ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ


 

***

ՋԱՆԻԿ  ԱՍԼԱՆՅԱՆ

 

 

Վայոց ձորի ազգագրություն

Լույս է տեսել <<Վարդաձոր>> թերթի բարեկամ, մշտական ընթերցող Ջանիկ Ասլանյանի հերթական 10-երորդ` <<Վայոց ձորի ազգագրություն>> աշխատությունը, որը նվիրված է Վայոց ձորի մարզի Վայքի տարածաշրջանի բնակչության պատմությանը, սովորույթներին, զբաղմունքներին, կենցաղին, հավատալիքներին ու բարբառներին: Սիրահարված լինելով իր չքնաղ հայրենիքին, հող ու ջրին Ջ.Ասլանյանը սեղմ ու դիպուկ ձևով բնութագրել է նախ իրեն. <<Ես քո հոտաղն ու մաճկալն եմ եղել ու քո մտավորականը>>: Գիրքն էլ գրվել է իր բնութագրին համապատասխան` առանց ավելորդությունների, ընդհանուր գծերով ցույց տալով <<հին>> ու <<նոր>> վայքեցիների ընդհանուր արմատներն ու կերպը, Շահ Աբասի բռնագաղթի արդյունքում նրանց բաժանումն ու վերամիավորումը: Ի դեպ գրքի մտահղացման հեղինակներից է ազգագրագետ Յուրի Մկրտումյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի ազգագրության ամբիոնի հիմնադիրն ու վարիչը, որի խորհրդով էլ գրքի հեղինակը ձեռնարկել է այս աշխատությունը:

Գրքում տեղ են գտել ավանդական տեղանունները, բնակչության բաշխումն ըստ բնակավայրերի, կարելի է ծանոթանալ վիճակագրական տվյալներին, տնտեսությանն ու կենցաղին: Գիրքը համեմված է վայոցձորյան անեկդոտներով, զվարճալի զրույցներով, առածներով ու ասացվածքներով, առանձնակի նրբությամբ անցում է կատարվել դեպի հանելուկներ, շուտասելուկներ ու առակներ: Իսկ երգերն ու հեքիաթները կարծես նոր շունչ են տալիս այս յուրօրինակ ստեղծագործությանը:

Շնորհավորում ենք Ջանիկ Ասլանյանին <<Վայոց ձորի ազգագրություն>> աշխատության լույս ընծայման համար, ցանկանում նորանոր ստեղծագործությունների, հետաքրքիր ու բովանդակալից գրքերի հրատարակում:

***

ԵՐԻՏԱՍԱՐԴ  ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂ  ԱՇՈՏ  ԱՎԱԳՅԱՆ

Ծնվել է 1982թ. Եղեգնաձորում, սկզբնական կրթությունն ստացել մարզկենտրոնի թիվ 1 դպրոցում,

ընդունվել և սովորել է Երևանի Պետական Համալսարանի <<Արևելագիտության>> ֆակուլտետում:

Սկսած դպրոցական տարիներից նա աչքի է ընկել իր ակտիվությամբ, պատմության նկատմամբ մեծ հետաքրքրվածությամբ ու ստեղծագործելու իր ուրույն ձիրքով:

img196

Լույս է տեսել երիտասարդ ստեղծագործող Աշոտ Ավագյանի երկրորդ` <<ՊԱՆԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔ ԿԱՄ <<ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐ>> աշխատությունը: Առաջին գրքույկը փաստերի համառոտագրություն էր<<Գորշ գայլեր>>-ի մասին: Ըստ հրատարակիչ <<Հանուն հայրենիքի>> հկ-ի նախագահ Ներսես Ներսիսյանի <<ՊԱՆԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔ ԿԱՄ <<ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐ>> աշխատության տպագրության ժամանակ նկատի են ունեցել այդ թեմային վերաբերող մատչելի գրականության խիստ պակասը, և նաև մեծ պահանջարկը, և որոշել են երկրորդ անգամ անդրադառնալ թեմային առավել մանրամասնելով այն: <<Գրքույկն իր փոքր տպաքանակով սպառվեց մեծ արագությամբ,- գրում է Ն.Ներսիսյանը,- ինչից կարելի էր եզրակացնել, որ <<Գորշ գայլեր>>-ի գործունեությանը ծանոթ են միայն գիտական նեղ շրջանակներում: Այս նոր գրքի հրատարակման աշխատանքներն իրականացնելիս, ինչպես նաև միշտ, հավատարիմ ենք մնացել Նժդեհյան ազգային գաղափարախոսության կարևորագույն դրույթներին. <<Գերազանցիր թշնամուդ, որովհետև հաղթել նշանակում է գերազանցել թշնամուն>>:

