Ապրիլի 18-ին Եղեգնաձոր քաղաքում Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության Վայոց ձորի մարզային ծառայության կողմից կազմակերպվեց երթ՝ նվիրված Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվան: Երթին մասնակցում էին մարզպետարանից ներկայացուցիչներ, զինվորներ, Եղեգնաձորի դպրոցների ուսուցիչներ, բազմաթիվ աշակերտներ և ուսանողներ: Մասնակից խմբերն ունեին օրվա խորհուրդն արտահայտող ցուցապաստառներ:
Երթի մասնակիցները եկան Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցի, ուր օրհնության խոսքով ներկաներին դիմեց Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, որն անդրադառնալով օրվա խորհրդին` կարևորեց հուշարձանների պահպանումը, խնամքը՝ որակելով այն իբրև հայրենասիրության և եկեղեցասիրական դրսևորում ու սրբազան պարտականություն՝ եզրափակելով իր խոսքն ասաց. <<Պատահական չէ, որ այս ազգանվեր միջոցառումն սկսվում է եկեղեցուց, քանզի մեր Սուրբ Եկեղեցին դարեր ի վեր մեր մշակույթի, մեր արվեստի, մեր գրականության պատվարն է և պահապան ամրոցը…>>:
Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ով իր խոսքում ասաց. <<Ուրախ եմ, որ մենք ժառանգել ենք պատմական հուշարձաններով հարուստ մարզ, քանզի պատմամշակութային հուշարձանները մեր մարզի պատմական կենսագրությունը վավերացնող լավագույն փաստական վկաներն են: Հպարտ եմ, որ հավաքված թե’ ուսուցիչներ, թե’ դպրոցականներ, թե’ պաշտոնյաներ, և թե’ զինվորներ մեծ ոգևորությամբ մասնակցում են այս միջոցառմանը, սակայն հուշարձանների հանդեպ խնամքը պիտի լինի ամենօրյա մեր պարտականությունը…>>:
ՊՄՊ մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը, շնորհակալություն հայտնելով մասնակիցներին, ասաց, որ Եղեգնաձորի ավագ դպրոցի աշակերտներն այսօր մաքրելու են Եղեգնաձորի Տանկի բլուրի շրջակայքը, իսկ զինվորներն ու Եղեգնաձորի թիվ 2 դպրոցի աշակերտները` Քյոշքի բլուրի ու Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տարածքը: Վաղն էլ Եղեգնաձորի թիվ 1 դպրոցի աշակերտներն են մաքրության աշխատանքներ կատարելու: Վերջում Եղեգնաձորի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը <<Պահպանիչ>> աղոթքով օրհնեց բոլորին: Հուշարձանների պահպանության հետ կապված միջոցառումը շարունակվեց Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում՝ <<Վայոց ձորի հնավայրերը>> ցուցահանդեսի մեկնարկով:
Սիրան Սարգսյան
Վայոց Ձորի թեմի
լրատվության բաժին