ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ


<<Կենսաթոշակային բարեփոխումների հիմնական նպատակը մեր հայրենակիցների և հատկապես աշխատող քաղաքացիների համար արժանավայել ծերության ապահովումն>>,- ասաց <<Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն>> հիմնադրամի տնօրեն Արտակ Ղազարյանը` հավելելով, որ կան նաև այլ խնդիրներ, որոնք բարեփոխումների արդյունքում իրենց լուծումն են ստանում: Պետական բյուջեից հիմնական բեռը տեղափոխվում է անձնական պատասխանատվության դաշտ, և աշխատանքային տարիների ընթացքում քաղաքացիներն իրենք են կուտակելու իրենց ապագա կենսաթոշակը, որը ստանալու է պետական կենսաթոշակին ի լրումն: Այսինքն` պետական կենսաթոշակից բացի քաղաքացիները կստանան նաև լրացուցիչ այն կենսաթոշակը, որը կկուտակեն իրենց աշխատած տարիների ընթացքում:

Պարտադիր կուտակային համակարգը, որը կներդրվի 2014թ-ից, վերաբերելու է 16-ից 40 տարեկան աշխատող քաղաքացիներին, այսինքն` կոնկրետ պարտադիր համակարգին միանալու են մինչև 40 տարեկան անձինք:

<<Յուրաքանչյուր ամիս պետք է կատարվեն կուտակումներ քաղաքացու անձնական հաշվին իրենց իսկ աշխատավարձի 10 տոկոսի չափով, որից 5 տոկոսը կվճարեն քաղաքացիները, իսկ մյուս 5 տոկոսը կվճարի կառավարությունը>>,- նշեց Արտակ Ղազարյանը:

Այն հարցին, թե քաղաքացիները կարող են հետևել իրենց հաշվին կուտակված գումարի չափին, Արտակ Ղազարյանը պատասխանեց. <<Միանշանակ: Ամբողջ համակարգը մշակվել է թափանցիկության սկզբունքի հիման վրա, աշխատող քաղաքացիները կունենան իրենց կենսաթոշակային հաշիվը, որը մատչելի կլինի ամբողջ տեղեկատվության առումով:

Բացի այդ, շատ կարևոր է, որ քաղաքացիները տիրապետեն որոշակի ֆինանսական գիտելիքների, որպեսզի կայացնեն տեղեկացված որոշումներ` հատկապես իրենց հաշիվը կառավարելիս, ֆոնդերի և ակտիվների կառավարիչների ընտրությունը կատարելիս և այլն: Տեղեկացված որոշումներ կայացնելը կարևոր է նոր կենսաթոշակային համակարգը առավելագույնս իրենց բարեկեցությանը ծառայեցնելու և առաջարկվող բազմաբնույթ ֆինանսական ծառայություններից օգտվելու համար>>:

***

Մասնակցությունը պարտադիր կուտակային բաղադրիչին հիմնված է պարտադիրության և կամավորության սկզբունքի հիման վրա: Ովքե՞ր են մասնակցելու պարտադիր կուտակային բաղադրիչին և ովքե՞ր չեն մասնակցելու:

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Սմբատ Սաիյանի՝ պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցելու են 1974թ. հուվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները, նոտարները և անհատ ձեռնարկատերերը: Մասնավորեցնելով նշենք, որ վարձու աշխատող են համարվում նաև հանրային, քաղաքացիական և համայնքային ծառայողները, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները, ՀՀ կառավարության անդամները: Կամավորության սկզբունքով պարտադիր կուտակային բաղադրիչին կարող են մասնակցել մինչև 1974թ.-ը ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը:

Կամավորության սկզբունքով պարտադիր կուտակային բաղադրիչին կարող են մասնակցել նաև ինքնազբաղված անձինք՝ անկախ տարիքից: Իսկ ինքնազբաղվածներ են համարվում օրենքով չարգելված որևէ գործունեությունից եկամուտ ստացող ֆիզիկական անձինք, մասնավորապես՝ գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերը, արտոնագրային վճար կատարողները /կոշկակար, գորգագործ, դարբին և այլն/ և քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա եկամուտ ստացող անձինք, որոնց եկամուտ վճարողները չեն համարվում հարկային գործակալներ:

Իսկ թե ովքե՞ր չեն մասնակցելու պարտադիր կուտակային բաղադրիչին, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետը նշեց, որ զինծառայողները և զինծառայողներին հավասարեցված անձինք՝ անկախ տարիքից, պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցներ չեն լինելու:

Զինծառայողների և զինծառայողներին հավասարեցված անձանց կենսաթոշակային ապահովությունն իրականացվելու է <<Պետական կենսաթոշակների մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Իսկ զինծառայողներին հավասարեցված անձինք են համարվում ոստիկանները, վարժական հավաքների կանչված զինապարտները, ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները, քրեակատարողական հիմնարկների ծառայողները, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության հարկադիր կատարողները:

