ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ. ԱԲՐԱՀԱՄ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ԱՐՔՈՒԹՅԱՆ ՊԱՏԻՎ


 

Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյան

Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյան

Սեպտեմբերի 15-ին՝ Խաչվերացի տոնին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, որից  հետո մասնավոր արարողության ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն արքության պատիվ շնորհեց Վայոց Ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանին` ի գնահատություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու անդաստանում իր նվիրյալ ծառայության և տարիների վաստակի:

Վայոց Ձորի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանին ուղղված Հայրապետական Սրբատառ Կոնդակում մասնավորաբար գրված է. «…Գնահատանքով ենք անդրադառնում տասնամյակների Ձեր ծառայությանը: Դուք քաջեռանդությամբ արդյունավորել եք Ձեր սպասավորությունը` նոր սերնդի եկեղեցականաց պատրաստության կարևոր գործին գովելի ավանդ բերելով ճեմարանում դասավանդությամբ, Մայր Աթոռի պաշտոնական «Էջմիածին» ամսագրում ժրաջան աշխատանքով: Ձեր տերունապատվեր ծառայությունը բարեզարդել եք հատկապես Քրիստոնեական քարոզչության կենտրոնի տնօրենի պաշտոնում, նախանձախնդրությամբ ու նվիրումով ջանքեր բերելով նոր սերնդի քրիստոնեական դաստիարակության, մեր ժողովրդի մեջ սրբազան արժեքների հանդեպ հավատարմությունն առավել զորացնելու առաքելության մեջ: Առանձնակի գոհունակությամբ ենք անդրադառնում, որ հանրակրթական դպրոցների համար «Հայ Եկեղեցու պատմություն»  առարկայի դասագրքերի պատրաստման աշխատանքը կյանքի կոչվեց Ձեր գովելի ջանքերով և նախանձախնդրությամբ:

Նվիրյալ եկեղեցականիդ ծառայության վաստակը հավելվեց առաջնորդական քաջեռանդ գործունեությամբ Սյունյաց թեմում, ուր բոլորանվեր ծառայություն բերեցիք թեմի կարգավորությանն ու շինությանը, հոգևորականաց սպասավորության արդյունավորմանը, հավատացյալ հայորդյաց հոգևոր խնամքի բարվոք իրականացմանը: Այսօր Դուք` որպես Վայոց Ձորի թեմի առաջնորդ, շարունակում եք նույն նվիրումով պատասխանատու գործունեություն իրականացնել` ի փառս Աստուծո, ի պայծառություն Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու»:

Նորին Սրբությունը մաղթել է, որ Բարին Աստված Ամենախնամ Իր Սուրբ Աջով պահի ու պահպանի Գերաշնորհ Աբրահամ արքեպիսկոպոսին և զորացնի նրան քրիստոսապատվեր իր առաքելության մեջ՝ շնորհելով արևշատություն և նորանոր հաջողություններ:

Ուրախալի այս առիթով Վայոց Ձորի թեմի  կոլեկտիվը ևս շնորհավորում է Թեմակալ Առաջնորդին` Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բազմավաստակ ու նվիրյալ սպասավորին` մաղթելով, որ Ամենակալ Տերն առավել զորացնի Սրբազան Հորն իր եկեղեցաշեն և ազգանվեր առաքելության մեջ:

Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը ծնվել է 1961թ. նոյեմբերի 27-ին Եղեգնաձորի շրջանի Ռինդ գյուղում: Նախնական կրթությունը ստացել է տեղի միջնակարգ դպրոցում: 1982 թ. ընդունվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գեւորգայն Հոգեւոր Ճեմարան: 1986 թ. գերազանց գնահատականներով ավարտել է ճեմարանը` պաշտպանելով «Սյունյաց Աթոռը Օրբելյանների իշխանության ժամանակ» ավարտաճառը: 1987թ., ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա: 1989 թ. նոյեմբերի 6-ին ստացել է մասնավոր վարդապետական աստիճան:

