Ապրիլի 23-ին Եղեգնաձորի մշակույթի տանը Երևանի <<Իրական>> հոգեբանական թատրոնի կողմից ներկայացվեց <<Կոմիտասն այդ օրերում>> փաստավավերագրական ներկայացումը, որից հետո ամֆիթատրոնում հավաքված վայոցձորցիների բազմությանը ոգևորիչ խոսքով դիմեց թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը:
Այնուհետև Հայր Սուրբը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանայի, Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանի և դպիրների ուղեկցությամբ, թափորը շարժվեց դեպի Եղեգնաձորի Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան:
Սբ. Աստվածածին եկեղեցու մոտ հասնելով՝ զանգերի ղողանջների ներքո վառվեցին ջահերը, որոնք խորհրդանշում են մեր անմեղ նահատակների անմար հոգիները: Եվ վառվող ջահերով, պաստառներով ու ՀՀ դրոշներով շարունակվեց երթը: Հուշարձանի մոտ տեղի ունեցավ միասնական աղոթք, Հոգեհանգստյան արարողություն, երգվեցին շարականներ և ՀՀ հիմնը, ապա երթի մասնակիցները վերադարձան եկեղեցի, ուր տեղի ունեցավ Հսկման արարողություն: Վերջում իր խոսքն ուղղեց ներկաններին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը:
Հաջորդ օրը՝ ապրիլի 24-ին, առավոտ վաղ Եղեգնաձորի քաղաքային ամֆիթատրոն էին հավաքվել մարզային ու տեղեկան իշխանության ներկայացուցիչներ, ուսանողներ, դպրոցականներ ու հարակից համայնքների քաղաքացիներ:
Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված երթի մասնակիցները մարզպետ Է. Ղազարյանի գլխավորությամբ շարժվեցին դեպի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշաբլուր` իրենց հարգանքի տուրքը մատուցելու նահատակված 1.5 մլն անմեղ հայերի հիշատակին: Ծաղիկներ դնելով Մեծ եղեռնի զոհերի խաչքարին` յուրաքանչյուրն իր պարտքը համարեց նահատակների հոգու հանգստության համար նաև մոմեր վառել Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Այստեղ տեղի ունեցավ նաև Սբ. Պատարագ: Պատարագիչն էր Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, ով ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ապրիլքսանչորսյան համատեղ հայտարարությունը, ապա Հայր Սուրբը հավուր պատշաճի քարոզ խոսեց: Սբ. Պատարագի վերջում տեղի ունեցավ Հոգեհանգստյան հանդիսավոր արարողություն՝ նվիրված 1915թ.-ի անմեղ զոհերի հիշատակին: Սբ. Պատարագին ներկա էր Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնեությունը՝ գլխավորությամբ մարզպետ Էդգար Ղազարյանի:
Սիրան Սարգսյան
Վայոց Ձորի թեմի
լրատվության բաժին