Դեկտեմբերի 8-ին ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ Վայոց Ձորի մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ քննարկվեցին մարզի առողջապահական խնդիրները: Նախարար Արմեն Մուրադյանին ներկայացվեցին մարզի բժշկական կազմակերպություններում առկա խնդիրները, քննարկվեցին դրանց լուծման ուղիները: Ներկայացվեցին նաև առողջապահական հիմնական ցուցանիշները: Խորհրդակցության առանցքում էր մարզի առողջապահական ծախսերի օպտիմալացման, առկա ֆինանսական ռեսուրսների արդյունավետ բաշխման հարցը: Կարևորվեց որակյալ կադրերով համալրմանն ուղղված աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը: Առանձնակի շեշտադրվեցին բժշկական սարքավորումներով և պարագաներերով համալրման, ինչպես նաև դեղերով ապահովվածության հարցերը: Ամփոփելով աշխատանքային հանդիպումը` նախարարը մարզի պատասխանատուներին տվեց համապատասխան հանձնարարականներ: Անդրադարձ կատարվեց նաև ՀՀ առողջապահության նախարարության 2015թ. մեկնարկած ծրագրերին` կարևորելով դրանց արդյունավետ իրականացումը:
Նշվեց նաև, որ ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 3-ի նիստում պետական բյուջեի պահուստային ֆոնդից 11 միլիոն դրամ հատկացրել է առողջապահության նախարարությանը՝ Վայքի բուժական միավորման հեմոդիալիզի բաժանմունքի արհեստական երիկամների սարքերի բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ ջրի մաքրման զտիչ սարք ձեռք բերելու նպատակով: Նախարարի հավաստմամբ նախապատրաստական աշխատանքներն ավարտված են, սարքի տեղադրումից 10 օր հետո հնարավոր կլինի հեմոդիալեզի բաժանմունքը հանձնել շահագործման: Շուտով Վայոց Ձորի մարզի քրոնիկ երիկամային անբավարարություն ունեցող հիվանդները տեղում անհրաժեշտ բուժօգնություն ստանալու հնարավորություն կունենան, որով և կլուծվի նման հիվանդների բուժօգնության ֆիզիկական հասանելության ապահովման խնդիրը: