Մայիսի 8-ից 14-ը Վրաստանի Բաթումի քաղաքում տեղի ունեցավ «Ոսկե դելֆին» խորագիրը կրող Կառավարական փառատոնը: Այս իրադարձությանը մասնակցելու էր մեկնել նաև Երևանի Ջիվանու անվան աշուղական դպրոցի Վայոց ձորի մասնաճյուղը: Հայտավորված էր 17 սան:
Բացումը Իլյա Ճավճավաձեի անվան օպերային թատրոնում էր: Փակման հանդիսավոր արարողությունը կայացավ Շոթա Ռոսթավելու անվան պետական համալսարանի դահլիճում:
Մանրամասների շուրջ զրուցեցինք դպրոցի տնօրեն Սամվել Գրիգորյանի հետ, որը և ներկայացնում ենք Ձեզ.
– Կարելի է, արդյո՞ք, փառատոնը համարել ինչ–որ միջոցառման` մասնավորապես մինչ այդ տեղի ունեցած «Միջկառավարական» փառատոնի շարունակություն կամ պատասխան:
– Այո′, շարունակություն էր, քանզի մասնակցելու իրավունք էին ձեռք բերել «Միջկառավարական» փառատոնում առաջին տեղ գրաված անսամբլները, բացի այդ, պատասխան էր` արդեն իսկ 6 անգամ միջազգային մրցույթներում առաջին տեղ զբաղեցրածների համար:
– Ինչպիսի՞ն էր բացումը. մի փոքր ներկայացրեք ընթացքը:
– Նշեմ, որ բացումը ուներ նախաբան. մայիսի 9-ին Բաթումիի հրապարակում կատարվեց մեծ շքերթ: Մասնակցում էին մոտ 28 պետությունների ներկայացուցիչներ: Մենք, ինչպես միշտ, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի հարևանությամբ էինք գտնվում: Ամեն ինչ անցավ շատ հանգիստ, խաղաղ ու հետաքրքիր: Մեր կարգախոսն էր` «Ես հայ եմ: Մենք սիրում ենք մեր երկիրը»:
– Բացի Ձեր խմբից, էլ ովքե՞ր էին ներկայացնում Հայաստանը:
– Մասնակցում էր նաև Հ2-ի «Տանը մենակ» ծրագրի հաղորդավար Մաշա Ենոքյանը, ինչպես նաև, Հրազդանի` մեծերի և փոքրերի պարի համույթը: Continue reading