<<ՊԱՆԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔ ԿԱՄ <<ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐ>> աշխատությունը շատ պարզ ու հասկանալի է բնութագրել ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պ.գ.դ. պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: <<Գորշ գայլերը>> գործում են աննկատ,- գրում է նա,-տարբեր մշակութային և սպորտային կազմակերպությունների անվան տակ, այդ իսկ պատճառով նրանց մասին լրատվությունը բավականին սակավ է, երբեմն էլ անհասանելի>>:

Փաստերի հանրագումարով գիտահանրամատչելի այս աշխատությամբ երիտասարդ ստեղծագործողը փորձել է ձեռքի տակ ունեցած նյութերի, գիտական աշխատանքների, համացանցի էջերի, համասփյուռի ու ձայնասփյուռի կայանների, թեման արծարծող հոդվածների միջոցով ճանաչել ու հասկանալ թուրքական հասարակական կյանքի հիմնական առանձնահատկության, գորշագայլական ազգայնամոլության իրական վտանգը, որի մասին ողջ տեղեկությունը հասցնել ընթերցողին:

Բացի այն, որ Աշոտը խորը անդրադարձ է կատարել պանթուրքական ազգայնամոլության ներկա դրսևորումների և ժամանակակից պանադրբեջանական շարժման ու <<Գորշ գայլեր>>-ի գործունեության քաղաքական դաշտին վերաբերվող փաստերին, նա առանձնակի հետաքրքիր և արժեքավոր փաստեր է ներկայացրել  նաև Հրանտ Դինքի, նրա ստեղծագործական ու քաղաքական կյանքի ու Ռաքել Դինքի մասին:

Պատմական հետաքրքիր փաստեր են ընդգրկված <<Էրգենեքոն>>+ <<Գորշ գայլեր>>-ԱՍԱԼԱ առճակատումներ բաժնում, որով ընթերցողը տեղեկանում է վերջերս հայտնաբերված մի շարք գաղտնի փաստաթղթերից տեղեկությունների, ըստ որոնց բացահայտվում են <<գորշ գայլերի>> հանցավոր անցյալը:

Թեկուզև աշխատությունը հիմնված է փաստերի վրա, բայց իր շարադրանքի պարզության, հակիրճության ու անմիջական ընկալունակության արդյունքում ընթերցվում է շատ հետաքրքիր ու կարելի է ասել առանց ընդհատումների:

Աշխատության խմբագիր Զոհրաբ Մուղդուսյանը ընթերցողին խորհուրդ է տալիս, որ այսօրվա քաղաքական-դիվանագիտական կյանքում ճիշտ գործողություններ ձեռնարկելու համար հարկավոր է մանրակրկիտ ուսունասիրել թուրքական պետությունների ներսում տեղի ունեցող զարգացումները, այդ թվում` թուրքական <<Գորշ գայլեր>> ազգայնական շարժման գործողությունների ձևերն ու ուղվածությունը, նրանց որդեգրած թիրախները: Անկասկած նման գրքի լույս ընծայումն այսօր առավել անհրաժեշտ է այն ընթերցողների համար, ովքեր ուզում են ճիշտ պատկերացում ունենալ <<Գորշ գայլեր>> ասվածի ու հենց պանթուրքիստական ու ծայրահեղ ազգայնամոլ կազմակերպության և նրա ուղղվածության մասին:

Շնորհավորում ենք Աշոտ Ավագյանին նման աշխատության ստեղծման համար` ցանկանալով նրան նորանոր հետաքրքիր ստեղծագործություններ ու արժեքավոր գրքեր:

Սեփական գրական տեղեկատվություն

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s