ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՈՆԸ ԱՐԿԱԶԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ՎԱՆՔՈՒՄ
Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Սեպտեմբերի 13-ին Արկազի Սուրբ Խաչ վանքում այս տարի նույնպես առանձնակի հանդիսավորությամբ ու մեծ շուքով նշվեց Խաչվերացի տոնը: Խաչվերացը Վայոց ձորի տարածքում համարվում է Սբ. Խաչ վանքի ուխտի օր, ինչը հատկանշական է նրանով, որ վանքի հարավ-արևելյան ավանդատանն ամփոփված է Հիսուս Քրիստոսի խաչելության փայտի մասունք, ինչի պատճառով էլ վանքը կոչվում է Սուրբ Խաչ: Խաչվերացին նախորդող շաբաթ երեկոյան Սբ. Խաչ վանքում, գլխավորությամբ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի, տեղի ունեցավ կիրակնամտից ժամերգություն:
Հաջորդ օրը Խաչվերացի տոնի առիթով ուխտագնացություն կազմակերպվեց դեպի Սուրբ Խաչ վանք: Տարբեր մարզերից և Վայոց ձորից ուխտի էին եկել բազմաթիվ ուխտավորներ:
Վայոց ձորի թեմի աշխատակից Խնկանուշ Մարկոսյանի նախաձեռնությամբ Սբ.Խաչ վանք ուխտի էին եկել նաև Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ:
Այնուհետև մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը:
Ներկա էին Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանը, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թովմա քհն. Անդրեասյանը, Սբ. Խաչ եկեղեցու այս տարվա խաչքավոր Նորիկ Հակոբջանյանը: Սբ. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց Հոգեշնորհ Հայր Սուրբը`«Ամենահաղթ զորությունը Խաչիդ, Քրիստո′ս, տրվեց որպես օգնություն թշնամու դեմ Քո զորությամբ պատերազմելու համար» բնաբանով: Continue reading