ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄԻՑ ՄԵՐ ԹՂԹԱԿՑԻ ՏԵՂԵԿԱՑՄԱՄԲ


ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՈՆԸ ԱՐԿԱԶԻ ՍՈՒՐԲ  ԽԱՉ ՎԱՆՔՈՒՄ

Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:

ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՈՆԸ ԱՐԿԱԶԻ ՍՈՒՐԲ  ԽԱՉ ՎԱՆՔՈՒՄ

Սեպտեմբերի 15-ին Արկազի Սուրբ Խաչ վանքում այս տարի առանձնակի հանդիսավորությամբ ու մեծ շուքով նշվեց Խաչվերացի տոնը: Խաչվերացը Վայոց ձորի տարածքում համարվում է Սբ. Խաչ վանքի ուխտի օր, ինչը հատկանշական է նրանով, որ վանքի հարավ-արևելյան ավանդատանն ամփոփված է Հիսուս Քրիստոսի  խաչելության փայտի մասունք, ինչի պատճառով էլ վանքը կոչվում է Սուրբ Խաչ:

Խաչվերացին նախորդող շաբաթ երեկոյան Սբ. Խաչ վանքում, գլխավորությամբ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի, տեղի ունեցավ կիրակնամտից ժամերգություն: Հաջորդ օրը Խաչվերացի տոնի առիթով ուխտագնացություն կազմակերպվեց դեպի Սուրբ Խաչ վանք: Տարբեր մարզերից և Վայոց ձորից ուխտի եկած բազմաթիվ ուխտավորներ, Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի, Սևանի Վազգենյան դպրանոցի տեսուչ Տ. Հարություն աբեղա Կիրակոսյանի, Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի, Նորավանքի խորհրդակատար քահանա Տ. Սեպուհ Հարությունյանի, Սևանի դպրանոցի սաների ու դպրաց դասի գլխավորությամբ Մալիշկա գյուղի մոտակայքից, շարականներ երգելով, եկան Սուրբ Խաչ վանք: Այնուհետև մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, ով հավուր պատշաճի քարոզ խոսեց «Թող Քո Խաչը ապավեն լինի մեզ, Տե′ր Հիսուս»  բնաբանով:

Հոգեշնորհ Հայր Սուրբը հավատացյալներին ներկայացրեց տոնի պատմությունը, ինչն անմիջականորեն կապված է վանքի պատմության հետ, խոսեց Խաչի սրբազան խորհրդի, նշանակության ու դերի մասին մեր կյանքում, ապա ներկայացրեց սեպտեմբերի 24-27-ը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում գումարվելիք Եպիսկոպոսաց Ժողովի մասին: Հայր Սուրբը կոչ արեց միասնականորեն աղոթել առաջիկա ժողովի արդյունավոր ընթացքի համար, աղոթել մեր ժողովրդի, մեր հայրենիքի, մեր Եկեղեցու, մարզային իշխանությունների` ի դեմս ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ու նրա բարենորոգ գործունեության համար, եկեղեցի կառուցողների, ի մասնավորի՝ Սուրբ Խաչ վանքի վերակառուցման բարերարների` Վարդան և Ռուզաննա Հայրապետյանների: Վերջում պատարագիչ Հայր Սուրբը մաղթեց, որ Տիրոջ նվիրական Սուրբ Խաչը և Խաչի մասունքը կրող Սբ. Խաչ նշանավոր վանքը պահապան և զորավիգ լինի մեր ազգին, մեր ժողովրդին և Ամենակալ Աստված իրականացնի ուխտավոր ժողովրդի ուխտը: Continue reading