ՄՆԱՅՈՒՆ ԵՎ ԱՆԺԱՄԱՆՑԵԼԻ ԳՈՐԾ


Ստեղծագործում են մեր ընթերցողները

 

2010թ. Ջերմուկի քաղաքային գրադարանն ստացավ Աշոտ Սիմոնյանի «Արփա-Արենին Վայոց ձորի պատմության հոլովույթում» (Երևան 2000թ.), մեկ տարի անց՝ նույն հեղինակի «Վայոց ձոր, 20-րդ դարի քառուղիներում (1914-1921 թ.թ.)» գրքերը: Վայոց ձորում արմատներ ունեցող մարդու համար, անկախ նրա ներկա բնակության վայրից, դրանք ընթերցելը հետաքրքիր է, ներքին ցանկալի պարտադրանքով գրավում ու կլանում է նրան: Անհնար է այդ գրքերը հենց այնպես թերթել ու մի կողմ դնելը: Անհնար, որովհետև ընթերցում ենք հեղինակի՝ երկար տարիների ընթացքում մարզի մասին հավաքած արխիվային նյութերը, ժամանակակիցների անտիպ գրքերից ու հուշագրություններից մեջբերված վկայություններն ու նկարագրությունները, տպագիր գրականությունից կատարված հղումներն ու փաստական նյութերը, հայրենական ու արտերկրի հայատառ մամուլում տարբեր տարիներին լույս տեսած հոդվածները, թղթակցությունները, այդ ամենի վերաբերյալ անհրաժեշտ ծանոթագրություններն ու պարզաբանումները: Առանձին դեպքերում հարկ է լինում վերընթերցել այս կամ այն նյութը, հղումը, նկարագրությունը, համադրել տարբեր անձանց հուշերը, դեպքերն ու իրադարձությունները: Մի քանի տասնյակ ավերված, գոյությունը դադարեցրած կամ վերապրած, հաճախ անվանափոխված, վերածնված գյուղերի, դրանցում հիմնական դերակատարում ունեցած գերդաստանների ու անհատների անունները մտապահելը որևէ հերթի ժառանգ չհանդիսացող ընթերցողի համար դժվար է: Բայց անունների մտապահել-չմտապահելը էական չէ, քանի որ նկարագրվող ժամանակաշրջանում Հայաստանի գրեթե բոլոր գյուղական բնակավայրերը և դրանցում գոյատևել փորձող, մաքառող ու պայքարող բնակիչները մեր պապերն ու տատերն էին, որ անկախ բնակության վայրից ու պայմաններից, ապրել են պատմական տվյալ ժամանակաշրջանի արհավիրքներն ու փորձանքները:

Վիպական սյուժեն ընթերցողը վերապահությամբ է ընդունում, անհավատալի դրվագները բացատրում է որպես հեղինակի երևակայությամբ հորինվածք: Հուշերն ու նկարագրությունները ցնցող են, առանձին դեպքերում ընդմիջում ես և ինքդ քեզ հարցնում. մի՞թե դա հնարավոր է: Ինչպիսի՞ն կլիներ Վայոց ձորն այսօր, եթե այն լիներ զուտ հայաբնակ, մեկ գյուղը գոյատևաման պայքար չմղեր երեք թուրքաբնակ գյուղերից հորդացող ավարառու հրոսակների դեմ, չլինեին անհամար զոհերն ու գերեվարումները: Հայ-թուրքական ազգամիջյան անվերջանալի բախումներից հետո եղբայրասպան «դասակարգային պայքար»-ը որքան անհեթեթ ու անմիտ է իր դրսևորումներում, նույնքան էլ ողբերգագան ու կործանարար: Բռնի ու պարտադիր կոլեկտիվացման անհասկանալի լոզունգային նորամուծությունը թշվառության անդունդը նետեց գենետիկորեն մենատնտես հայ գյուղացուն: Ընդվզումները ճնշվեցին դաժանորեն. գնդակահարվեցին, աքսորվեցին, ֆիզիկական ու հոգեբանական բռնությունների ենթարկվեցին հարյուր հազարավոր մարդիկ, ընդորում՝ առավելապես գիտակից, արարող ու աշխատասեր: Ավաղ, որևէ կերպ հնարավոր չէ վերականգնել, փոխհատուցել հսկայական մարդկային ու նյութական կորուստները: Բայց գոնե պետք է հիշել բոլոր նահատակներին:

Այդ գրքերում անթեղված են մեր ծնողների սարսափներով լի մանկությունը և մեր պապերի ու տատերի ծաղկուն տարիքի կենաց ու մահու մաքառումները: Հայաստան և Լեռնահայաստան ճանապարհի վրա գտնվող Վայոց ձորի գավառի՝ թուրքերենով վերանվանված Դարալագյազի գավառը տրորվել ու քրքրվել է դաշնակ – բոլշևիկ եղբայրասպան զորքերի, նրանց առաջնորդող գործիչների ձիերի սմբակների տակ. Անդրանիկ, Նժդեհ, Դրո, Յապոն… Նրանցից յուրաքանչյուրը հայրենասեր էր իր ընկալումներով ու իր համոզմունքներով: Այդ դրամատիկական անցքերի վերաբերյալ ձեռք բերված նյութերը զետեղվել են առանց հեղինակի միջամտության ու մեկնաբանությունների: Որքան ջերմ հայրենապաշտություն, հիասթափություն, դառնություն, բայց նաև փայփայված հույսեր կան Ալեքսանդր Մյասնիկյանին հղված վայոցձորցի մտավորական Խորեն Տեր-Ավագյանի նամակում, գրված Թավրիզից 1921թ. հոկտեմբերի 15-ին: Այս նամակը գրված է հոգու թելադրանքով, սրտից ծորացող արյամբ: Օրեր անց կրկին կարդալու ցանկություն է առաջանում:

Պայքարի ու մաքառումի բազմաթիվ դրվագներում կան նաև կանայք: Խանլուխլյար հայաբնակ գյուղի լիազոր Խաչատուր Սարգսյանի վեհանձն ու արիասիրտ կինը՝ Պերճանուշը, ղարաչուխա թուրք հրոսակների կողմից մի ամբողջ ամիս Էրդափին գյուղի պաշարումը ցրող զինված գրոհի հրամանատար Անթառամ Ղարիբյանը, Այնազուրից՝  Զաքարյան գերդաստանի մեծապատիվ հարսը՝ տիկին Երանյակը: Նրանցից յուրաքանչյուրը միայն դեպքերի ու իրադարձությունների ճնշման տակ կարող էր դուրս գալ հայ ավանդապաշտ կնոջ կարգավիճակից, դառնալ հրապարակային առաջնորդ, բարդ ու լարված իրավիճակներում խելացի լուծումներ առաջադրող ու իրականացնող:

Այս երկու գրքերի ընթերցումից առաջացած տպավորություններին ու մտորումներին զուգահեռ աճում է հետաքրքրությունը դրանց հեղինակի՝ հարգարժան Աշոտ Սիմոնյանի ու նրա կատարած գործի հանդեպ: Գրելաոճը հուշում է, որ նա պատմագրության կամ այս բնագավառին հարակից մասնագիտություն չունի, ի պաշտոնե պարտավորվածություն չունի նման ծավալի, չեմ խուսափում ասել՝ տիտանական աշխատանք կատարելու համար: Ծննդավայրի նկատմամբ ունեցած որդիական սիրով մղված միայն հայրենի գյուղի պատմությունը հետազոտելու ու գրելու համար գուցեև կբավարարեր արխիվային նյութերի համառոտ ու կապակցված շարադրանքը: Սակայն, իմ համոզմամբ, հեղինակին խորապես հուզել են նաև մարդկային ճակատագրերը:

Նրա համագյուղացիները շփվել, նիստ ու կաց են ունեցել հարևան գյուղերի բնակիչների հետ, ունեցել բարեկամական կապեր, արհավիրքի ժամին թև ու թիկունք կանգնել միմյանց: Եվ այսպես, գյուղի պատմությունը վերածվել է ողջ պատմական Վայոց ձորի գավառի և այդ պատմական դեպքերի գործող անձանց կյանքի պատմության: Բացի այդ նշանակալի և պակաս նշանակալի անձանց հետ ճակատագրերի վերաբերյալ հեղինակի պրպտումերը շարադրվել են որպես էջատակի ծանոթագրություններ: Հպանցիկ ընթերցողի համար գուցե դրանք էական չեն դիտվի ու չեն կարդացվի: Սակայն դրանցում, հաճախ բավականին ընդարձակ, նույնպես մարդկային ճակատագրեր են, որոնց նկատմամբ հեղինակը չի կարողացել անտարբեր գտնվել: Գրքերում զետեղվել է նաև տեղանունների ու անձնանունների այբբենական ցանկերը, ինչպես նաև օգտագործված աղբյուրների ցանկը և Շարուր-Դարալագյազի 20-րդ դարասկզբի քարտեզը: Երկու գրքերում էլ կան բազմաթիվ լուսանկարներ:

Կատարված մեծածավալ աշխատանքի համար երախտիքի ու դրվատանքի բոլոր խոսքերը՝ առհեղինակ: Կամավոր ստանձնած ու անշահախնդիր տքնանքի արդյունքում ստեղծված այս գրքերը մնայուն ու անժմանցելի արժեքներ են:

ԶԵՄՖԻՐԱ  ՍԱՐԳՍՅԱՆ

Ջերմուկի քաղաքային գրադարանի տնօրեն

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s