ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ. ԱԲՐԱՀԱՄ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ԱՐՔՈՒԹՅԱՆ ՊԱՏԻՎ


 

Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյան

Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյան

Սեպտեմբերի 15-ին՝ Խաչվերացի տոնին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, որից  հետո մասնավոր արարողության ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն արքության պատիվ շնորհեց Վայոց Ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանին` ի գնահատություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու անդաստանում իր նվիրյալ ծառայության և տարիների վաստակի:

Վայոց Ձորի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանին ուղղված Հայրապետական Սրբատառ Կոնդակում մասնավորաբար գրված է. «…Գնահատանքով ենք անդրադառնում տասնամյակների Ձեր ծառայությանը: Դուք քաջեռանդությամբ արդյունավորել եք Ձեր սպասավորությունը` նոր սերնդի եկեղեցականաց պատրաստության կարևոր գործին գովելի ավանդ բերելով ճեմարանում դասավանդությամբ, Մայր Աթոռի պաշտոնական «Էջմիածին» ամսագրում ժրաջան աշխատանքով: Ձեր տերունապատվեր ծառայությունը բարեզարդել եք հատկապես Քրիստոնեական քարոզչության կենտրոնի տնօրենի պաշտոնում, նախանձախնդրությամբ ու նվիրումով ջանքեր բերելով նոր սերնդի քրիստոնեական դաստիարակության, մեր ժողովրդի մեջ սրբազան արժեքների հանդեպ հավատարմությունն առավել զորացնելու առաքելության մեջ: Առանձնակի գոհունակությամբ ենք անդրադառնում, որ հանրակրթական դպրոցների համար «Հայ Եկեղեցու պատմություն»  առարկայի դասագրքերի պատրաստման աշխատանքը կյանքի կոչվեց Ձեր գովելի ջանքերով և նախանձախնդրությամբ:

Նվիրյալ եկեղեցականիդ ծառայության վաստակը հավելվեց առաջնորդական քաջեռանդ գործունեությամբ Սյունյաց թեմում, ուր բոլորանվեր ծառայություն բերեցիք թեմի կարգավորությանն ու շինությանը, հոգևորականաց սպասավորության արդյունավորմանը, հավատացյալ հայորդյաց հոգևոր խնամքի բարվոք իրականացմանը: Այսօր Դուք` որպես Վայոց Ձորի թեմի առաջնորդ, շարունակում եք նույն նվիրումով պատասխանատու գործունեություն իրականացնել` ի փառս Աստուծո, ի պայծառություն Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու»:

Նորին Սրբությունը մաղթել է, որ Բարին Աստված Ամենախնամ Իր Սուրբ Աջով պահի ու պահպանի Գերաշնորհ Աբրահամ արքեպիսկոպոսին և զորացնի նրան քրիստոսապատվեր իր առաքելության մեջ՝ շնորհելով արևշատություն և նորանոր հաջողություններ:

Ուրախալի այս առիթով Վայոց Ձորի թեմի  կոլեկտիվը ևս շնորհավորում է Թեմակալ Առաջնորդին` Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բազմավաստակ ու նվիրյալ սպասավորին` մաղթելով, որ Ամենակալ Տերն առավել զորացնի Սրբազան Հորն իր եկեղեցաշեն և ազգանվեր առաքելության մեջ:

Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը ծնվել է 1961թ. նոյեմբերի 27-ին Եղեգնաձորի շրջանի Ռինդ գյուղում: Նախնական կրթությունը ստացել է տեղի միջնակարգ դպրոցում: 1982 թ. ընդունվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գեւորգայն Հոգեւոր Ճեմարան: 1986 թ. գերազանց գնահատականներով ավարտել է ճեմարանը` պաշտպանելով «Սյունյաց Աթոռը Օրբելյանների իշխանության ժամանակ» ավարտաճառը: 1987թ., ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա: 1989 թ. նոյեմբերի 6-ին ստացել է մասնավոր վարդապետական աստիճան:

1992թ. պաշտպանել է վարդապետական թեզ`«Հայր Մեր» -ի մեկնությունները հայ մեկնողական գրականության մեջ»  թեմայով: 1989-92թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: Դասավանդել է Գեւորգայն Հոգեւոր Ճեմարանում, աշխատել Քրիստոնեական քարոզչության կենտրոնում` որպես տնօրեն, «Էջմիածին»  ամսագրի խմբագրությունում: 1993թ. աշնանը Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի Սրբատառ կոնդակով նշանակվել է Սյունյաց թեմի Առաջնորդ: 1996թ., Ձեռամբ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ձեռնադրվել է եպիսկոպոս: Հեղինակ է մի շարք հոդվածների եւ գրքերի, որոնցից են`«Նախաշավիղ քրիստոնեական կրթության»  (Սբ. Էջմիածին, 1990, վերահրատ. Երևան, 1991), «Հայր Մեր»-ի մեկնություններն ըստ Գրիգոր Տաթևացու»  (Երևան, 1992), «Էջեր Սյունյաց Աթոռի պատմությունից»: 2006թ.-ին պաշտպանել է թեկնածուական՝ «Սյունյաց մետրոպոլիտական Աթոռը» թեմայով: Այսօր էլ տպագրության է պատրաստում նոր աշխատություն: 2010թ. դեկտեմբերի 10-ից առ այսօր Վայոց Ձորի թեմի Առաջնորդն է:

 Խմբագրության կողմից.

 Վայոց Ձորի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի ավանդը մեծ է նախ և առաջ մարզի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների, երիտասարդների հանգիստը կազմակերպելու, նրանց ուսմանն ու  մշակութային զարգացվածությանը խթանելու գործում: Իրականացվող ծրագրերում, հիմնված խմբերում ու սոցիալական խնդիրներին ուղղված ծառայություններում աշխատատեղերն զբաղեցնում են երիտասարդները, որը և խթան է հանդիսանում նրանց զբաղվածության խնդրի լուծմանը: Նրա նախաձեռնությամբ մեծ աշխատանք է տարվում նաև տեղական զբոսաշրջության զարգացման գործում: Հերմոնում հիմնադրված «Լյուսի տուր»  զբոսաշրջային նոր համալիրում ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները` մարզ այցելող զբոսաշրջիկներին որակյալ ծառայություններ մատուցելու համար: Այս տարվա գարնանից իրականացվեց «Տեղական զբոսավարների վերապատրաստում Վայոց ձորի մարզում» ծրագիրը, մարզից 15 երիտասարդներ վերապատրաստվեցին որպես զբոսավարներ, որոնք  մասնագետ զբոսավարների ուղեկցությամբ այցելեցին Վայոց ձորի և Սյունիքի մարզերում գտնվող պատմամշակութային կոթողներ՝  զբոսավարության գործնական աշխատանքներ իրականացնելու: Continue reading