***
Ուսուցչաց հավաք Վայքում
Մարտի 21-ին Վայքի ավագ դպրոցում Վայոց ձորի մարզի Վայքի և Ջերմուկի տարածաշրջանների Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչների հավաք էր: Այն նախաձեռնել էր Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի Եղեգնաձորի պատասխանատու Հուսիկ Հարությունյանը:
Աղոթքից հետո «Պահքը և քրիստոնյայի հոգևոր բարոյական դիմագիծը» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը: Ապա թեմայի վերաբերյալ և ուսուցիչներին հուզող հարցերին պատասխանեց Հայր Սուրբը: Ուսուցիչների որակավորման, դասավանդման մեթոդների ակտիվացման և այլ խնդիրների մասին խոսեց Հ. Հարությունյանը: Եղան առաջարկներ, քննարկումներ:
Հավաքն ավարտվեց աղոթքով:
***
Եկեղեցասիրաց երիտասարդաց ժողով Ջերմուկում
Մարտի 15-ին Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցու եկեղեցասեր երիտասարդները ժողով հրավիրեցին, որի ընթացքում քննարկեցին անցած տարվա գործողությունների պլանը, ընդգծեցին թերությունները, բացթողումները և համատեղ առաջարկություների հիման վրա ու տեղի քահանա Տեր Գալուստ Սահակյանի հավանությումբ, կազմեցին 2014թ. գործողությունների պլանը:
Ջերմուկի երիտասարդները 2014թ. նախատեսեցին մի շարք ուխտագնացություններ, բնապահպանական ծրագրեր, միջոցառումներ, մի շարք այլ հետաքրքիր գաղափարներ, որոնք կօգնեն Ջերմուկի պասիվ երիտասարդներին, մեծահասակներին, երեխաներին մերձենալ Հայ Առաքելական Սբ. Եկեղեցուն և առավել ակտիվ դարձնել իրենց կյանքը:
Ժողովն ավարտվեց Տեր Գալուստ քահանա Սահակյանի եզրափակիչ խոսքով և օրհնությամբ, որպեսզի Աստծո օգնությամբ կարողանան իրականացնել բարուն ծառայող ծրագրերը: