Հոկտեմբերի 1-ին մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ փոխմարզպետներ Սամվել Թարվերդյանի և Մելս Հարությունյանի մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության խորհրդական Դիրկ Լորենցի հետ: Նրան մարզ էին ուղեկցել միության պատվիրակության քաղաքական հարցերի պատասխանատու Անդրեա Խալուպովան, մամուլի և տեղեկատվության պատասխանատու Անահիտ Ազատյանը, Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլին, Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Կիսլերը, Շվեդիայի Թագավորության գործերի հավատարմատար Մորթեն Էնբերգը, Մեծ Բրիտանիայի Թագավորության փոխդեսպան Ըմայաս Մորսը: Հանդիպումը հանրապետության մարզեր ամենամյա այցելության շրջանակում կազմակերպվել էր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության խորհրդական Դիրկ Լորենցի կողմից:
Մարզպետ Հ.Սարգսյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին այցելության և մարզի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար, ապա համառոտ ներկայացրեց մարզի տնտեսությունն ու զարգացման հնարավոր ուղիները՝ գյուղատնտեսության, անասնապահության, արդյունաբերության, զբոսաշրջության, ինչպես նաև բուժական զբոսաշրջության բնագավառներում, նշելով Ջերմուկի հանքային ջրի բուժական հատկությունների և ձյունառատ ու մեղմ ձմռան մասին: Հյուրերն առանձնապես հետաքրքրվեցին արտաքին ներդրումների շնորհիվ տնտեսության զարգացման հնարավորություններուվ, նշելով իրենց կողմից հայտարարված Տարածքային Զարգացման Պիլոտային Ծրագրի մասին, որն իրականացվելու է ՀՀ մարզերում, այդ թվում և Վայոց ձորում: Մարզպետը կարևորեց նաև դրամաշնորհային ծրագրերով տնտեսության զարգացման հնարավորությունները և հավելեց, որ ՀՀ կառավարությունն ու ՀՀ ԳՀ-ն նույնպես ծրագրեր են իրականացնում մարզերում գյուղացիական կոոպերատիվների ձևավորման նպատակով: Նա հույս հայտնեց, որ տնտեսության զարգացման համար նման ծրագրերի իրականացման արդյունքում կհաղթահարվի անկախության տարիներին օբյեկտիվ պատճառներով ստեղծված դժվարությունները:
Կողմերը երկուստեք հայտնեցին հետագա համագործակցության պատրաստակամություն: Վերջում հյուրերը դիտեցին Վայոց ձորի տնտեսության ոլորտները ներկայացնող պաստառներ:
***
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզպետարանում էր, որտեղ և մարզպետ Հարություն Սարգսյանի մասնակցությամբ անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, համայնքապետերը, մարզի ջրօգտագործող ընկերությունների տնօրենները և ՀՀ ԲՆ տարածքային բաժինների պետերը: Քննարկվեց մարզի բնապահպանական խնդիրները, մասնավորապես` որսագողության, փոքր ՀԷԿ-երի գործունեության հետ կապված, համայնքներում ոռոգման, աղբավայրերի և այլ հարցերը:
Նախարարը ողջունելով ներկաներին` խոսեց բնապահպանական այն խնդիրների մասին, որոնց հետ կապված քննարկման անհրաժեշտություն էր առաջացել: Նշվեց, որ մարզի տարածքում կան որոշ ջրօգտագործողներ, այդ թվում նաև համայնքներ, որոնք չունեն ջրօգտագործման համապատասխան փաստաթղթեր, կամ դրանց առկայության դեպքում՝ լիովին չեն համապատասխանում օրենքի պահանջներին: Նախարարությունը պատրաստ է աջակցել վերջիններիս` համապատասխան մասնագիտական աջակցություն ցուցաբերելով ջրօգտագործման թույլտվությունները ձևակերպելու գործընթացում: Մարզի ջրօգտագործող ընկերությունների ղեկավարները հայտնել են, որ որոշ ՓՀԷԿ-երի անկանոն աշխատանքի արդյունքում ոռոգման շրջանում լինում է համայնքների ջրամատակարարման խափանման դեպքեր և ՀՀ բնապահպանության նախարարին խնդրել են աջակցել խնդրի լուծման հարցում:
Նախարար Արամայիս Գրիգորյանը ԲՆ համապատասխան ստորաբաժանման ղեկավարին հանձնարարել է վերանայել հիշատակված փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունները և գործող օրենքների շրջանակում հարցին տալ լուծում` շեշտելով, որ ՀՀ կառավարությունն այսօր առաջնայնությունը տալիս է ոռոգման խնդիրների լուծմանը: Ա.Գրիգորյանը բարձրացրեց նաև աղբավայրերի հարցը` շեշտելով որ որոշ համայնքների համապատասխան տարածքներում կատարվում է աղբահանություն, սակայն անհրաժեշտ է, որ ծավալվի լիցենզավորված գործունեություն: Նախարարությունը պատրաստ է աջակցել լիցենզավորման գործընթացն արագացնելու հարցում: Մարզպետն առաջարկեց որոշ համայնքների աղբավայրերի խնդրի լուծմանն անդրադառնալ համայնքների խոշորացման գործընթացի ավարտից հետո, որպեսզի մի քանի համայնքներ աղբահանությունը իրականացնեն համակարգված: Խորհրդակցության ժամանակ անդրադարձ եղավ նաև բնակավայրերի կոյուղաջրերի` գետեր թափվելու խնդրին: Քանի որ նախարարության լիազորություններն այդ խնդրում սահմանափակվում են միայն տեսչական վերահսկողությամբ` նախարարը հայտնեց, որ խնդրին լուծում տալու համար, հարցը կբարձրացնի համապատասխան պատասխանատու գերատեսչությունների ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ:
Անդրադառնալով մարզում գործունեություն ծավալող հանքարդյունաբերական ընկերությունների ստանձնած բնապահպանական պարտավորությունների կատարմանը` նախարարը դրական գնահատեց Գեոթիմ ՓԲԸ-ի Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման առաջին փուլը, երբ ընկերությունն արդեն ռեկուլտիվացման միջոցով վերականգնել է երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում առանձին տարածքներում խախտված բնական էկոլոգիական վիճակը: Աշխատանքային այցի շրջանակներում նախարարն այցելեց “Սաֆարի ինտերնացիոնալ” հայ-իտալական համատեղ ձեռնարկություն” ՍՊԸ Շատինի դիտակետ, որտեղ ընկերության ղեկավարությունը ներկայացրեց տարածքում բեզոարյան այծերի թվաքանակի ավելացման տվյալները:
Օգտվեցինք mnp.am-ի համապատասխան տվյալներից
***