վարձատրվող հասարակական աշխատանքներ»

ծրագրի ընթացքը Վայոց ձորում

2008թ. «Վարձատրվող հասարակական աշխատանքներ»  ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության կողմից Վայոց ձորի մարզպետարանին հատկացվել էր 30մլն դրամ / 2007-ի 25մլն-ի դիմաց/, որն  ըստ ծրագրի ծավալի բախշվել է մարզի 18 համայնքների վրա: Տարվա ընթացքում իրականացվել է  21 ծրագիր, որոնցում ընդգրկված էին 293 գործազուրկներ:

«Վարձատրվող հասարակական աշխատանքներ»  ծրագրերերի շրջանակում հիմնականում իրականացվել են ներհամայնքային ճանապարհների, ոռոգման ու խմելու ջրագծերի վերանորոգման օժանդակ աշխատանքներ, ծառատունկ, խնամք, բարեկարգում:

Եռամսյա այս աշխատանքներն սկսվել են մայիս ամսից, ավարտվել` դեկտեմբերին:

Բոլոր ծրագրերն էլ համայնքների համար արդյունավետ են ու տեսանելի, բայց ծավալային տեսակետից առանձնակի աչքի են ընկնում Վայքի քաղաքապետարանի, Խաչիկի ու Գնդեվազի գյուղապետարանների կողմից իրականացված աշխատանքները:

ժամանակացույցը

ՊԱՀՊԱՆԵՆՔ   ԲՆՈՒԹՅԱՆ  ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԸ

Նախորդ համարում ձեզ տեղեկացրինք, որ մարզում ստեղծվել է վերացման եզրին կանգնած Գիհի  ծառատեսակի պահպանության կոոալիցա: Իսկ ո՞րն է Գիհին և դա իրենից ի՞նչ է ներկայացնում. Այսօր Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված է 386 բուսական տեսակներ: Դրանցում առանձնակի տեղ է գրավում Գիհին: Այն մշտադալար   փշատերև  բույս  է: Որոշ  տեսակներ   ապրում  են  մինչև  2000 տարի: Պատկանում  է  նոճազգիների  ընտանիքին: Նրա  բարձրությունը  մեր տարածաշրջանում  հասնում  է  մինչև  16 մ-ի: Տերևները  ասեղնաձև  են, բնափայտը  կարմրավուն  է  և  հոտավետ: Ծաղկում  է  մայիսին,  իսկ  կոնապտուղը  հասունանում է  միայն  2-րդ  տարվա  աշնանը:  Ահա  թե  ինչու  նույն  ճյուղի  վրա  կարելի  է  տեսնել բոլորովին  խակ  և  հասուն  կոնապտուղներ:  Հյութալի  կոները  օգտագործում են  որպես  դեղամիջոց: Բույսը  բավականին  լուսասեր  է, բայց  ոչ  պահանջկոտ  հողի  նկատմամբ: Աճում  է  նույնիսկ  այնպիսի  չորուտներում  և  աղքատ  հողերում,  որ  այլ  բուսատեսակներ  կամ  բոլորովին  չեն  աճում  կամ  աճում  են  շատ  վատ:  Գիհին  աճում  է  մեծ  թեքությունների  վրա  և  իր  արմատային ցանցով  պահպանում  է  հողաշերտը  էրոզիաներից  և  սահքերից:  Գիհու  անտառը   վերարտադրում  է  4  անգամ  ավելի  թթվածին  քան  սոսենունը: Աճում  է  շատ  դանդաղ,  տարվա  ընթացքում  հազիվ  տալով  2-ից  4 սմ  աճ: Գիհու  հայկական  տարատեսակներն  են`  ակռի, արոտակ, առտուճ, գենի, գի, ծղնի, մատիտածառ, ցրդենի:  Գիհին  երկարակյաց է,  բայց  ավաղ  այժմ  նա  գտնվում  է  Կարմրր  գրքի անհետացող  տեսակների  շարքում: Նա  անխնա  ոչնչացվում  է մարդկանց  կողմից: Մեր  կոալիցիան  կոչ  է  անում  ամանորյա  տոների  ընթացքում  չկտրել  և   չոչնչացնել  բնության  այս  հրաշք  գեղեցկուհիներին, դրանով  իսկ  կատարելով  ձեր  պարքը  գալիք  սերունդների  առջև:  ՈՒրեմն եկեք  պահպանեք  մեր  բնության  ամբողջականությունն  ու  ներդաշնակությունը:

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐՆ   ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ  ԵՆ  ԱՐԺԱՆԻ

Տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Վայոց ձորի մարզային հանձնաժողովի նիստը, որտեղ  քննարկվեց հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2009թ. տարեկան ծրագիրը: Հանձնաժողովում բացի մարզպետարանի, պետական այլ կառույցների համապատասխան պատասխանատու աշխատողներից ընդգրկված են նաև հաշմանդամների խնդիրներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Նախ ներկայացվեց ծրագիրն ու անելիքները, որոնցից մի մասը, կարելի է ասել` նախորդի շարունակությունն էր, կամ էլ` լրացումը: Ասվածը շոշափելի դարձնելու համար  հանձնաժողովի անդամները խոսեցին նախորդ տարում կատարված աշխատանքների մասին` փաստելով, որ մարզի մի շարք համայնքներում արդեն որոշակի գործունեություն իրականացվել է:

Եղեգնաձորի քաղաքապետարանի կողմից ձեռք է բերվել անհրաժեշտ քանակության լսողության թվային ապարատներ, անհատ ձեռներեց հաշմանդամին տարածք է հատկացվել կոշիկի վերանորոգման արհեստանոց կառուցելու համար, <<Գիտելիք>> համալսարանում, թիվ 1 և 2 միջն. դպրոցներում կառուցվել են թեք հարթակներ, <<Շուշան>> ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպվել է շնորհալի հաշմանդամների մեծարում, այցելություններ, իրականացվել է ակցիա <<Դեպի կրթություն բոլորի համար>> համատեղ ծրագիրը, անց է կացվել դասընթաց <<Հաշմանդամությունը օրենսդիր դաշտում>> թեմայով ու համապատասխան մասնագետի կողմից տրվել է զբաղվածության հետ կապված խնդիրների պարզաբանում:

Ջերմուկի քաղաքապետարանն առանձնակի կարևորում է թեք հրապարակների կառուցումը.

– Դրանց անհրաժեշտությունը մեծ է հատկապես Գետառի անցումային մասում ու ըմպելասրահի տարածքում,- ասում է Ջերմուկի ՍԾՏԳ-ի տնօրեն Գ. Գրիգորյանը,- ամռան ամիսներին, ինչու չէ նաև ձմռանը, հաշմանդամները հաճախ են զբոսնում, ժամանակն անցկացնում այս վայրերում, իսկ որ յուրաքանչյուրի համար անհրաժեշտություն է ըմպելասրահից անձամբ օգտվելու փաստը, կասկած չկա:

Վայքի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում նույնպես հաշմանդամների համար քաղաքաշինական համապատասխան պայմանների ապահովումն է:

–  Անցյալ տարի հարմարավետ, թեք հարթակներ են կառուցվել մեր կենտրոնում,- ասաց Վայքի ՄՍԿ-ի տնօրեն, հանձնաժողովի անդամ Ա.Սաֆարյանը ու տեղեկացրեց, որ բացի այդ մեկ բնակելի շենքում ու հինգ առևտրասրահներում ևս կառուցվել են նման հարթակներ: Առանձնակի հետաքրքիր միջոցառումներ են կազմակերպվում տուրիզմի կենտրոնում, որին գրեթե միշտ հրավիրվում են տարբեր տարիքի ու տարբեր նախասիրության հաշմանդամներ, իսկ նրանց ակտիվությունը ապահովելու, ինչու չէ, նաև հասարակությանը ինտեգրելու գործընթացին խթանելու նպատակով ընթացիկ տարվա ծրագրում նախատեսված է այստեղ կառուցել 18 թեք հարթակ: – Նման կառույցներ նախատեսված է նաև ընդհանուր իրավասության դատարանի շենքում, հասարակական սպասարկման օբյեկտներում ու բոլոր առևտրասրահներում,- ավելացրեց Սաֆարյանը:

Նիստում առանձնակի շեշտադրվեց հաշմանդամ երեխաների խնդիրների հետ կապված հարցերը:

– Մարզի հանրակրթական դպրոցների տարրական դասարաններում սովորող հաշմանդամ երեխաներին ապահովել ենք անվճար դասագրքերով,- տեղեկացրեց հանձնաժողովի անդամ, երեխաների իրավունքների պաշտպանության վարչության պետ Վ.Իսախանյանը, ու մեկ առ մեկ ներկայացրեց հաշմանդամ երեխաների իրավական ու  սոցիալական վիճակը, նրանց կրթություն ստանալու հավասար հնարավորություններն ու դպրոցներում  ևս թեք հարթակների  անհրաժեշտությունը:

Տեղեկացանք նաև, որ նախորդ տարվա ընթացքում մարզպետարանի կրթության վարչության հետ համատեղ երեխաների իրավունքների պաշտպանության վարչությունը կազմակերպել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ներառական կրթություն ու տնային ուսուցում: Մարզում հաշմանդամ երեխաների թիվը  231 է, որից 130-ը դպրոցահասակ են: Ներառական կրթություն է ստանում 22 երեխա, 6-ի նկատմամբ կիրառվում է տնային ուսուցում:

Աչքի անցկացնելով քննաիկման ու հաստատման ներկայացված սոց.պաշտպանության 2009-ի տարեկան ծրագիրը, ուշադրություն գրավեց հատկապես հաշմանդամների զբաղվածության խթանմանն ուղղված միջոցառումները: Մասնավորապես այն կետը, որով նախատեսված է զբաղվածության տարածքային կենտրոնների ու կրթության վարչության հետ համատեղ իրականացնել առնվազը մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող հաշմանդամների մասնագիտական ուսուցում, աշխատանքային ունակությունների վերականգնում:

– Ծրագրի շրջանակում անելիքները շատ են,- ասաց հանձնաժողովի նախագահ, փոխմարզպետ Մ.Հարությունյանը,- քաղաքային 3 համայնքներում էլ քաղաքապետերը պարտավորվել են տրանսպորտի, սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտները և բնակելի շենքերը հարմարեցնել հենասայլակներից օգտվող հաշմանդամների պահանջներին: Աշխատանք է տարվելու զբաղվածության տարածքային կենտրոնների ու ձեռնարկատերերի հետ` արտադրական ձեռնարկություններում համապատասխան աշխատատեղերի ստեղծման համար:

–  Մարզում 2512 հաշմանդամ ունենք,- ավելացրեց հանձնաժողովի քարտուղար, առողջապահության ու սոց.ապահովության վարչության պետ Խ.Գևորգյանը,- նրանց հիմնահարցերը միշտ գտնվում են մեր հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Անցյալ տարվա ընթացքում 17 հաշմանդամի մարզպետի կողմից տրվել է` ընդհանուր հաշվով 455.0 հազար դրամ դրամական օգնություն, 39 մարդ պրոթեզավորվել է, 13-ը` ապահովվել է սայլակներով, լսողական խնդիրներ ունեցողները ստացել են համապատասխան ապարատներ…

Ու հանձնաժողովի քննարկմանը ներկայացվեց Հայրենական պատերազմի, Ազատամարտի, անժառանգ միայնակ  հաշմանդամների այն ցուցակը, որոնք դիմել են մարզպետին  դրամական օգնության համար` վառելափայտ ձեռք բերելու նպատակով: Բացի այդ հանձնաժողովի կողմից շատ կարևորվեց հաշմանդամներին անվճար առողջարանային ուղեգրերով ապահովելը, որի համար որոշում կայացվեց`  հարց բարձրացնել ՀՀ կառավարության առջև`  մարզպետարանին նման հնարավորություն տալու համար:

Կարևոր են հաշմանդամներին մատուցվող բժշկական օգնությանն ու սպասարկմանն ուղղված, ինչու չէ նաև վերականգնողական ծրագրերը: Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության կողմից պարբերաբար կազմակերպվելու են հաշմանդամության ու ժառանգական հիվանդությունների հայտնաբերման և կանխարգելման ուղղությամբ միջոցառումներ, հանրապետական առողջապահական հիմնարկներից հրավիրվելու են բարձրորակ մասնագետներ` տեղում բժշկական աջակցություն ցուցաբերելու համար:

-Կատարվել են աշխատանքներ հաշմանդամների խնդիրների թեթևացման, հասարակության մեջ ինտեգրելու ուղղությամբ,- նիստը եզրափակեց Մ.Հարությունյանը,- բայց մենք պետք է անենք ավելին: Ցանկալի է հսկողություն սահմանել 2009-ի տարեկան ծրագրի և դրանով նախատեսված միջոցառումների ցանկի կատարման ուղղությամբ ու եռամսյակը մեկ անգամ հրավիրել հանձնաժողովի նիստ` կատարված աշխատանքներն ամփոփելու նպատակով:

Հանձնաժողովի անդամներն իհարկե հավանություն տվեցին ու լրացուցիչ առաջարկեցին, որ անհրաժեշտ է նաև աշխատանք տանել մարզի անհատ ձեռներեցների ու բարեգործական կազմակերպությունների շրջանում` հաշմանդամների  խնդիրներով զբաղվելու և նրանց հասարակությանը ինտեգրելու հարցում:

                                 ԽՈՒՍԱՓԵՔ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՀՐԴԵՀՆԵՐԻՑ

Հիշեցնում է Վայոց ձորի մարզային հրդեհային տեսչության

ՀՀՎՀՔ բաժնի պետ

Ա.Եղոյանը

Ներտնային համակարգի օգտագործման և կենցաղում բնական գազից օգտվելիս պետք է պահպանել անվտանգության հետևյալ կանոնները.