 Նոր կենսաթոշակային համակարգում պարտադիր կուտակային բաղադրիչի վերաբերյալ <<Pastinfo.am>>-ի հարցերին պատասխանում է <<Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն>> հիմնադրամի տնօրեն Արտակ Ղազարյանը: 

– Մինչև պարտադիր կուտակային բաղադրիչին միանալը, արդյոք հաշվի առնվելու են անձի ձեռք բերած աշխատանքային ստաժի տարիները, և ինչպիսի՞ հաշվարկ է կատարվելու:

– Նոր կենսաթոշակային համակարգում պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակցի կենսաթոշակի չափը այլևս չի որոշվելու ըստ նրա աշխատանքային ստաժի տարիների, ինչպես ներկայում է, այլ պայմանավորված է լինելու նրա կատարած կուտակային վճարների չափով: Սակայն մինչև 2014թ. հունվարի 1-ն ունեցած աշխատանքային ստաժի տարիների համար պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները փոխհատուցում կստանան:

Եթե անձը պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից է և մինչև 2014թ. ընկած տարիների ընթացքում ունի աշխատանքային ստաժ, ապա կենսաթոշակի անցնելիս նա կստանա փոխհատուցում մինչև 2014թ. աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարվա համար և 2014թ.-ից հետո կատարած իր կուտակումները: Աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը սահմանում և պարբերաբար վերանայում է ՀՀ կառավարությունը` ելնելով պետական բյուջեի հնարավորություններից:

– Եթե անձը օտարերկրացի է կամ քաղաքացիություն չունի, բայց աշխատում է Հայաստանում, արդյոք նա պե՞տք է մասնակցի պարտադիր կուտակային բաղադրիչին:

-Եթե օտարերկրացին կամ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձը ծնվել է 1974թ. հունվարի 1-ին ու դրանից հետո և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է բազային եկամուտ, այսինքն` աշխատում է ՀՀ-ում գրանցված ընկերությունում և ստանում է եկամտային հարկով հարկման ենթակա աշխատավարձ կամ այլ եկամուտ, ապա նա պարտադիր կարգով պետք է մասնակցի պարտադիր կուտակային բաղադրիչին:

Եթե օտարերկրացին աշխատում է դիվանագիտական հաստատությունում կամ միջազգային կազմակերպությունում, որտեղից ստացած եկամուտը ենթակա չէ հարկման եկամտային հարկով, ապա նա պարտավոր չէ մասնակցել պարտադիր կուտակային բաղադրիչին: Ցանկության դեպքում նա կարող է մասնակցել այդ բաղադրիչին կամավոր:

– Անձը հնարավորություն կունենա՞ տեղեկություններ ստանալու իր վճարած եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի մասին:

– ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն վարելու է ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով ձևակերպված աշխատողների և նրանց գործատուների, ինչպես նաև ինքնազբաղվածների, անհատ ձեռնարկատերերի ու նոտարների կողմից կատարված կուտակային վճարի և եկամտային հարկի անձնավորված հաշվառում: Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցն այս համակարգում ունենալու է անհատական հաշիվ, որտեղ յուրաքանչյուր ամիս գրանցվելու է, թե որքան է կազմել տվյալ անձի բազային եկամուտը, որքան են կազմել եկամտային հարկը և պարտադիր կուտակային վճարը, և որքան կուտակային վճար է կատարվել անձի անհատական կենսաթոշակային հաշվին: Բոլոր այս տվյալները տեսանելի են լինելու անհատական հաշվի իրավատիրոջ համար. նշված տեղեկատվությունը ստանալու համար նա կարողանալու է համացանցով մուտք գործել իր անհատական հաշիվ կամ իր անհատական հաշվի գրավոր քաղվածքը պահանջել ՀՀ ԿԱ ՊԵԿ տարածքային ստորաբաժանումից:

Անհատական հաշվի քաղվածքը տարվա մեջ մեկ անգամ կտրամադրվի անվճար, դրանից հետո` վճարովի հիմունքներով:

– Իսկ ինչպե՞ս է կարգավորվելու անձի մասնակցությունը պարտադիր կուտակային բաղադրիչին, եթե նա չունի բազային եկամուտ:

– Եթե անձը չի աշխատում Հայաստանում գրանցված ընկերությունում և չի ստանում եկամտային հարկով հարկման ենթակա աշխատավարձ, ապա նա չի համարվում պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից: Այդ քաղաքացիներն, այնուամենայնիվ, չեն զրկվի պետական կենսաթոշակ ստանալու իրավունքից. 65 տարին լրանալուց հետո նրանք կստանան սոցիալական կենսաթոշակ, իսկ 10 տարի կամ ավելի աշխատանքային ստաժ ունենալու դեպքում՝ համապատասխան կենսաթոշակ:

Աղբյուր Pastinfo.am

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s