ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ


Օգոստոսի 9-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այցելեց Վայոց ձորի մարզ` ծանոթանալու պետական տարբեր ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին:

Մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ նա եղավ Սևան-Մարտունի-Գետափ մայրուղու` Քարագլուխ համայնքի մոտ փլուզված հատվածում, ծանոթացավ կատարվող շինարարական աշխատանքներին: Պատասխանատուները զեկուցեցին, որ մոտ մեկ շաբաթից ճանապարհն արդեն երթևեկելի կլինի նաև բեռնատար մեքենաների համար: Ճանապարհահատվածի վերանորոգման համար պետբյուջեից հատկացվել է շուրջ 38 մլն դրամ:

Փոխվարչապետն այցելեց նաև Գետափ, Շատին, Արտաբույնք, Հերմոն համայնքներ: Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով մինչև սեպտեմբեր կավարտվեն Արտաբույնքի մշակույթի տան վերանորոգման աշխատանքները, Շատին գյուղում նույն ծրագրով արդեն ավարտվել է համայնքային կենտրոնի շենքի վերակառուցումը, իսկ Գետափում Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով նորոգվում է մանկապարտեզի շենքը:

hermon

ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Եպս. Մկրտչյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, այցելեցին նաև Վայոց ձորի գողտրիկ անկյուններից մեկում՝ Հերմոնում, գտնվող «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի համայնքային կենտրոն: Այստեղ Ա. Գևորգյանը ծանոթացավ զբոսաշրջային նոր համալիրի պայմաններին և հնարավորություններին, որտեղ ստեղծված են անհրաժեշտ ենթակառուցվածքներ` մարզ այցելող զբոսաշրջիկներին որակյալ ծառայություններ մատուցելու համար: Քննարկվեցին Եղեգիսի կիրճում զբոսաշրջության զարգացման հեռանկարները` հաշվի առնելով, այն որ տարածքն ու մարզը հարուստ են պատմամշակութային հուշարձաններով:

Համայնքներում փոխվարչապետը հանդիպումներ ունեցավ նաև բնակիչների հետ, որոնք հիմնականում բարձրացրին գազիֆիկացման, միջհամայնքային ու ներհամայնքային ճանպարհների բարեկարգման, գյուղմթերքի իրացման, նոր գյուղտեխնիկայի անհրաժեշտության, ինչպես նաև համայնքներում հանրապետական հեռուստաալիքների հեռարձակման հնարավորության հետ կապված հարցեր: Փոխվարչապետը բնակիչներին պարզաբանումներ տվեց նաև նրանց հուզող մի շարք խնդիրների` գազի սակագնի բարձրացման հետ կապված սոցիալապես անապահով խավին կառավարության կողմից օժանդակության, կենսաթոշակային բարեփոխումների, ընտանեկան նպաստի համակարգի, ավանդների փոխհատուցման գործընթացի, կադաստրային փաստաթղթերը ձևակերպելու համար չափագրումների նոր կարգի և այլ հարցերի վերաբերյալ:

Եղեգնաձորում փոխվարչապետին զեկուցվեց քաղաքի ճանապարհների բարեկարգման աշխատանքների ընթացքի մասին: Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով հատկացված մոտ 60 մլն դրամով արդեն ավարտվել է Մոմիկի փողոցի նորոգումը, պետբյուջեից շուրջ 231 մլն դրամ է հատկացվել Նարեկացի և Սպանդարյան փողոցների բարեկարգման համար: Պատասխանատուները նշեցին, որ Սպանդարյան փողոցի վերանորոգման աշխատանքներն սկսելու համար ոռոգման ենթակառուցվածքների հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել: Ա. Գևորգյանն առաջարկեց հարցը քննարկել Ջրային տնտեսության պետական կոմիտեի մասնագետների հետ և համատեղ լուծումներ գտնել:

Փոխվարչապետն աշխատանքային այցն ավարտեց մարզպետարանում անցկացված խորհրդակցությամբ, որին մասնակցում էին մարզպետարանի պատասխանատուներ, համայնքների ղեկավարներ: Քննարկվեցին մարզում իրականացվող ծրագրերի, սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին, գյուղմթերքի իրացմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s