ա/ չօգտագործել գազաֆիկացման նախագծով չնախատեսված, ինքնաշեն, ոչ գործարանային արտադրության սարքավորումներ.

բ/ չշահագործել ծխաօդատար ուղիները անսարք վիճակում.

գ/ չօգտվել անսարք գազօգտագործող սարքավորումներից.

դ/ պահպանել բնական գազից օգտվելու անվտանգության կանոնները.

ե/ գազի արտահոսքի հայտնաբերման կամ վթարների դեպքում դադարեցնել գազի սպառումը, չօգտվել բաց կրակից, փակել գազօգտագործող բոլոր սարքավորումների մուտքերի փականները, օդափոխել շինությունը, չմիացնել և չանջատել էլեկտրասարքերը.

զ/ կազմակերպված ծխահեռացմամբ գազօգտագործող սարքավորումներից օգտվելուց առաջ ստուգել ծխատար ուղիների քարշի առկայությունը:

 Ռինդի միջն. դպրոցի կառավարման խորհուրդը տեղեկացնում է…

 ՀՀ Վայոց Ձորի մարզի Ռինդի միջն. դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ հաստատության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար: Մրցույթը տեղի կունենա 2009թ. մարտի 4-ին ժամը 1400-ին:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են մինչև 2009թ.մարտի 3-ը ժամը 1600-ն Ռինդի միջնակարգ դպրոցում:

Կորել է

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի քաղաքային պետական հանրակրթական վարժարանի

2002-2003 ուս.տարվա 10-րդ դասարանի շրջանավարտ

Արմինե Էլիգումի Էնյաթյանի  ԱԱ  170740 համարի

միջն. կրթության ատեստատը:

Համարել անվավեր:

Նորաձևություն

  ՍԱՆՐՎԱԾՔՆԵՐ

Սանրվածքը անճանաչելիության աստիճանի փոխում է տեսքն ու անգամ մարդու շարժուձեւը։ Սակայն կտրվածք ընտրելիս անհրաժեշտ է առաջնորդվել ոչ միայն նորաձեւ միտումներով, այլեւ հաշվի առնել դեմքի ձեւն ու մազերի խտությունը։ Ճիշտ ընտրված կտրվածքը, վարսերի երկարությունը կարող են լիովին փոխել կերպարանքը։

Այսօր նորաձեւ են երկրաչափական ձեւերն ու անհամաչափությունը։ Ցանկացած կտրվածք անելիս պետք է ելնել այս երկու միտումից։ Նորաձեւ է նաեւ կողքից թեք բախտաբաժուկը, ընդ որում, եւ երկար, եւ կարճ վարսերի համար։ Ճակատին թափվող մազափնջի ամենանորաձեւ երկարությունը մինչեւ հոնքերի գիծն է կամ մեկ սանտիմետր բարձր։

Ձվաձեւ դեմք ունեցողներին սազում է ցանկացած կտրվածք։ Նրանք կարող են աներկբայորեն հետեւել նորաձեւ միտումներին։ Ֆրանսիական ուղիղ հերափունջը, թեք մազաբաժուկը եւ գծերի անհամաչափությունը ընդգծի ձեր անհատականությունը։ Այս սեզոնում մի տարվեք ֆիլերովկայով։ Սեզոնի իսկական հիթը խիստ ուրվագիծն է։

Եռանկյունաձեւ դեմք, ցցուն այտոսկրեր, սուր կզակ ունեցողները կարող են թերությունները թաքցնել եւ արժանիքները ընդգծել խիստ ուղիղ գծերով թեք երկարացված հերափնջի միջոցով։ Կարճ կտրվածքներն այս դեպքում իդելական են։ Չարժե ընտրել երկար սանրվածքներ եւ այս սեզոնում նորաձեւ հարթ մազափնջեր։

Քառակուսի դեմքը, լայն ճակատն ու առաջ եկած ծնոտը կարելի է մեղմացնել ալիքաձեւ վարսերով, թեք վարսաբաժուկով եւ անհամաչափ կտրվածքներով։ Պետք է խուսափել ճակատի խիտ եւ երկար մազափնջից։

Ուղղանկյուն դեմքի եւ բարձր ճակատի դեպքում կարելի է դիմել ֆրանսիական անհամաչափ հերափնջի եւ թեք մազաբաժուկի։ Ամենաշատը այս տիպի դեմքին սազում են երկար կտրվածքները, թեթեւ գանգրացումը։

