Մայրության նպաստ կտրվի նաև չաշխատող մայրերին. մասնագետի պարզաբանումները


***

2016 թվականի հունվարի 1-ից մայրության նպաստ կստանան նաև չաշխատող մայրերը: «Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին>> որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 8-ի նիստում: Որոշումը մի շարք քննարկումների առիթ է տվել, քանի որ շատերը մայրության նպաստը շփոթում են երեխայի խնամքի կամ երեխայի ծննդյան միանվագ նպաստի հետ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է այս հարցին և ներկայացրել մայրության նպաստը նշանակելուն և վճարելուն առնչվող հիմնական իրավակարգավորումները:
Վարչության պետը մանրամասնել է, որ ներկայումս երեխայի ծննդի առնչությամբ պետության կողմից տրվող նպաստները երեքն են:

Առաջինը հղիության և ծննդաբերության դեպքում տրվող մայրության նպաստն է, որը մինչև 2015թ-ի դեկտեմբերի 31-ը հատկացվելու է միայն աշխատող մայրերին, իսկ 2016 թվականի հունվարի 1-ից նաև`չաշխատող մայրերին: Այս նպաստը աշխատող կանանց տրվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի բոլոր օրացույցային օրերի համար: Հղիության և ծննդաբերության արձակուրդի տևողությունն է.
-140 օր (70 օրացուցային օր հղիության և 70 օրացուցային օր ծննդաբերության համար):
-155 օր (70 օրացուցային օր հղիության և 85 օրացուցային օր ծննդաբերության համար)` բարդ ծննդաբերության դեպքում:
-180 օր (70 օրացուցային օր հղիության և 110 օրացուցային օր ծննդաբերության համար)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:
Չաշխատող մայրերին մայրության նպաստը կտրվի աշխատող մայրերի համար ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի 140 օրվա համար:
Մայրության նպաստը տրամադրվում է միանվագ:

Երկրորդը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստն է, որը տրվում է բոլոր ընտանիքներին` անկախ մոր աշխատելու կամ չաշխատելու հանգամանքից: Այս նպաստի չափը մնում է անփոփոխ` 50 հազար դրամ առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում, 1 մլն դրամ՝ երրորդ և չորրորդ երեխայի ծննդյան դեպքում, 1.5 մլն դրամ` 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում:

Երրորդը երեխայի խնամքի համար տրվող նպաստն է, որը նշանակվում և վճարվում է միմիայն վարձու աշխատող հանդիսացող մայրերին, որոնք գտնվում են մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում` մինչև երեխայի երկու տարին լրանալը՝ ամսական 18 հազար դրամի չափով:

Այսպիսով, «Պետական նպաստների մասինե օրենքի փոփոխության արդյունքում մայրության նպաստ կտրվի ոչ միան աշխատող, այլ նաև չաշխատող մայրերին:
Անահիտ Գալստյանը հիշեցրել է նաև, որ օրենքն ուժի մեջ է մտնում 2016թ-ի հունվարի 1-ից, հետևաբար, չաշխատող մայրը նպաստի իրավունք ունի, եթե նրա «հղիության և ծննդաբերության արձակուրդի>> սկիզբը հունվարի 1-ն է կամ դրանից հետո։ «Այդ ամսաթիվը պետք է նշված լինի ժամանակավոր անաշխատունակության թերթիկում, որպես հղիության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության սկիզբ>>,- ասել է նա:

Վարչության պետի խոսքերով՝ չաշխատող կանանց մայրության նպաստի նշանակումը և վճարումը, ինչպես և աշխատող մայրերինը, հիմնված է ժամանակավոր անաշխատունակության թերթիկի վրա: Նրանք ևս աշխատող մայրերի նման իրենց նախածննդյան հսկողություն իրականացրած բուժհաստատությունից կստանան ժամանակավոր անաշխատունակության թերթիկ: Այդ թերթիկը չաշխատող մոր անձնագրի (նույնականացման քարտի), ծննդօգնության պետական հավաստագրի կամ դրա` բուժհաստատության (որտեղ նա ծննդաբերել է) տնօրենի ստորագրությամբ հաստատված և կնիքով վավերացված պատճենի հետ չաշխատող մայրը կամ այլ անձ պետք է ներկայացնի չաշխատող մոր հաշվառման (բնակության) վայրի սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժին ու այնտեղ լրացնի սահմանված ձևի դիմում: Continue reading