ԲԱՐՁՐ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԿՅԱՆՔԻ ԱՐԳԱՍԱԲԵՐ ՈՒՂԻ


Ֆերդինանդ Կարապետի Ղազարյան

Ֆերդինանդ Կարապետի Ղազարյան

Մեր երկրի, նրա ժողովրդի համար բարեբախտություն և թանկագին հարստություն է, երբ արժանապատիվ քաղաքացին ու պետական ազնիվ նկարագրով պաշպոնյան նույնանում են նույն անձի մեջ։ Այդպիսի անհատներ եզակի չէին նախորդ՝ խորհրդային դարաշրջանում։ Այդպիսի արժանապատիվ նկարագրով, վատի ու չարի դեմ ընդվզող բնավորությամբ անհատ էր Վայոց ձորի լավագույն զավակ  Ֆերդինանդ Կարապետի Ղազարյանը։

Ծնվել է 1938թ. դեկտեմբերի 16-ին Վայքի շրջանի Ազատեկ գյուղում։ Սկզբնական կրթությունը ստացել է հայրենի գյուղի յոթնամյա դպրոցում, որն ավարտելուց հետո ուսումը շարունակել է հարևան Զառիթափի միջնակարգ դպրոցում։ Ապա ընդունվել է Գորիսի մանկավարժական ուսումնարան, որն ավարտել է 1958 թվականին և նույն տարում ուսումնառությունը սկսել Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետում։ Այն ավարտելուց հետո աշխատանքի է անցել  Վայք քաղաքի թիվ 1 միջն.դպրոցում որպես ուսումնական մասի վարիչ։ 1965 թ. ընտրվել է ՀԼԿԵՄ Վայքի շրջկոմի առաջին քարտուղար և այդ պաշտոնում մնացել մինչև 1967 թվականը։

Հենց այդ տարիներին նա հեռակա կարգով ուսումնառությունը շարունակել է Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրայում։

1967-1974 թթ. աշխատել է Հայաստանի կոմկուսի Վայքի շրջանային կոմիտեի կազմակերպական բաժնի վարիչ։ 1974 թ. ընտրվել է ՀԿԿ Վայքի շրջկոմի քարտուղար, իսկ 1976 թվականին՝ երկրորդ քարտուղար։ 1985 թ. դեկտեմբերից մինչև 1991 թվականը բեղուն ու արդյունավետ գործունեություն է ծավալել առողջարանային քաղաքի՝ Ջերմուկի քաղխորհրդի գործկոմի նախագահի պաշտոնում։ Ջերմուկցիները վերոնշյալ տարիները համարում են իրենց քաղաքի զարգացման ու բարգավաճման ամենաշքեղ շրջանը։

Եկավ անկախության դարաշրջանը։ 1990թ. Ֆ. Ղազարյանը արժանացավ ջերմուկցիների միահամուռ վստահությանը և ընտրվեց ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Նրա կյանքի և գործունեության մեջ սկսվեց մի նոր շրջան։ Գերագույն խորհրդում ընդգրկվեց իրեն համար շատ հոգեհարազատ՝ կրթության, գիտության, լեզվի և մշակույթի հանձնաժողուվի կազմում։ Աչքի ընկավ վերոնշյալ ոլորտին վերաբերող բոլոր կարևոր օրինագծերի և օրենսդրական նախաձեռնությունների քննարկումների և մշակման գործընթացներում։ Լայն հասարակայնությունը հիացած էր նրա խոր գիտելիքներից, իրազեկվածությունից, ներքին բարձր կուլտուրայից, սկզբունքային ու հաստատակամ դիրքորոշումից։ Նույնքան սկզբունքային ու աննահանջ պայքար էր տանում այդ տարիներին հանրապետությունում արմատացող ծայրաստիճան բացասական երևույթների, հանրային ունեցվածքի փոշիացման, համատարած քայքայման և  ալան-թալանի դեմ։ Հասարակական-քաղաքական  ակտիվ, եռանդուն և արդարադատ գործունեության շնորհիվ նա ձեռք բերեց աննախադեպ ժողովրդականություն ու անբասիր հեղինակություն։

Պատգամավորական գործունեությունը Ֆ.Ղազարյանը ներդաշնակորեն համատեղել է գիտական ու մանկավարժական գործունեության հետ։ Դեռևս 1978 թվականին նա պաշտպանել էր թեկնածուական ատենախոսություն և ստացել մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, հրապարակել է մի շարք գիտական հոդվածներ, ինչպես նաև հրապարակախոսական հարյուրավոր հոդվածներ։ Դեռևս խորհրդային տարիներին լույս է տեսել նրա «Դպրոցականների դաստիարակության կոմպլեքսային մոտեցում» ուշագրավ մենագրությունը։ Համահեղինակ է «Ջերմուկ» շքեղ ու բովանդակալից գիրք-ուղեցույցի, որը լավագույնն է համարվում առողջարանային հրաշագեղ քաղաքը ներկայացնող մինչ այդ եղած բոլոր հրապարակումների մեջ։