Այս սեզոնում հատկապես նորաձեւ են ալիքվող խոպոպները, որոնք իդեալական են ուղղանկյունաձեւ դեմքի համար։

Կլոր դեմք ունեցողները պետք է բացառեն հարթ սանրվածքները։ Դեմքի գիծը տեսողականորեն երկարացնելու համար կարելի է թեք մազաբաժուկով եւ անհավասար հերափնջով սանրվածք անել։ Անհրաժեշտ է խուափել ուղիղ գծերից եւ հավասար բաժուկից։

Արտասահմանյան հանդեսներում լույս տեսած հարցազրուցներում հայտնի մարդկանց ոճաբանները բացահայտել են նորաձեւ սանրվածքների տասը թրենդ։ Գեղեցիկ եւ ժամանակակից տեսք ունենալու համար անհրաժեշտ է.

Մազերի հարուստ գույն ունենալ։ Սեզոնի հիթը սառը եւ տաք երանգների խառնումն է։ Օրինակ՝ մազերի ծայրերը ներկվում են ավելի արտահայտիչ սառը գույնով, իսկ վերեւը՝ ավելի տաք բնական։ Ընդ որում, բացառեք մազերի շերտաներկումը. այն արդեն նորաձեւ չէ։ Նորաձեւ է միագունությունը։ Այդուհանդերձ, շատ նորաձեւ է մի քանի մազափունջը միանգամայն այլ գույնի ներկելը, բայց այդ գույնն էլ պիտի անպայման բնական լինի։ Նորաձեւ գունափնջի մեջ առաջին տեղում հրե շիկակարմիրն է, բայց շիկակարմիրը, սեւը, շագանակագույնը, նաեւ մոխրագույնը, մուգ փնջերի հետ բաց խարտյաշը։

Շեկ խոպոպները։ Գեղեցիկ եւ ժամանակակից են տաք գույները՝ շագանակագույնը, շոկոլադագույնը։ Գերնորաձեւ է շիկակարմիրը՝ բուրգունդյան երանգից մինչեւ գազարանարնջագույնը։ Էլ ավելի լավ է, եթե մազերը ալիքվում են։

Ձիու պոչը նորաձեւ է ցանկացած տեսքով՝ եւ կողքից կապված, եւ դուրս թափված խոպոպներով, եւ դասական ձեւով՝ բարձր կապած։ Պոչ կապեք չեզոք գույնի կամ մազերի երանգի ռետինաքուղով։

Հայտարարություն

ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակազմը հայտարարում է մրցույթ «Արենի» առողջության առաջնային պահպանման կենտրոն ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար:

Մրցույթը կանցկացվի բաց եղանակով:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է.

– բարձրագույն կրթություն առողջապահություն մասնագիտությամբ.

Գործադիր տնօրենի ընտրության պայմաններն են.

– գրական հայերենի ազատ տիրապետումը.

– կառավարման ոլորտի 3 տարվա, կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

– իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն /այդ թվում` ՀՀ սահմանադրության, առողջապահության ոլորտին վերաբերվող ՀՀ  օրենսդրության և այլ իրավական ակտեր.

– ընկերության զարգացման և բարեփոխման ծրագիր մշակելու կարողություն

– տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն

– ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն

– համակարգչով և ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն

– աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն

– ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն

– առնվազն 1 օտար լեզվի իմացություն

Դիմող ՀՀ քաղաքացիները ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակազմում պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը

– դիմում մրցույթային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/

– 1 լուսանկար 3×4 չափի.

– քաղվածք աշխատանքային գրքույկից

– ինքնակենսագրություն

– տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի /դիպլոմ/ների/, վկայականների/, աշխատանքային գրքույկի պատճենները` բնօրինակների հետ միասին

– զին. գրքույկի պատճենը

– կադրերի հաշվառման անձնական թերթիկ.

– տեղեկանք մշտական բնակության վայրից.

– հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ/ դրանց առկայության դեպքում /

– բնութագիր վերջին աշխատանքի վայրից.

– անձնագրի պատճենը

Մրցույթը տեղի կունենա ս/թ մարտի 30-ին ժ.1100-ին Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակազմում, հասցեն` ք. Եղեգնաձոր, Շահումյան 5:

Դիմումներն ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից ժ 1000-ից մինչև 1300-ը:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է  մարտի 5 -ը:

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել  ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակազմ, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5, հեռ. 2-55-95, 2-40-69:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s