Նոր դարաշեմին դարձել ենք վկան,
Ազատ ու անկախ պետականության,
Ոսոխների դեմ տարած հաղթության:
Մեր սուրը փառքով դրեցինք պատյան,
Մեծ հաղթանակի օրն է ցնծալից,
Պարտվեց մահաշունչ ոսոխը դաժան,
Երգեր են հորդում զվարթ սրտերից:
ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ զորամիավորումը կազմավորվել է 1997թ. հուլիսի 4-ին: Զորամիավորման առաջին հրամանատարն էր գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, այնուհետև` գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը, գեներալ-մայոր Սեյրան Սարոյանը, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը, գեներալ-լեյտենանտ Վալերի Գրիգորյանը, գեներալ-մայոր Կամո Քոչունցը, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը: Ներկայիս հրամանատարն է գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:
Հուլիսի 28-ը տոնական օր էր Եղեգնաձորում, մեծ շուքով նշվելու էր 4-րդ զորամիավորման կազմավորման 16-րդ տարեդարձը: Դա իր բնույթով եզակի տոնակատարություն էր, որ նշվում էր մարզում, այլ ոչ թե զորամասերում: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքերով ասած «նման որոշումը պատահական չէր, ժողովրդի ծոցից ծնունդ առած և նրա անվտանգության երաշխավորը հանդիսացող ազգային բանակն իր ժողովրդի հետ պետք է դիմավորի բանակային յուրաքանչյուր տոն»: Ասվածի վկայությունն է այն փաստը, որ այդ օրվա եղեգնաձորյան լուսաբացը ուղեկցվեց զինվորական քայլերգերի ու ազգային մեղեդիների ելևէջներով, որոնք և բնականաբար հիշեցրին բնակչությանը օրվա տոնակատարության, օրվա խորհրդի մասին և անկախ տարիքից` յուրաքանչյուր եղեգնաձորցի շտապեց մասնակցելու հաղթանակների բովով անցած բանակի տոնակատարությանը:
Տոնահանդեսն սկսվեց առավոտ վաղ, մարզկենտրոն Եղեգնաձորի հրապարակը տոնական հանդերձանք ուներ հանդիսավոր պայմաններում էր նշվում 4-րդ բանակային կորպուսի կազմավորման 16-րդ տարեդարձը: Միջոցառմանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ մասնակցում էին նաև զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, զինված ուժերի գլխ. շտաբի պետի տեղակալներ, պաշտպանության բանակի, բանակային կորպուսների հրամանատարներ, զինված ուժերի վարչությունների պետեր, միավորումների և զորամասերի հրամանատարներ:
Մարզպետ Էդգար Ղազարյանի գլխավորությամբ այստեղ էին մարզային իշխանության ներկայացուցիչներ, համայնքային ու ուժային կառույցների ղեկավարներ, աշխատողներ: Հրավիրված հյուրերի կազմում էին նաև Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը և նշված մարզերի համայնքապետեր, ուժային կառույցների ղեկավարներ, արցախյան պատերազմի վետերաններ:
Զորահանդեսն սկսվում է ԲԿ հրամանատարի ՄՊ գծով տեղակալի «Զորահանդես հավսար, զգա՛ստ, դեպի հրապարակ, քայլով մա՛րշ» հրահանգով, հետևում է հայկական մարշի հնչյունները, որի ներքո բոլոր զորամասերը շարային քայլով մտնում են հրապարակ ու շարվում ըստ հերթականության: