Էլի գարուն էր, ծաղկափթիթ գարուն, բայց գարնանային օրվա մեջ հույզ, սրտի թրթիռ էր դողում. քանի՜, քանիսն էին հրաժեշտ տալիս իրենց բնօրրանին, հարազատներին. զորակոչ էր, հայրենիքն էր կանչում, և աչքերում շատ մայրերի սոսկումի արցունքն էր լճանում.
–Կգա՞, արդյոք որդիս…
Նրանցից մեկն էլ դու էիր, սիրելի Նարեկ, դու էլ զինվորագրվեցիր, պարտքդ պիտի տայիր հայրենիքիդ: Գնացիր… դարձար զինվոր, արկերի պայթյունից նոր ուշքի եկած Արցախ աշխարհի:
Ամիսներ անցան, և հասկացար շատ-շատերի պես, որ զինվոր դառնալը, որքան էլ դժվար, նույնքան էլ պարտավորեցնող է ու պատվաբեր: Դիմանալ էր պետք և դիմանում էիր, բայց չհասցրեցիր պարտքդ կատարել, ինչո՞ւ, ինչի՞ համար, ինչպե՞ս … չէ՞ որ դու ընդամենը 18 տարեկան էիր:
Եվ հիմա, երբ հավաքվել ենք այստեղ քո հիշատակին կառուցված հուշաղբյուրի բացմանը, քո ջերմ, անկեղծ ժպիտն է արթնացել բոլորիս աչքերում: Քեզ ճանաչողների հոգում դու մնացել ես ընկերասեր, բարի ու մարդասեր Նարեկ: Մեր դպրոցի շրջանավարտները, ուսուցիչները քեզ չեն մոռանա երբեք, դու երկնքում ես, և երբ գիշերն իջնի, դու որպես լուսեղեն ասուպ պիտի սավառնես այստեղ ու շշնջաս.
<<Ես այստեղ եմ, ձեր կողքին, մեր փողոցում,
Ինձ բացակա մի դրեք…>>:
Անահիտ Սիմոնյան