ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄԻՑ ՄԵՐ ԹՂԹԱԿՑԻ ՏԵՂԵԿԱՑՄԱՄԲ


***

մարզային երիտասարդական եռօրյա հավաք

Վայոց ձորի թեմի «Սիրանույշ» ճամբարն իր հյուրընկալ դռներն էր բացել Վայոց ձորի մարզի և Արցախի երիտասարդների առջև: Հոկտեմբերի 11-13-ը Եղեգիսի կիրճում գտնվող «Սիրանույշ» ճամբարում Վայոց ձորի մարզպետարանը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վայոց ձորի թեմը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնը կազմակերպել էին մարզային երիտասարդական եռօրյա հավաք, որին մասնակցում էին Եղեգնաձոր, Վայք քաղաքների, Շատին, Ելփին, Ազատեկ, Արփի համայնքների, ինչպես նաև մարզի տարածաշրջանային պետական քոլեջի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի մի քանի տասնյակ երիտասարդներ: Առանձին ջոկատով երիտասարդական հավաքին առաջին անգամ մասնակցում էր նաև Արցախի ջոկատը, որոնք Վայոց ձոր էին ժամանել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնի հետ համագործակցության արդյունքում:

Արցախի ջոկատը՝ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդի հետ

 Եռօրյա հավաքի ընթացքում կազմակերպվեցին մարզական, մշակութային, ինտելեկտուալ և ժամանցային բազմաթիվ միջոցառումներ և առաջնություններ: Երիտասարդական հավաք-ճամբարը նպատակ ուներ համայնքներում ակտիվացնել մշակութային, սպորտային և հասարակական կյանքը, բարեկամական, մրցակցային մթնոլորտում ի հայտ բերել մարզի տաղանդավոր երիտասարդներին, խթանել երիտասարդների միջհամայնքային կապի ամրապնդումը:

Ըստ նախատեսվածի` «Սիրանույշ»  ճամբարի մեծ դահլիճում երիտասարդների հետ հանդիպեցին թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը և Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը: Հոգևոր Հայրերը պատասխանեցին երիտասարդներին հուզող հարցերին, ակտիվ քննարկում տեղի ունեցավ հոգևոր-ազգային հարցերի շուրջ:

Այնուհետև տեղի ունեցավ մարզային երիտասարդական հավաքի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն ու մարզպետարանի այլ պաշտոնատար այրեր: Հավաքի պաշտոնական բացումն սկսվեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձով, որից հետո օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, ապա Աղոթքով սկսվեց հավաքի բացումը, որին հետևեց մարզպետի հանդիպումը հավաքի մասնակիցների հետ: Այդ ընթացքում մարզպետը ներկայացրեց մարզի զարգացման իր ծրագրերն ու պատկերացումները, պատասխանեց երիտասարդներին հուզող հարցերին:

Հոկտեմբերի 12-ի երեկոյան տեղի ունեցավ հավաքի պաշտոնական փակումը և մրցանակաբաշխությունը: Մրցույթների միավորների ամփոփման արդյունքում որոշվեցին երիտասարդական ճամբարի 1-3 տեղերը զբաղեցրած լավագույն ջոկատները: Վայոց ձորի «Երիտասարդական հավաք-2013»-ում 11 հավասար միավորով առաջին և երկորդ տեղերը կիսեցին երկու ջոկատները` Եղեգնաձորի և ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ջոկատները: Իսկ 8 միավորով 3-րդ տեղը զբաղեցրեց Արցախի ջոկատը:  Այդ օրերին երիտասարդներն ունեցան հագեցած, հետաքրքիր և ակտիվ առօրյա: Հնարավորություն ունեցան դրսևորելու իրենց ունակություններն ու գիտելիքները, շփվելու միմյանց հետ և բազում ընկերներ ու նոր գիտելիքներ ձեռք բերելու:

***

Հոկտեմբերի 4-6-ը տեղի ունեցավ «Արենի գինու փառատոնի» տոնակատարությունները: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի նախաձեռնությամբ այս տարի այն տոնվեց երեք շարունակական օրերի ընթացքում (ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին)` նպատակ ունենալով տարեցտարի ավելացնել տոնակատարության օրերի քանակը:

