ԲԱՐԵՊԱՇՏ ԵՎ ՄԵԾԱՓԱՌ ԻՇԽԱՆԸ



ՆՅՈՒԹԸ  ՄԵԶ  Է  ՏՐԱՄԱԴՐԵԼ   ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ  ՊՄՊ   ՄԱՐԶԱՅԻՆ    ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ  

13-րդ դարի  սկզբում թուրք-սելջուկյան բռնատիրությունից ազատագրվում է Սյունյաց աշխարհը և այն, իբրև ժառանգական սեփականություն, տրվում է ազատագրական մարտերում հերոսացած, Զաքարյանների հովանավորությունը վայելող Լիպարիտ Օրբելյանին:  Շուտով Նորավանքը դառնում է Օրբելյանների հոգևոր-մշակութային կենտրոնն ու տոհմական դամբարանատեղին, իսկ Ստեփանոս մետրոպոլիտը այն հռչակում է  Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստ կենտրոն: Օրբելյանների իշխանության օրոք խաղաղություն է տիրում և երկիրը աստիճանաբար բարգավաճում է. վերականգնվում են հափշտակված տարածքները, ավելանում` նորերը: Նրանց վարած ճկուն քաղաքականության ու հզոր ռազմավարության շնորհիվ է, որ Սյունյաց աշխարհը պահպանում է իր ինքնուրույնությունը, իսկ Նորավանքի վանական համալիրը,  չդառնալով օտար նվաճողների ավերածությունների թիրախ, կանգուն է մինչ օրերս և հիացմունք է պատճառում բազմաթիվ այցելուների:

  Պատմության էջերիցՏարսայիճ Օրբելյանի օրոք Սյունիքի իշխանապետությունը հասավ իր զարգացման գագաթնակետին: Տարսայիճը Լիպարիտ Օրբելյանի հինգ որդիներից ամենակրտսերն էր և իշխանությունը ժառանգել էր եղբորից` «արքայաշուք» իշխան Սմբատից (1273թ. Սմբատի մահից հետո): «Նա զորեղ և մարտնչող մարդ էր, բոլոր գործերում հաջողակ, նաև բարեպաշտ ու խիստ աստվածասեր»,-այսպես է նկարագրում նրան Ստեփանոս Օրբելյանը:

 Տարսայիճը հայտնի էր իր բազում բարեգործություններով և եկեղեցաշինությամբ: Նրա կառուցողական գործերի մասին հիշատակվում են Վայոց ձորի, Գորիսի և Սիսիանի վիմական մի շարք արձանագրություններում, որոնց թիվը հասնում է 36-ի:

 Տարսայիճը եղբոր` Սմբատի հիշատակին կառուցում է եկեղեցի-դամբարանատուն և այստեղ է տեղափոխում նրա աճյունը (1275թ. Ս.Գրիգոր եկեղեցին):

 Տաթևի եկեղեցուն մեծ նվիրատվություն է անում. «զարդարում է սպասքներով ու գեղեցիկ հանդերձներով», եկեղեցուն է վերադարձնում վաղուց հափշտակված վեց գյուղերը:

 Ցախաց Քարի վանքին նվիրում է մեկ գյուղ և մեկ այգի:

 Այգիներ է նվիրում Հերմոնի վանքի Սուրբ Գրիգոր եկեղեցուն:

 «Բարեպաշտ և մեծափառ իշխան» Տարսայիճի հրամանով Տեր-Սարգիսը Արփա գյուղում գետի վրա կառուցում է մի ընդարձակ և լայն կամուրջ, որ հիացմունք է պատճառում տեսնողներին:

 Հայաստանի 150 եկեղեցիների ազատում է հարկերից:

Տարսայիճ իշխանը շրջահայաց քաղաքական գործիչ էր, բարիդրացիական հարաբերություններ է ունեցել հարևան երկրների հետ. «…նա հարգված ու սիրված էր աշխարհակալների և բոլոր մեծամեծերի կողմից»: Շուտով նա ստանում է Հայոց աշխարհի ու Վրաստանի աթաբեկությունը:

 Տարսայիճը նաև «զորեղ, սրտով և պատերազմող մարդ էր», գրում է պատմիչը, և պատերազմներից վերադառնում էր հաղթանակած: Ինն անգամ անձամբ է ճակատամարտ վարել և աչքի ընկել «մեծամեծ քաջագործություններով և անպատմելի զորեղությամբ»:

 Տարսայիճ Օրբելյանը մահացել է 1290թ. և թաղվել եղբոր` Սմբատ իշխանի մոտ` իր կառուցած Ս. Գրիգոր փոքրիկ դամբարանատանը: Երկար ժամանակ պահպանվել է նրա տապանաքարի արձանագրությունը, որտեղ նա համարվում է «արքայաշուք կողմնակալ, հզոր և մեծ գործակալ, քաջապահ մենամարտին, աթաբեկ»: Այժմ պահպանվել են, ցավոք, տապանաքարի բեկորները:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s