Հայրը եկել էր փոխարինելու որդուն. գրում է մեզ մեր թղթակից, ՀՀ ժուռնալիստների միության անդամ Սերյոժա Գասպարյանը


1994թ. մայիսի 12-ի հակառակորդի կողմից առաջարկված ժամանակավոր հրադադարից հետո սեպտեմբերի 1-ին մեր զորամասը Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում էր: Եկել էինք փոխարինելու մարտական գործողություններին մասնակցած և Թալիշ, Մատաղիս, Չայլու բնակավայրերի ազատագրման մարտերից հոգնած Մանվել Գրիգորյանի ջոկատին: Մեր զորախումբը տեղ հասնելուն պես տեղավորվեց Մատաղիսում: Պետք է հսկեինք Թոփկարակոյունլու բնակավայրի դիմացով անցնող նոր սահմանի մի հատվածը, որը ձգվում էր Գյուլիստանից մինչև նոր անվանում ստացած <<Բզկտված կալգոտկա>> բլուրը, որն իր անունը ստացել էր մարտերի ժամանակ փոխնիփոխ հակառակորդի և մեր հսկողության տակ անցնելու ու զենքերի տարբեր տեսակներից ծակծկվելուց:

Տեղավորվելուց հետո մենք ականատես եղանք Մատաղիս և Թալիշ ավերված բնակավայրերին. ամենուր զգացվում էր պատերազմի դաժան շունչը, բնակավայրերում ռմբակոծված տներ էին, խաթարված հոսանքագծեր ու ջրագծեր: Մարտական գործողությունների վայրերում դեռևս կային հակառակորդի զինվորների`շնագայլերի կողմից մարմնի միսը խնամքով մաքրված կմախքներ, որոնց մի մասը հագուստներով էին: Նայողին թվում էր, թե կմախքներին զինվորական հագուստ են հագցրել ու պառկեցրել դիրքերում: Առաջին օրերին հետաքրքիրն այն էր, որ երբ իջնում էր մթնշաղը, սահմանի երկարությամբ կարծես մեկի հրամանով կամ պայմանավորված ժամին մեր սահմանապահ զինվորները ինքնաձիգներից կրակում էին լուսածիր փամփուշտները դեպի երկինք, և ամբողջ սահմանը գունավոր լույսով ուրվագծվում էր, որը տևում էր մոտ 10-15 րոպե: Ավարտին հաջորդում էին շնագայլերի ոռնոցը`տարածվելով ամբողջ շրջապատով մեկ: Թվում էր`շնագայլերը համատարած ոռնոցով իրենց բողոքն էին հայտնում այն մասին, որ այլևս մարդկային մարմիններ չկան, որ նրանցով սնվեն: Աշնանամուտ էր: Մատաղիսի արևելյան մասում գտնվող թփուտածածկ լեռնալանջերը ամբողջությամբ հրդեհված էին:

Դրանք գյուղի ավերված տների հետ միասին պարզորոշ հուշում էին ,որ այստեղ մարտական գործողություններ են տեղի ունեցել: Բնակչությունը հեռացել էր, գյուղը դեռևս անմարդաբնակ էր, փողոցներում կարելի էր հանդիպել միայն զինվորների, որոնց մի մասը հանգստանում էր, մի մասն էլ ջրամբարից ներքև Թարթառի ջրերում հագուստներն էր լվանում ու չորացնում: Մատաղիս գալուս առաջին օրերին նկատեցի հին ու նոր թաղամասերն իրար կապող փողոցի և ջրամբարի պատվարից ցած`դեպի գետը տանող ճանապարհի հատման աջ մասում` հրդեհված խոտերի մոխիրներից սևացած գետնի ֆոնին, երևում էր սև գրանիտից հուշաքար`Շառոյան ազգանունով երիտասարդ տղայի դիմապատկերով, որի վրա թարմ ծաղիկներ էր դրված: Մեր գալուց որոշ ժամանակ անց կամաց-կամաց կարծես կյանքը վերականգնվում էր գյուղում, մեկ-երկու ամսվա ընթացքում իրենց լքված տներն էին վերադարձել գյուղից հեռացած ընտանիքներից մի քանիսը: Հայրենի եզերքը մարդկանց կրկին կանչում էր: Վերականգնվել էին ջրամատակարարումն ու էլեկտրական հոսանքը: Այդ ժամանակաշրջանում, որ գտնվում էինք Մատաղիսում, համարյա ամեն անգամ հուշաքարի կողքով անցնելիս տեսնում էի մի տարեց մարդու, որը հուշաքարն ու նրա շրջակայքն էր մաքրում ու ծաղիկներ դնում: Այդ ընթացքում էր, որ մի օր նրան տեսա շատ մտախոհ ու տխուր նստած հուշաքարի մոտ: Մոտեցա նրան, բարևեցի, որպիսությունը հարցրի ու հարցուփորձ արեցի, թե ով է, հուշաքարն ումն է, և ինքն ինչ գործ ունի այստեղ: Նա պատմեց, որ Արցախյան շարժման հենց սկզբից իր միակ որդին (գրառումների ծոցատետրս կորցնելու պատճառով անունը չի պահպանվել) անդամագրվեց հայրենիքի ազատագրման վեհ գործին և սկզբից մինչև վերջ կռվում էր ազերիների դեմ`գրավյալ տարածքների ազատագրման համար, սակայն վերջին մարտերի ժամանակ զոհվել էր Մատաղիսում: Որդեկորույս հայրը խնդրել էր, որ իրեն վերցնեն որդու փոխարեն` ծառայելու նույն ջոկատում: Անցնելով ծառայության`նա փոխարինում էր որդուն և ծառայությանը զուգահեռ ամեն օր խնամում էր հուշաքարն ու թարմ ծաղիկներ խոնարհում նրա վրա:
Նոյեմբերի 17-ին Մատաղիսում մեր ծառայության ժամկետը լրանալուց հետո <<Իկարուս>> ավտոբուսով վերադառնում էինք զորամաս: Շարժվելու պահին արդեն մթնշաղ էր, ու աշնանային մեղմ անձրև էր մաղում: Հուշաքարի մոտով անցնելիս պատուհանից նշմարեցի այրված խոտերի մոխիրների տեղում աճած թավշյա կանաչի մեջ թարմ ծաղիկներով հուշաքարը`կողքին նստած զոհված զինվորի ծեր հորը…

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s