Ամառ է, շուտով կսկսվեն խոտհնձի ու նաև բերքահավաքի աշխատանքները, մարզի ազգաբնակչության մեծ մասը գտնվում է սարերում, դաշտերում, իսկ մի մասն էլ հանգստանում է բնության գրկում: Ամռան ամիսներին հրդեհները հաճախ ծագում են այն մարդկանց մեղքով, ովքեր հանգստի վայրերում թողնում են չմարված խարույկներ կամ ծխախոտի մնացորդներ, կրակի հետ երեխաների խաղալու հետևանքով և կրակի հետ անզգույշ վարվելով, չմտածելով որ շրջակայքի խոտը հրդեհավտանգ վիճակում է և մի կայծն իսկ կարող է մեծ հրդեհների պատճառ դառնալ:
Խորհուրդ ենք տալիս հանգստի կամ տուրիստական արշավի մեկնելուց ձեզ հետ վերցրեք կացին, ծալովի բահ և դույլ: Եթե կզգաք ծխի հոտ, մոտեցեք և պարզեք ի՞նչ է այրվում, քամին ո՞ր կողմ է փչում, ինչպիսի՞ն է հրդեհի տարածման վտանգը, կրակի շարժման գոտում արդյոք երեխաներ կա՞ն: Գնահատեք իրավիճակը` արդյոք արժե՞ հրդեհը մարել սեփական ուժերով, թե՞ ավելի լավ է օգնություն կանչել, բայց այդ ընթացքում արեք հնարավորը, որ կրակը չուժգնանա: Կրակի վրա ջուր լցրեք, հող ցանեք, մարման համար օգտագործեք 1,5-2մ երկարության ծառի ճյուղերի կապուկ, թաց հագուստ: Կրակի եզրաշերտին հրդեհի օջախի կողմը սահող հարվածներ հասցրեք, ասես ավլելով, սրբելով կրակը, ճյուղերը, կտորը յուրաքանչյուր հարվածից հետո շրջեք, որպեսզի դրանք այլ ձևով սառչեն և չայրվեն: Ոչ մեծ կրակը տրորեք ոտքերով, մի թողեք այն տարածվի դեպի ծառի բներն ու սաղարթները:
Մարելով փոքր հրդեհը` մի հեռացեք այնքան ժամանակ, քանի դեռ չեք համոզվել, որ կրակը նորից չի բորբոքվի: Հրդեհի տեղի ու ժամանակի, ինչպես նաև դրա հնարավոր պատճառների մասին հայտնեք հրշեջ փրկարարական ջոկատ:
Վայոց ձորի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը հիշեցնում է, որ հրդեհային անվտանգության կանոնների պահպանումն ու պատշաճ զգոնությունը թույլ կտան խուսափել հրդեհներից:
Հրդեհի դեպքում զանգահարեք 1-01 հեռախոսահամարով:
Ա. Եղոյան
Վայոց ձորի մարզային հրդեհային
և տեխնիկական անվտանգության
տեսչության պետ