ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄԻՑ ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑ
ՍԻՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ
***
Փետրվարի 13-ին՝ ժամը 17:30-ին, Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Տյառնընդառաջին նվիրված եկեղեցական արարողություն, որին ներկա էին Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետարանի պատասխանատու աշխատողներ, թեմի կառույցների աշխատակիցներ և հավատացյալներ: Երեկոյան ժամերգության ավարտին հավաքված հավատացյալները դուրս եկան եկեղեցու բակ, ուր վառեցին խորհրդանշական կրակը, ապա ներկաներին բաժանվեց Տյառնընդառաջի տոնին բնորոշ ավանդական քաղցրավենիքներ:
Սբ. Խորանի վրայից իրենց մոմերը վառեցին հավատացյալներ, մարզպետ Է. Ղազարյանն ու Տ.Վազգեն քահանա Հովհաննիսյանի առաջնորդությամբ երթով շարժվեցին դեպի <<Արագիլ>> կինոթատրոնի բակ, ուր նույնպես վառեցին Տյառնընդառաջի խարույկը, ապա ողջույնի խոսքով հանդես եկան Տեր Հայրը և Է. Ղազարյանը:
Այնուհետև տեղի ունեցավ մշակութային հանդիսություն, որի ընթացքում ազգային երգ ու պարով է’լ ավելի տոնական դարձրին Տյառնընդառաջի միջոցառումը: Երեկոյան խինդն ու ջերմությունը կրկնապատկվեց, երբ հանդես եկան <<Հայ ֆայր>> պարի խմբի սաները: Կրակներով նրանց պարային կատարումներն առավել հատկանշական էին Տյառնընդառաջին: Տոնական միջոցառումը եզրափակվեց հրավառությամբ: Տյառնընդառաջի տոնակատարությունների կազմակերպմանն աջակցել էին մարզպետարանը, Եղեգնաձորի քաղաքապետարանը, Սբ. Աստվածածին եկեղեցու այս տարվա խաչքավոր Գագիկ Սարդարյանը, Եղեգնաձորի մշակույթի տունը, թեմի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը և Երիտասարդաց միությունը:
<<Երկնավոր Թագավորի սուրբ զորապետ, անմահի սիրով աշխարհին խաչված Սուրբ Սարգիս, պսակված Տիրոջ հաղթող խաչով մեր անձերի փրկության համար եղիր բարեխոս մեր և Տեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի մոտ, ում վայել է փառք, իշխանություն և պատիվ>>:
Հաջորդ օրը` փետրվարի 14-ին ժամը 10:30-ին, Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Տյառնընդառաջին նվիրված Սբ. Պատարագ: Պատարագիչն էր Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը: Նույն օրը՝ ժամը 15:30-ին, Սբ. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Սբ. Սարգսի տոնի նախատոնակը, ապա բաժանվեցին աղի բլիթներ, որոնք նախորդ օրը երեկոյան պատրաստվել էին առաջնորդարանում` թեմի Երիտասարդաց միության անդամների նախաձեռնությամբ:
Այնուհետև եկեղեցու բակում ելույթ ունեցավ Արենիի պարի համույթը՝ ղեկավարությամբ Դավիթ Հովհաննիսյանի: Նրանց ժողովրդական ուրախ պարերն արժանացան հանդիսատեսի բուռն ծափողջույններին:
Ամենայն Հայոց Գարեգին Բ Հայրապետի տնօրինությամբ Սբ. Սարգսի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Փետրվարի 15-ին՝ Սբ. Սարգսի տոնի օրը, ժամը 15:00-ին, Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Երիտասարդների օրհնության կարգ: Եկեղեցում հավաքված երիտասարդներին օրհնեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը:
***
Փետրվարի 13-ին Մալիշկա համայնքի Սբ. Աննա եկեղեցում ևս Տյառնընդառաջի նախատոնակն էր, որին ներկա էին Մալիշկայի համայնքապետ Մհեր Մովսիսյանը, գյուղապետարանի աշխատակիցներ, եկեղեցու այս տարվա խաչքավոր Սամվել Սարգսյանը, Մալիշկայի թիվ 1 և թիվ 2 միջն. /վերջերս անվանակոչված Մ. Լոմոնոսովի անունով/ դպրոցների աշակերտները, ուսուցիչները և բազմաթիվ հավատացյալներ: Տյառնընդառաջի տոնի մասին խոսեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ.Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ապա վառեցին Տյառնընդառաջի խարույկը, որից հետո ներկաներին բաժանվեց Տյառնընդառաջի տոնին բնորոշ ավանդական քաղցրավենիքներ: Միջոցառմանը տոնական տրամադրություն հաղորդեց <<Մալիշկա>> պարային համույթը՝ ղեկավարությամբ Դ. Մարտիրոսյանի: Փետրվարի 14-ին՝ ժամը 18:00-ին, Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցում տեղի ունեցավ Սբ. Սարգսի տոնի նախատոնակը, որից հետո երիտասարդներին բաժանվեցին աղի բլիթներ, ապա ելույթ ունեցավ <<Հայ ֆայեր>> պարի խումբը՝ ներկայացնելով կրակների պարային շոու: Կազմակերպված միջոցառումներին աջակցել էր եկեղեցու այս տարվա խաչքավոր Սամվել Սարգսյանը:
***
Փետրվարի 14-ին Ջերմուկ առողջարանային քաղաքի քրիստոնյա բնակիչները հավաքվել էին Սբ. Գայանե եկեղեցում՝ մասնակցելու Տյառնընդառաջի տոնին նվիրված Սբ. Պատարագին: Պատարագիչն էր Ջերմուկի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանա Սահակյանը: Սբ. Պատարագի ավարտին կատարվեց նորապսակների օրհնության կարգ: Տեր Գալուստ քահանա Սահակյանը շնորհավորեց բոլոր հավատացյալներին և նորապսակներին Տյառնընդառաջի տոնի կապակցությամբ` ցանկանալով նրանց առողջություն, երջանկություն: Նորապսակներին անակնկալ նվերներ էր պատրաստել բարերարի տիկին Գայանե Արսենյանը: Եկեղեցու բակում վառվեց Տյառնընդառաջի խարույկը, որից հավատացյալները օրհնված մոմերը վառեցին ու տարան իրենց տները:
Փետրվարի 15-ին՝ Սբ. Սարգսի տոնի օրը, Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցում տեղի ունեցավ Երիտասարդների օրհնության կարգ: Եկեղեցում հավաքված երիտասարդներին օրհնեց Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանը և մաղթեց, որ Աստված ի կատար ածի բոլոր երիտասարդների ցանկությունները: