Դեկտեմբերի 13-ին Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված դպրոցի հիմնադրման 140-ամյակին: Այն կազմակերպել էր դպրոցի փոխտնօրեն Վարդիթեր Մարգարյանը:
Միջոցառմանը ներկա էին նաև համայնքապետ Մհեր Մովսիսյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, թիվ 2 միջն. դպրոցի /վերջերս անվանակոչվեց Լոմոնոսովի անունով/ ուսուցչական կոլեկտիվը՝ գլխավորությամբ տնօրեն Հասմիկ Դավթյանի, փոխմարզպետ Արամ Գրիգորյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, կենսաթոշակի անցած մանկավարժներ, դպրոցի ծնողական խորհրդի անդամներ, համայնքի մանկապարտեզների աշխատողներ, աշակերտներ, դպրոցի տարբեր տարիների շրջանավարտներ:
ՀՀ օրհներգի հնչյունների ներքո ազդարարվեց միջոցառման մեկնարկը, որից հետո դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Նարեկն ու Աննան ներկայացրին դպրոցի հիմնադրման պատմությունը, դպրոց, որտեղ իրենց կրթությունն են ստացել ոչ միայն Մալիշկայի բնակիչներ, այլև Դարալագյազ գավառի շատ նշանավոր մարդիկ:
Հոբելյանական տոնակատարության առիթով աշակերտների կթության ու դաստիարակության գործում ցուցաբերած անմնացորդ նվիրումի համար դպրոցի շուրջ 16 նախկին մանկավարժներ, որոնք վաստակած հանգստի են անցել, տնօրինության կողմից պարգևատրվեցին հուշանվերներով:
Այնուհետև ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը, ով իր խոսքում մասնավորապես ասաց. <<Հարգարժա΄ն հյուրեր, ուսուցիչներ, մասնակիցներ, բոլորիս ողջունում եմ այս կարևոր իրադարձության կապակցությամբ: Մոլորակի վրա ապրող յուրաքանչյուր մարդ կարող էր հպարտանալ, եթե իր համայնքում ունենար 140-ամյա դպրոց` իր հարուստ պատմությամբ: Իհարկե, և մեր երկրում, և աշխարհում կան ավելի հին և ավելի երիտասարդ դպրոցներ: Հիշենք, որ Դարալագյազի գավառը բոլորին հայտնի է դեռևս 730-ամյա Գլաձորի համալսարանով…>>:
Ողջույնի խոսքով հանդես եկան փոխմարզպետ Ա. Գրիգորյանը, Մալիշկայի համայնքապետ Մ. Մովսիսյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ա. Ղազարյանը և կենսաթոշակի անցած ուսուցչուհի Ժ. Աղախանյանը:
Հոբելյանական տոնակատարության ընթացքում իրենց անզուգական ելույթներով հանդես եկան <<Սայաթ-Նովա>> Ջիվանու անվան աշուղական դպրոցի Վայոց ձորի մասնաճյուղի սաները` ղեկավարությամբ միջազգային մրցույթների դափնեկիր, մեդալակիր Սամվել Գրիգորյանի: Անհատական յուրօրինակ կատարումներով հանդես եկան Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Բորիս Իսրայելյանը, 11-րդ դաս. աշակերտ Մհեր Պողոսյանը, 10-րդ դաս. աշակերտ Արտակ Հարությունյանը և այլք:
Ջերմ ու անմիջական մթնոլորտում անցավ հոբելյանական միջոցառումը. համերգային ծրագրի ընթացքում դպրոցի աշակերտները շուրջպար բռնեցին:
Վերջում բոլորը տպավորված հեռացան դահլիճից:
Սիրան Սարգսյան