ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ` ՆՎԻՐՎԱԾ ՆՈՐԱՎԱՆՔԻ ՏՈՆԻՆ


Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին Քրիստոսի Հարությանը հաջորդող երրորդ կիրակին անվանում է Աշխարհամատրան՝ ի հիշատակ Երուսաղեմի առաջին եկեղեցու հիմնադրման: Այն անվանում են նաև Կանաչ կիրակի: Այս տարի Կանաչ կիրակին տոնվեց ապրիլի 14-ին: Այդ օրը նաև Նորավանքի ուխտի օրն է:

Ի նշանավորումն այդ օրվա Նորավանքում թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը մատուցեց Սբ. Պատարագ` նախագահությամբ Վայոց Ձորի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի: Սբ.Պատարագի ընթացքում ոգեշունչ քարոզ խոսեց Հայր Զարեհը: Սբ.Պատարագին ներկա էին մարզպետարանի պաշտոնեությունը մարզպետ Էդգար Ղազարյանի գլխավորությամբ և բազմաթիվ ուխտավորներ:

Արդեն ավանդույթ է դարձել տոնին նվիրված տոնակատարության կազմակերպումը: Այս տարի ևս  Սբ.Պատարագի ավարտին Վայոց Ձորի թեմը, առաջնորդությամբ Սրբազան Հոր, կազմակերպել էր մեծ տոնախմբություն:

Եկեղեցու բակում տեղի ունեցավ միջոցառում (կազմակերպիչներ` թեմի Եղեգնաձորի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Ռուզան Կարապետյան և թեմի Երիտասարդաց միության պատասխանատու Ազատուհի Ստեփանյան), որն սկսվեց թեմակալ Առաջնորդ Տ. Աբրահամ եպս. Մկրտչյանի օրհնության խոսքով, ապա ելույթ ունեցավ մարզպետ Էդգար Ղազարյանը: Ժողովրդական տոնախմբությանն իրենց անզուգական ելույթներով հանդես եկան <<Սայաթ-Նովա>> մշակութային միության Երևանի Ջիվանու անվան աշուղական դպրոցի Վայոց Ձորի մասնաճյուղի սաները` ղեկավարությամբ միջազգային մրցույթների դափնեկիր, մեդալակիր Սամվել Գրիգորյանի և Գետափի  <<Զմրուխտ>> ժողովրդական ազգագրական պարային համույթը` ղեկավարությամբ Կնյազ Հարությունյանի: Նրանց հետաքրքիր ու յուրովի ելույթներն արժանացան ներկաների ծափողջույններին: Continue reading

Advertisements