1992թ. պաշտպանել է վարդապետական թեզ`«Հայր Մեր» -ի մեկնությունները հայ մեկնողական գրականության մեջ»  թեմայով: 1989-92թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: Դասավանդել է Գեւորգայն Հոգեւոր Ճեմարանում, աշխատել Քրիստոնեական քարոզչության կենտրոնում` որպես տնօրեն, «Էջմիածին»  ամսագրի խմբագրությունում: 1993թ. աշնանը Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի Սրբատառ կոնդակով նշանակվել է Սյունյաց թեմի Առաջնորդ: 1996թ., Ձեռամբ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ձեռնադրվել է եպիսկոպոս: Հեղինակ է մի շարք հոդվածների եւ գրքերի, որոնցից են`«Նախաշավիղ քրիստոնեական կրթության»  (Սբ. Էջմիածին, 1990, վերահրատ. Երևան, 1991), «Հայր Մեր»-ի մեկնություններն ըստ Գրիգոր Տաթևացու»  (Երևան, 1992), «Էջեր Սյունյաց Աթոռի պատմությունից»: 2006թ.-ին պաշտպանել է թեկնածուական՝ «Սյունյաց մետրոպոլիտական Աթոռը» թեմայով: Այսօր էլ տպագրության է պատրաստում նոր աշխատություն: 2010թ. դեկտեմբերի 10-ից առ այսօր Վայոց Ձորի թեմի Առաջնորդն է:

 Խմբագրության կողմից.

 Վայոց Ձորի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի ավանդը մեծ է նախ և առաջ մարզի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների, երիտասարդների հանգիստը կազմակերպելու, նրանց ուսմանն ու  մշակութային զարգացվածությանը խթանելու գործում: Իրականացվող ծրագրերում, հիմնված խմբերում ու սոցիալական խնդիրներին ուղղված ծառայություններում աշխատատեղերն զբաղեցնում են երիտասարդները, որը և խթան է հանդիսանում նրանց զբաղվածության խնդրի լուծմանը: Նրա նախաձեռնությամբ մեծ աշխատանք է տարվում նաև տեղական զբոսաշրջության զարգացման գործում: Հերմոնում հիմնադրված «Լյուսի տուր»  զբոսաշրջային նոր համալիրում ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները` մարզ այցելող զբոսաշրջիկներին որակյալ ծառայություններ մատուցելու համար: Այս տարվա գարնանից իրականացվեց «Տեղական զբոսավարների վերապատրաստում Վայոց ձորի մարզում» ծրագիրը, մարզից 15 երիտասարդներ վերապատրաստվեցին որպես զբոսավարներ, որոնք  մասնագետ զբոսավարների ուղեկցությամբ այցելեցին Վայոց ձորի և Սյունիքի մարզերում գտնվող պատմամշակութային կոթողներ՝  զբոսավարության գործնական աշխատանքներ իրականացնելու:

Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն առանձնակի կարևորություն է տալիս երեխաների առողջապահական խնդիրներին: 

Ատամնաբուժական ասոցիացիայի և «Սյունիք-Զարգացում»  ՀԿ-ի միջև ձևավորված համագործակցության արդյունքում արդեն երկար տարիներ «Սիրանույշ» ճամբարում հիմնվել է ատամնաբուժական կլինիկա: Կալիֆորնիա-Հայաստան ատամնաբույժների ասոցիացիայի փորձառու բժիշկները շարունակում են անվճար ծառայություններ մատուցել մարզի երեխաներին… Այս տարի Ֆրանսիահայ 9 բժիշկների կողմից մարզում իրականացվեց «Ակնոցներ Հայաստանի համար»  ծրագիր, որի ընթացքում զննում անցած 700 երեխաներից 314-ի համար տեղում պատրաստվեցին ակնոցներ: Զննում անցկացվեց նաև 55-ից բարձր տարիք ունեցողների, և ըստ անհրաժեշտության տրվեց 1000-ից ավելի ակնոց:

Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի նախաձեռնությունների ու իրականացված և իրականացվելիք  ծրագրերի մասին մեկ մամուլով դժվար է ներկայացնել, պարզապես նրա գործունեությունը կարելի է բնութագրել Նորին Սրբության խոսքերով. «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բազմավաստակ ու նվիրյալ սպասավոր, որն իրավամբ աչքի է ընկնում եկեղեցաշեն ու ազգանվեր առաքելությամբ»:

«Վարդաձոր»-ի ստեղծագործական կոլեկտիվը շնորհավորում է Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանին և հազարավոր վայոցձորցիների անունից ցանկանում նրան առողջություն, երկար տարիների կյանք ու նորանոր հաջողություններ:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s