ԼՈՒՐԵՐ ՄԱՐԶԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ


***

Մարտի 28-ին մարզպետարանում կազմակերպվեց խորհրդակցություն` առաջիկա օրերին հանրապետությունում սպասվող ջերմաստիճանի կտրուկ նվազման առիթով կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ: Մարզ ժամանած ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը ներկայացրեց ՀՀ գյուղ. նախարար Սերգո Կարապետյանի հանձնարարականը, ըստ որի անհրաժեշտ է մարզի այն համայնքներում, որտեղ արդեն ծաղկել են կորիզավոր պտղատու այգիները /հիմնականում վերաբերում է ծիրանենուն/, գյուղացիներին իրազեկել, որ ծխահարման միջոցով պայքարեն ցրտահարության դեմ և հնարավորինս բերքը փրկեն սպասվելիք ցրտահարությունից: Քննարկվեց նաև ոռոգման նախապատրաստական աշխատանքները:

Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցները, Վայոց ձորի ԳԱՄԿ-ի աշխատակազմը, մարզի համայնքապետեր, բնապահպանության և ոռոգման ոլորտների աշխատակիցներ, շահագրգիռ ֆերմերներ:
Ցրտահարությունը հիմնականում սպասվում էր մարտի 30-ից 31-ը:
Մարտի 31-ին փոխնախարար Ռոբերտ Մակարյանը կրկին կայցելի մարզ և մարզպետ Էդգար Ղազարյանի հետ վերջնական շրջայց կկատարեն համայնքներում:

***

– Վայոց ձորի մարզում ցրտահարության վնասն այնքան էլ մեծ չէ, որքան Արարատյան հարթավայրում,- ասում է մարզպետ Էդգար Ղազարյանը,- դեռեւս ուսումնասիրվում է վնասների չափը, բայց քանի որ մարզում տարբեր գոտիներ կան, բնականաբար, ծիրանենիների ծաղկման ժամանակները տարբեր են, ուստի վնաս են կրել ցածրադիր համայնքներում գտնվող այգիները: Իսկ միջին ու բարձր լեռնային գոտիներում մասնագետների կարծիքով, ցրտահարությունն այնքան շատ վնաս չի պատճառել: Մեր այգիները, հիմնականում, գտնվում են միջին լեռնային ու բարձր լեռնային գոտիներում, որտեղ ցրտահարության հասցրած վնասի չափը պետք է որ մեծ չլինի: Կա նաեւ եզրակացություն, թե պետք է որ վնասված չլինեն նաեւ խաղողի այգիները, որովհետեւ մեր մարզում խաղողի բողբոջման շրջանը դեռ չի սկսվել: Կեռաս, դեղձ, սալոր եւ այլ պտղատեսակները հիմնականում գտնվում են բարձր լեռնային գոտիներում: Դեղձի մի մասը կարող է վնասված լինել: Բայց, օրինակ, մենք Գնդեվազում ունենք բավականին շատ ծիրանի այգիներ, դրանց տեղը բարձր է, չեն ծաղկել, ու, ըստ էության, այնտեղ ընդհանրապես այգիները չեն վնասվել: Continue reading