555

Հոկտեմբերի 4-ին Ռինդ համայնքում տոնվեց համայնքի օրը: Համայնքի կենտրոնում բացվեց տոնական սեղաններ, հնչեց տոնական երաժշտություն, կազմակերպվեց ժողովրդական տոնախմբություն: Միջոցառման շրջանակներում կազմակերպվեց նաև տնայնագործական գինիների համտես-մրցույթ և ֆրանսիացի խաղողագործության մասնագետների հանդիպում տեղի խաղողագործների հետ:

Հոկտեմբերի 5-ին Արենի գյուղում կազմակերպվեց գինու տոն և ժողովրդական տոնախմբություն: Իրականացվեց գինեգործական ընկերությունների արտադրանքի համտես-մրցույթ:

Հոկտեմբերի 6-ին Եղեգնաձորի ամֆիթատրոնում տոնական տրամադրություն էր տիրում. վայոցձորցիները տոնում էին ավանդական դարձած բերքի տոնը:

Վայոց ձորի մարզպետ Է. Ղազարյանի ողջույնի խոսքը բերքի տոնի մասնակիցներին

Բերքի տոնին մասնակիցներին ողջունեց Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, որից հետո օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը: Հայր Սուրբն օրհնեց մարզի բերքն ու բարիքը, որից հետո աղոթքով սկսվեց մշակութային միջոցառումը` մարզի մշակութային խմբերի և անհատ կատարողների մասնակցությամբ:

Ամֆիթատրոնին հարակից Նարեկացի փողոցում մարզի բոլոր համայնքները ներկայացան իրենց տաղավարներով` բերք ու բարիքի ցուցադրությամբ և հյուրասիրությամբ:

Մարզպետ Է. Ղազարյանը, Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, հյուրերը և պաշտոնյա այլ անձինք շրջեցին տաղավարներով, ծանոթացան տաղավարների պարունակությանը և շնորհավորեցին գյուղացիներին տոնի առթիվ:

Նույն օրը Եղեգնաձորի մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում և տոնական համերգ` նվիրված Ուսուցչի օրվան:

Օրհնության խոսքով հանդես եկավ փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, որից հետո մարզպետը հրավիրեց ներկաներին մեկ րոպե լռությամբ հարգել կյանքից անժամանակ  հեռացած ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Եղեգնաձորի երաժշտական դպրոցի երկարամյա տնօրեն Ֆիլիպ Հարությունի Բալոյանի հիշատակը, ապա շնորհավորեց ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ:

Մարզի մի խումբ ուսուցիչներ մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար արժանացել էին Վայոց ձորի մարզպետի շնորհակալագրի, որոնք և Էդգար Ղազարյանը հանձնեց ուսուցիչներին: Հրապարակվեց մարզի ութ ուսուցիչների անունները, որոնք նախօրեին ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանի, ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանի  և ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից տարբեր անվանակարգերում արժանացել էին խրախուսանքների:

Երեկոյան ժամը 18.00-ին Եղեգնաձորի մշակույթի տան դահլիճում կայացավ հեղինակային երգի մեծ համերգ` հանրապետության հեղինակային երգի լավագույն կատարողների մասնակցությամբ:

Արմեն Ադամյան

Եղեգնաձորում վերականգնվում են հեղինակային երգի ավանդույթները` հաջորդ տարիներին նպատակ ունենալով կազմակերպել հեղինակային երգի փառատոն գինու փառատոնի բոլոր օրերի ընթացքում:

Այս եռօրյա տոնական միջոցառումներին ներկա էին Հայաստանի տարբեր մարզերից ժամանած բազմաթիվ մասնակիցներ ու արտասահմանից հյուրեր, ովքեր բարձր տրամադրությամբ ու մեծ տպավորություններով հեռացան Վայոց ձորից` մյուս տարի վերադառնալու ակնկալիքով:

Սիրան Սարգսյան

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s