***
Սեպտեմբերի 5-ին` համաժողովի ամփոփումից հետո, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը մարզպետների մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2014թ. բյուջետավարման գործընթացի հետ կապված հարցեր:
ՀՀ ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը մարզպետներին տեղեկացրել է 2014թ. ֆինանսական տարում փոփոխությունների, մասնավորապես` հուլիսի 1-ից սպասվող նվազագույն աշխատավարձի բարձրացման, 2014թ. պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների հաշվարկման սկզբունքների մասին:
Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց հաշվարկել նշված փոփոխություններով պայմանավորված ծախսերը, եւ հաշվարկները ներկայացնել կառավարություն: Նշվեց, որ կառավարությունը նվազագույն աշխատավարձերի բարձրացմամբ պայմանավորված ծախսերի դեֆիցիտը նպատակային սուբվենցիաների միջոցով ծածկելու հնարավորություն է նախատեսում:
Ինչ վերաբերում է ՀՀ պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների հաշվարկման կարգին, ապա տեղեկացվեց, որ 2014թ-ի համար եւս կառավարությունն առաջարկում է այն հաշվարկել նախորդ տարվա սկզբունքով, սակայն գալիք տարիներին արդեն հաշվարկ կատարվելու է` հիմնվելով Բնակչության պետական ռեգիստրի տվյալների վրա:
Այս կապակցությամբ փոխվարչապետը կարեւորեց համայնքների ղեկավարների եւ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ աշխատանքը` բնակչության թվաքանակի տվյալների ճշգրտման ուղղությամբ: Նա մարզպետներին հանձնարարեց առաջիկայում հրավիրել մարզխորհրդի նիստեր` այս եւ բյուջետային խնդիրների հետ կապված հարցերը քննարկելու նպատակով: Continue reading