Մարտի 18-ին մարզպետարանի նիստերի դահլիճում մարզպետ Էդգար Ղազարյանի նախագահությամբ տեղի ունեցավ մարզխորհրդի հերթական` թիվ 2 նիստը:
Մարզպետ Է.Ղազարյանը նախ շնորհավորեց մարտի 9-ին կայացած ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրված Եղեգիս համայնքի ղեկավար Յուրիկ Մկրտչյանին և վերընտրված ղեկավարներ Սուրիկ Սարգսյանին (Զեդեա), Գայ Օհանյանին (Հերմոն), Միսակ Կարապետյանին (Նոր Ազնաբերդ), Սիմոն Բաբայանին (Սարավան), մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք՝ ի շահ իրենց ղեկավարած համայնքների զարգացման և ի բարօրություն համայնքների բնակիչների: Ապա ամբիոնի մոտ հրավիրեց մարզխորհրդի նիստի օրակարգում ներառված հարցերը և հայտարարությունները ներկայացնող պաշտոնատար անձանց:
Մարզպետը նաև լրացուցիչ պարզաբանում տվեց Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կարևորության ու անհրաժեշտության վերաբերյալ:
Նիստի ընթացքում կայացավ հանդիպում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ: Նախարարը խոսեց նախորդ տարվա արդյունքների և ընթացիկ տարվա անելիքների մասին: Նա նշեց, որ 2014 թ. առավել մեծ ջանքերով են օժանդակելու մարզերում գյուղացիական կոոպերատիվների ստեղծման գործում: Խոսեց պետական աջակցության ծրագրերով մարզի հողօգտագործողներին հատկացվելիք դիզելային վառելանյութի, ազոտական, ֆոսֆորական, կալիումական պարարտանյութերի, ինչպես նաև գարնանացան գարու, եգիպտացորենի ու առվույտի սերմացուի տրամադրման մասին: Խոսեց նաև մարզում արտադրված գյուղմթերքների մթերումը ժամանակին և անկորուստ կազմակերպելու խնդիրների շուրջ: Սերգո Կարապետյանը տեղեկացրեց, որ «Հայկական միրգ» ԲԲԸ-ի կողմից մարզի համայնքներում նախատեսվում է հիմնել 70 հա ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր պտղատու այգիներ: Նախարարը կարևորեց մարզի վարելահողերի արդյունավետ օգտագործումը: Նա նշեց նաև մարզում այծաբուծության բարձր ցուցանիշների մասին: Ներկաներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին նախարարին:
Սերգո Կարապետյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով պարգևատրեց այգեգործ-գինեգործներ Հուսիկ Սահակյանին և Աղասի Բաղդասարյանին, իսկ շնորհակալագրերով՝ մարզի մի շարք համայնքների ղեկավարների, ֆերմերների և այգեգործների:
Վերջում մարզպետը շնորհակալություն հայտնեց նախարարին մարզ այցելելու կապակցությամբ և կարևորեց նախարարի օժանդակությունը մարզում գյուղարտադրանքի մթերումների կազմակերպման, ինչպես նաև գյուտնտեսության ոլորտի այլ խնդիրների լուծման հարցում: