Ջերմուկում մարտի 2-ին՝ ՀՀ դիվանագետի օրը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ներկայությամբ տեղի ունեցավ Ջերմուկի դեսպանների ակումբի հանդիպումը:
Դեսպանների ակումբը հիմնադրվել է անցյալ տարի Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի նախաձեռնությամբ: Ակումբի նախագահն է ի պաշտոնե Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի դուայեն (ավագ) Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը:
Ավանդույթի համաձայն` ակումբի ամենամյա հանդիպումները հյուրընկալվում են Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի և Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի կողմից:
Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ՀՀ արտգործնախարարի տեղակալները, Հայաստանում հավատարմագրված դեսպանները:
Էդվարդ Նալբանդյանն ակումբի անդամների հետ քննարկեց 2013 թ. Հայաստանի արտաքին քաղաքական բնագավառում տեղի ունեցած զարգացումները, միջազգային կազմակերպություններում ներգրավվածության խորացման և համագործակցության սերտացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող քայլերը, միջազգային և տարածաշրջանային օրակարգային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:
Է.Նալբանդյանը և դեսպանները մտքեր փոխանակեցին Հայաստանի և ներկայացված երկրների միջև հարաբերությունների զարգացման նպատակով իրականացված ծրագրերի և ընթացիկ տարվա անելիքների վերաբերյալ:
Այդ օրը նշանավորվեց նաև «Հրաժեշտ ձմռանը» վայոցձորյան մարզա-մշակութային տոնակատարությամբ, որին մասնակցեցին նաև ՀՀ դիվանագետի օրվա կապակցությամբ Ջերմուկի դեսպանների ակումբի հանդիպմանը մասնակից Հայաստանում հավատարմագրված դեսպանները և ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:
Մարզային տոնախմբությունը մեկնարկեց Հայ Առաքելական Եկեղեցու Վայոց ձորի թեմի Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանի օրհնությամբ ու մարզպետ Է.Ղազարյանի բացման խոսքով: Continue reading