Թեկուզև թողեց պատգամավորական գործունեությունը, բայց և Ֆերդինանդ Ղազարյանը երբեք չթողեց հասարակական ակտիվ ասպարեզը և իր բանավոր ու գրավոր խոսքը մշտապես ի նպաստ դրեց երկրին ու ժողովրդին հուզող մեծ ու փոքր խնդիրների բարձրացման ու լուծման ուղիների որոնմանը։ 1990-ական թթ. Հայաստանի բազմաթիվ պարբերականներում լույս տեսան սուր և արդիական հարցադրումներով լեցուն հոդվածներն ու հարցազրույցները, որոնցում նա հանդես է գալիս որպես իր ժողովրդին անսահմանորեն նվիրված իսկական ու ճշմարիտ հայրենասեր, արդարության ոճով ու շնչով տոգորված բարձր քաղաքացի և հայոց դարավոր խիղճն ու արժանապատվությունն իր մեջ ամբարող ու խտանող հայ անհատ։ Երկրի քաղաքական ճակատագրից մինչև հայ գյուղացուն հուզող խնդիրներն ու հիմնահարցերը ընկած էին տաղանդավոր հրապարակախոսի հասարակական-քաղաքական գործունեության առանցքում։ Առաջադեմ մի խումբ անհատների հետ համախորհուրդ հիմնադիրներից մեկը հանդիսացավ «Գերագույն խորհուրդ. Պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպության, որն ակտիվ դերակատարություն ստանձնեց երկրի հասարակական մթնոլորտն ու բարքերը առողջացնելու գործում։

Պատասխանատու տևական աշխատանքն ու հոգեկան լարվածությունը լրջորեն վնասել էին նրա առողջական վիճակին։ Նա հանկարծամահ եղավ 1997 թ. դեկտեմբերի 26-ին, հիսունինը տարեկան հասակում, երբ այնքան իմաստալից ծրագրեր և գեղեցիկ մտահղացումներ ուներ իրագործելու։ Հայրենի Վայոց ձորի ժողովուրդը մեծագույն շնորհումով ու ակնածանքով անմար է պահում նրա  հիշատակը և խնկարկում այն ամենը, ինչը կապված է ազնվագույն հայորդու գործունեության ու կյանքի պայծառ էջերի հետ։

1999 թ. Ջերմուկ քաղաքի համայնքի ավագանու որոշմամբ Ջերմուկի հանրահայտ ըմպելասրահից մինչև Սառնաղբյուր ձգվող ճեմուղին անվանակոչվել է Ֆերդինանդ Ղազարյանի  անունով։ Ճեմուղու սկզբնամասում կանգնեցված է նրա հիշատակը հավերժացնող հուշաքարը։

Ահա այսպես է ազնիվ ու սկզբունքային, անսակարկելի ու անշահադետ հայրենասեր հայորդու հիշատակն անթառամ ապրում է հայրենի ժողովրդի հավաքական հիշողության մեջ։

                                                                                    Արմեն Կարապետյան
պատմական գիտությունների թեկնածու

 Հ.Գ. Ֆերդինանդ Ղազարյանին բնութագրող խոսքերի վկան է այն փաստը, որ 16 տարի անց հենց այսօր` դեկտեմբերի 16-ին,  Ջերմուկ քաղաքի ըմպելասրահում հավաքված վայոցձորցիները նշում են նրա հիշատակի օրը:

Դեկտեմբերի 14-ին Եղեգնաձորում մեկնարկեց անվանի քաղաքական և հասարակական գործիչ, Ֆերդինանդ Ղազարյանի ծննդյան 75-ամյակին նվիրված շախմատի հուշամրցաշարը, որին մասնակցում էին տարբեր տարիքային խմբի վայոցձորցի 26 շախմատիստներ: Հուշամրցաշարը անցկացվեց Շվեյցարական մրցակարգով: Այն ավարտվեց դեկտեմբերի 15-ին, իսկ արդյունքների ամփոփումն ու հաղթողների պարգևատրումը տեղի ունեցավ այսօր` դեկտեմբերի 16-ին, Ֆերդինանդ Ղազարյանի ծննդյան օրը Վայք քաղաքում:

 

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s