Ստեղծագործում են մեր ընթերցողները
2010թ. Ջերմուկի քաղաքային գրադարանն ստացավ Աշոտ Սիմոնյանի «Արփա-Արենին Վայոց ձորի պատմության հոլովույթում» (Երևան 2000թ.), մեկ տարի անց՝ նույն հեղինակի «Վայոց ձոր, 20-րդ դարի քառուղիներում (1914-1921 թ.թ.)» գրքերը: Վայոց ձորում արմատներ ունեցող մարդու համար, անկախ նրա ներկա բնակության վայրից, դրանք ընթերցելը հետաքրքիր է, ներքին ցանկալի պարտադրանքով գրավում ու կլանում է նրան: Անհնար է այդ գրքերը հենց այնպես թերթել ու մի կողմ դնելը: Անհնար, որովհետև ընթերցում ենք հեղինակի՝ երկար տարիների ընթացքում մարզի մասին հավաքած արխիվային նյութերը, ժամանակակիցների անտիպ գրքերից ու հուշագրություններից մեջբերված վկայություններն ու նկարագրությունները, տպագիր գրականությունից կատարված հղումներն ու փաստական նյութերը, հայրենական ու արտերկրի հայատառ մամուլում տարբեր տարիներին լույս տեսած հոդվածները, թղթակցությունները, այդ ամենի վերաբերյալ անհրաժեշտ ծանոթագրություններն ու պարզաբանումները: Առանձին դեպքերում հարկ է լինում վերընթերցել այս կամ այն նյութը, հղումը, նկարագրությունը, համադրել տարբեր անձանց հուշերը, դեպքերն ու իրադարձությունները: Մի քանի տասնյակ ավերված, գոյությունը դադարեցրած կամ վերապրած, հաճախ անվանափոխված, վերածնված գյուղերի, դրանցում հիմնական դերակատարում ունեցած գերդաստանների ու անհատների անունները մտապահելը որևէ հերթի ժառանգ չհանդիսացող ընթերցողի համար դժվար է: Բայց անունների մտապահել-չմտապահելը էական չէ, քանի որ նկարագրվող ժամանակաշրջանում Հայաստանի գրեթե բոլոր գյուղական բնակավայրերը և դրանցում գոյատևել փորձող, մաքառող ու պայքարող բնակիչները մեր պապերն ու տատերն էին, որ անկախ բնակության վայրից ու պայմաններից, ապրել են պատմական տվյալ ժամանակաշրջանի արհավիրքներն ու փորձանքները:
Վիպական սյուժեն ընթերցողը վերապահությամբ է ընդունում, անհավատալի դրվագները բացատրում է որպես հեղինակի երևակայությամբ հորինվածք: Հուշերն ու նկարագրությունները ցնցող են, առանձին դեպքերում ընդմիջում ես և ինքդ քեզ հարցնում. մի՞թե դա հնարավոր է: Ինչպիսի՞ն կլիներ Վայոց ձորն այսօր, եթե այն լիներ զուտ հայաբնակ, մեկ գյուղը գոյատևաման պայքար չմղեր երեք թուրքաբնակ գյուղերից հորդացող ավարառու հրոսակների դեմ, չլինեին անհամար զոհերն ու գերեվարումները: Հայ-թուրքական ազգամիջյան անվերջանալի բախումներից հետո եղբայրասպան «դասակարգային պայքար»-ը որքան անհեթեթ ու անմիտ է իր դրսևորումներում, նույնքան էլ ողբերգագան ու կործանարար: Բռնի ու պարտադիր կոլեկտիվացման անհասկանալի լոզունգային նորամուծությունը թշվառության անդունդը նետեց գենետիկորեն մենատնտես հայ գյուղացուն: Ընդվզումները ճնշվեցին դաժանորեն. գնդակահարվեցին, աքսորվեցին, ֆիզիկական ու հոգեբանական բռնությունների ենթարկվեցին հարյուր հազարավոր մարդիկ, ընդորում՝ առավելապես գիտակից, արարող ու աշխատասեր: Ավաղ, որևէ կերպ հնարավոր չէ վերականգնել, փոխհատուցել հսկայական մարդկային ու նյութական կորուստները: Բայց գոնե պետք է հիշել բոլոր նահատակներին:
Այդ գրքերում անթեղված են մեր ծնողների սարսափներով լի մանկությունը և մեր պապերի ու տատերի ծաղկուն տարիքի կենաց ու մահու մաքառումները: Հայաստան և Լեռնահայաստան ճանապարհի վրա գտնվող Վայոց ձորի գավառի՝ թուրքերենով վերանվանված Դարալագյազի գավառը տրորվել ու քրքրվել է դաշնակ – բոլշևիկ եղբայրասպան զորքերի, նրանց առաջնորդող գործիչների ձիերի սմբակների տակ. Անդրանիկ, Նժդեհ, Դրո, Յապոն… Նրանցից յուրաքանչյուրը հայրենասեր էր իր ընկալումներով ու իր համոզմունքներով: Այդ դրամատիկական անցքերի վերաբերյալ ձեռք բերված նյութերը զետեղվել են առանց հեղինակի միջամտության ու մեկնաբանությունների: Որքան ջերմ հայրենապաշտություն, հիասթափություն, դառնություն, բայց նաև փայփայված հույսեր կան Ալեքսանդր Մյասնիկյանին հղված վայոցձորցի մտավորական Խորեն Տեր-Ավագյանի նամակում, գրված Թավրիզից 1921թ. հոկտեմբերի 15-ին: Այս նամակը գրված է հոգու թելադրանքով, սրտից ծորացող արյամբ: Օրեր անց կրկին կարդալու ցանկություն է առաջանում: Continue reading →