Ապրիլի 15-ից 22-ը հայտարարված էր Ազգային գրադարանային շաբաթ, որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ մարզային գրադարանի ընթերցասրահում: Բավականին հետաքրքիր անցկացվեց <<Ազգային գրադարանի պատմությունը>> ցուցահանդեսն ու տեսաֆիլմի դիտումը:
Շաբաթվա ծրագիրը նույնպես հագեցած էր հետաքրքիր ու ուսանելի միջոցառումներով. <<Թվային գրադարաններ>> տեսաֆիլմի դիտում և զրույց ժամանակակից` թվայնացված գրադարանի մասին, <<Օրինաչափ հրաշքներ>> ցուցահանդես, <<Բնության բոլոր գույները>> թեմայով գրական-գեղարվեստական ցերեկույթ, բնության հրաշքների վերաբերյալ տեսաֆիլմի ցուցադրություն: Մեծ արձագանք ունեցավ հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվանը նվիրված <<Կրթության ժառանգությունը>> խորագրով միջոցառումների շարքը` <<Վայոց ձորի հոլովույթում>> ցուցադրություն, հայկական բացառիկ հուշարձանների ժառանգության վերաբերյալ տեսաֆիլմի դիտում, էքսկուրսիա <<Գլաձոր համալսարան>> մշակույթային արգելոց-թանգարան, որտեղ անցկացվեց ասուլիս` նվիրված հայկական մշակույթային ժառանգության պահպանությանը:
Նշված միջոցառումների շարքը լրացնում էին Լյուդվիգ Դուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված <<Հոգու մշտական երիտասարդ>> ցուցահանդեսն ու գրական-երաժշտական ցերեկույթը, որի ընթացքում մեծ գրողի ստեղծագործությունները լավագույնս ներկայացրին Արփիի դպրոցականները:
Ազգային գրադարանի շաբաթվա վերջին օրերին կազմակերպվեցին այցելություններ համայնքային գրադարաններ (Քարագլուխ, Աղնջաձոր, Սալլի), որից հետո միայն տրվեց միջոցառման ամփոփումը: