Ժ.Ժ.Ռուսո
Հունիսի 1-ին մարդաշատ էր Եղեգնաձորի քաղաքային մարզադաշտը: Եղեգնաձորցիները հավաքվել էին տոնելու երեխաների պաշտպանության միջազգային օրը: Քաղաքապետարանի նախաձեռնությամբ տոնը նշվեց հավուր պատշաճի:
Միջոցառման մասնակից մանուկներն իրենց ուժերն էին չափում տարբեր մարզաձևերում: Մասնակցում էին Եղեգնաձորի, Վերնաշենի, Ռինդի, Արփիի, Գլաձորի, Թառաթումբի և Աղավնաձորի թիմերը:
Միջոցառումն սկսվեց տակ-վոնդո մարզաձևի սաների ցուցադրական ելույթով (մարզիչ` Վահան Վարդանյան), այնուհետև ցուցադրական ելույթ ունեցան շոտական կարատեի սաները (մարզիչներ` Կարեն Սարգսյան և Յուրա Վարդանյան), ելույթ ունեցան նաև կուլտուրայի տան պարի համույթները և գեղարվեստական մարմնամարզության սաները: Մի քանի ժամ տևած մրցությունն անցավ բարձր մակարդակով, թեժ պայքար ծավալվեց բոլոր մարզաձևերում:
Ֆուտբոլի մրցաշարում մասնակցեցին 1997-2001 թ. ծնված մարզիկները:
Փոքրերի մրցաշարում 1-ին տեղը գրավեց Եղեգնաձորի, 2-րդը` Գլաձորի և 3-րդը` Արփիի թիմերը: Մեծ տարիքային խմբի պայքարում 1-ին տեղը գրավեց Եղեգնաձորի, 2-րդը` Գլաձորի և 3-րդը` Ռինդի թիմերը:
Շախմատի մրցաշարին մասնակցում էր 16 շախմատիստ: Լարված պայքարում անցած մրցույթում 1-ին տեղը գրավեց Սիրանուշ Հովհաննիսյանը, 2-րդը` Տիգրան Բաղդասարյանը և 3-րդը` Անի Կարապետյանը:
100մ վազքի մրցույթում հաղթեց Աշոտ Արամյանը, 2-րդ և 3-րդ տեղերը` համապատասխանաբար Վարդան Հովհաննիսյան ու Աշոտ Ղազարյանը:
1000մ վազքի մրցույթում հաղթեց Դավիթ Բոյաջյանը, իսկ 2-րդ և 3-րդ տեղերը` Նարեկ Վարդանյանն ու Վահե Գևորգյանը:
Հաղթանակի բերկրանքը ցնծություն էր պարգևում ոչ միայն երեխաներին, այլ նրանց ծնողներին ու հարազատներին, ուսուցիչներին ու կազմակերպիչներին:
Մրցույթում մրցանակային տեղեր գրաված մարզիկները և թիմերը պարգևատրվեցին ժամացույցներով, մարզահագուստներով, գնդակներով և դիպլոմներով:
Ուրախ ու սրտառուչ այս միջոցառման կազմակերպման ու իրականացման աշխատանքները հովանավորել էին Վարդան Հարությունյանը, Նաիրի Վարդանյանը, Թաթուլ Առաքելյանը, Սուրիկ Ավագյանը և Հարութ Հարությունյանը: Բարեգործությունը խրախուսելի է ցանկացած տեսքով ու ցանկացած պահի, բայց այն առանձնապես կարևորվում է երբ այն ուղղվում է մանուկներին: Եթե ուզում ես ունենալ առողջ ու բարեկեցիկ կյանքով ապրող հասարակություն պետք է ավելի լրջորեն ու սրտացավ մտածենք մատղաշ սերնդի կրթության ու դաստիարակության մասին: Ամեն ինչ անենք նրանց կյանքը անհոգ, երջանիկ ու հագեցած դարձնելու, յուրաքանչյուր օրը տոնի վերածելու համար:
Շնորհակալություն թե՛ նախաձեռնողներին, թե՛ հովանավորներին և թե՛ միջոցառմանն իրեն նպաստը բերած բոլոր մասնակիցներին:
Լուսանկարներն ու տեքստը՝ Սամվել Հարությունյանի