ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ


 

604Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանի ուղեկցությամբ Հուլիսի 30-ին այցելեց Վայոց ձորի մարզ:
Կառավարության ղեկավարի առաջին կանգառը Գլաձոր համայնքում էր, որտեղ վարչապետի ներկայությամբ բացվեց համայնքի հիմնանորոգված մանկապարտեզը: Հովիկ Աբրահամյանը Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ շրջեց մանկապարտեզով՝ ծանոթացավ կատարված աշխատանքներին և երեխաների համար ստեղծված պայմաններին: Մանկապարտեզի հիմնանորոգման նպատակով ներդրվել է շուրջ 120 մլն դրամ, որի հիմնական մասը հատկացվել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից: Եվս 12 մլն դրամ ներդրվել է համայնքի բյուջեից: Ներկայում 120 երեխա ընդունելու հնարավորությամբ մանկապարտեզ է հաճախում 110 երեխա: Նախակրթարանը համալրվել է նոր գույքով և գրենական պիտույքներով:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանն այցելեց Զառիթափ համայնքի մոտակայքում կառուցվող սպանդանոցի շինհրապարակ՝ ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին: Սպանդանոցի բարձրակարգ սարքավորումները հատկացնելու է ՀՀ կառավարությունը՝ տրամադրելով 127 հազար ԱՄՆ դոլար: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը զեկուցեց, որ մասնավոր-պետություն համագործակցությամբ կառուցվող սպանդանոցի շինարարության համար մասնավորը ներդրել է 265 հազար ԱՄՆ դոլար, սարքավորումները կներկրվեն մոտակա ժամանակներս, իսկ սպանդանոցը կսկսի գործել մինչ տարեվերջ:


ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ ՀՀ-ում ներկայում կառուցվում է 5 սպանդանոց. երկուսը՝ Կոտայքի մարզում, ևս մեկական սպանդանոցներ՝ Վայոց ձորի, Լոռու և Արագածոտնի մարզերում: Ներկայում ընթանում են սպանդանոցների շինարարական աշխատանքները: Ծրագրի նպատակն է Հայաստանի մի քանի մարզերում կազմակերպել մսամթերքի ապահով և հիգիենիկ արտադրություն:
Վարչապետի հաջորդ կանգառը մարզի սահմանամերձ Գոմք համայնքն էր, որտեղ բացվել է տեղի վերանորոգված համայնքային կենտրոնը: Վերջինիս վերանորոգումն իրականացվել է ՀՀ կառավարության և «Քաունթրփարթ ինթերնեշնլ» կազմակերպության համաֆինանսավորմամբ, ինչպես նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: «Քաունթրփարթ ինթերնեշնլ» կազմակերպության կողմից համայնքում բացվել է կարի ֆաբրիկա՝ 11 կարի մեքենայով, որտեղ գյուղի կանանց ուսուցանվում են կարելու հմտություններ: Համայնքում պետական աջակցությամբ և մարզպետարանի կողմից վերջին ժամանակահատվածում իրականացվել է նաև դպրոցի վերանորոգում, պարարտանյութի, սերմացուի, վառելիքի բաշխում՝ շուկայականից ցածր գնով: Միջազգային կազմակերպությունների աջակցությամբ համայնքում ձևավորվել է 37 կանանցից բաղկացած գյուղատնտեսական կոոպերատիվ, կառուցվել է 40 տոննա տարողությամբ մրգի սառնարան-պահեստարան և 400 քմ մակերեսով ջերմոց:
Գոմքից Հովիկ Աբրահամյանն ուղևորվեց Զառիթափ, սահմանամերձ Նոր Ազնաբերդ և Խնձորուտ համայնքներ: Վարչապետը զրուցեց տեղի բնակչության հետ՝ ծանոթացավ նրանց խնդիրներին, պատասխանեց հետաքրքրող հարցերին: Բնակչության բարձրացրած հարցերը մեծամասամբ վերաբերում էին ոռոգման ջրագծի, ճանապարհների կառուցմանը, ուսանողների ուսման վարձերին և այլ: Կառավարության ղեկավարը խոստացավ երեք համայնքների ոռոգման ջրագծերի կառուցման աշխատանքները դարձնել առաջնահերթություն: Այդ նպատակով կառավարությունը կհատկացնի անհրաժեշտ միջոցներ: Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց կազմել Զառիթափի և Նոր Ազնաբերդի ոռոգման ջրագծերի նախագծանախահաշվային փաստաթղթերը և ներկայացնել կառավարություն: Խնձորուտի բնակչությանը վարչապետը տեղեկացրեց, որ տեղի ոռոգման ջրագծի կառուցման նպատակով գործադիրը հատկացրել է 41 մլն դրամ: Հովիկ Աբրահամյանը սահմանամերձ Խնձորուտ համայնքի ղեկավարին հանձնարարեց նաև ներկայացնել համայնքի ուսանողների ցանկը՝ նրանց ուսման վարձը կառավարության կողմից փոխհատուցելու նպատակով:
Վարչապետը բնակիչների հետ զրույցում նշեց, որ սահմանամերձ գյուղերը գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, առաջիկայում կառավարությունը նախատեսում է սահմանամերձ համայնքներում հաստատել ազատ տնտեսական գոտի, ինչը կնպաստի ներդրումների ներգրավմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Նշված համայնքների բնակիչները շնորհակալություն հայտնեցին կառավարության ղեկավարին՝ իրենց այցելելու, խնդիրները լսելու և դրանց համապատասխան լուծումներ տալու համար:
Վարչապետը զրուցեց նաև Խնձորուտ համայնքին մերձակա սահմանագոտում ծառայություն իրականացնող զինծառայողների հետ, հետաքրքրվեց սահմանում տիրող իրավիճակով: Զինծառայողները վստահեցրին, որ սահմանը հսկվում է ամենայն ուշադրությամբ և անառիկորեն: Կառավարության ղեկավարը շնորհակալություն հայտնեց զինծառայողներին հայրենիքի սահմանները պաշտպանելու համար և մաղթեց բարի ծառայություն:

Աղբյուրը՝ gov.am

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s