ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ


 

Ինքնատիպ քնարերգուն

 

Վարդգես ԽանոյանՄեր հայրենակից Վարդգես Խանոյանը «Վարդաձոր» թերթի ակտիվ ընթերցողն է: Շուրջ 42 տարի նա ապրում ու ստեղծագործում է Ջերմուկում: Ընթերցողի դատին է հանձնել «Հրաշալի քաղաքացին» /մանկական/, «Արևի ձայն», «Քաջերը մահ չունեն» ժողովածուները, մեկ-երկու ամիս առաջ նաև չորրորդ` «Թախծի ծառ» գիրքը, որի ներշնչանքը կյանքի և’ երջանկության, և’ հիասթափության ու թախծի թեմաներն են, որոնք այնպես են ձուլվել իրար, որ ընթերցողն էլ ակամայից տեսնում է ու լսում մարդկանց սիրո, թախծի դառը պտուղներն ու զգում նրանց սրտի թրթիռը, խինդն ու վիշտը:

Թեև Վարդգեսը վաղուց է հեռացել Եղեգիս գետի ջրերի խորքում ննջած իր հայրենի գյուղից` Շատինից, բայց իր քնարական խոսքով համեմված ստեղծագործություններով միշտ էլ ծննդավայրում է, հայրենի բնության գրկում,  մանկության օրերն են` դրանք  դարձնելով տեսանելի ու շոշափելի:

Եղեգիս գետը, Եղեգիս գետը

Հոսում է ահա

Եվ գալար-գալար սահում են հետը

Ժպիտներն օրվա…

Իջավ հանդերին փափուկ մի գիշեր,

Ու մթնեց գետը,

Եղեգիս գետը կապույտ աստղեր է

Գլորում հետը…

Եղեգիս գետը սահում է, տանում,

Խոհերս խռով…

Եվ քո պատկերն է լուսնի պես սահում

Մաքուր ջրերով:

Չի կանգնում մի պահ,

Չի հանգստանում

Եղեգիս գետը,

Իմ ծարավների անքնությունը

Տանում է հետը:

 

Նրա ստեղծագործություններում անսահման սերն է հայրենի բնաշխարհի, հարազատ մարդկանց հանդեպ, անմոռանալի ու բացառիկ ակնթարթներ` հարազատ հուշակոթողներից, իսկ մայրական սերը կարծես մի առանձնահատուկ վերհուշ է, երազների ու կարոտի մի ամբողջություն:

Մայր իմ, մայր իմ, քո մատներից

Բույր էր գալիս ցորեն հացի,

Վառում էիր կրակը մեր

Ցոլքերի հետ լուսաբացի:

Խմոր էիր հունցում թեթև,

Փափուկ, փափուկ` ամպի նման,

Ոլորվում էր ծուխը բարակ

Մեր գյուղի հին ճամփի նման:

Այտերը քո թոնրաբոցից

Շիկնում էին ծաղիկ-ծաղիկ,

Ծերացել ես մայր իմ, հիմա

Մայրամուտն է քո խաղաղիկ:

Էլ չես վառում կրակը մեր

Ցոլքերի հետ լուսաբացի,

Սակայն էլի ես քո տեսքից

Բույր եմ առնում ցորեն հացի:

Ջերմուկում ապրած տարիների յուրաքանչյուր օրը թողել է իր հետքը: Նա ականատեսն ու մասնակիցն է եղել սիրելի քաղաքի եռուն կյանքին, մարդկանց առօրյային, ժայռերից ծնված թանգարանային պատկերներին, որոնք իմաստավորել ու հանձնել է թղթին, և հենց այստեղից էլ ծնվել է «Թախծի ծառ» գիրքը, որն ասես  բնության հարմոնյայով ողողված բազմաթիվ լեգենդների ընտրանի է. լեգենդներ` մեկը մյուսին լրացնող, մեկը մյուսով խաչվող: Իսկ նրա «Ջերմուկ աշխարհ» պոեմը զարմանալի մի հեքիաթ է, հրաշք մի առասպել գեղանի իշխանուհու  հավերժական սիրո մասին.

… Գազազում է հայրը ահեղ,

անիծում է դստերը իր,

որ նա դառնա խուլ ջրահարս

ու երբեք դուրս չգա ջրից:

Կատարվում է անեծքը հոր,

ու գեղանի իշխանուհին

դառնում է մունջ մի ջրահարս,

խառնվում է պաղ ջրերին:

Կախ է տալիս վարսերը իր

քարերն ի վար,

քարափն ի վար,

որ բարձրանա հովիվն ի վեր

առաջվա պես

քաջ ու անահ:

Իր վարսերն են ջրվեժ կապել

բարձրունքներից ահագնա, սպասում է իր ասպետին…

Շնորհաշատ գրողի ու նրա պոեզիայի մասին հաճախ է գրվել հանրապետական մի շարք թերթերում, իրենց խոսքն են ասել գրաքննադատները. «Վարդգես Խանոյան» անհատին գնահատել, որպես ինքնատիպ քնարերգու, իսկ ստեղծագործությունները` մարդկանց հոգիներում անթեղված սիրո, ցավի, վշտի ու… ու նաև բնության զարթոնքի ակորդներ:

Ս. Դովլաթյան

 

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s