ՆՈՐԱՆՇԱՆԱԿ  ՆԱԽԱՐԱՐԻ  ԱՌԱՋԻՆ  ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ  ԱՅՑԸ 


ԼՈՒՐԵՐ  ՄԱՐԶԻ  ԱՌՕՐՅԱՅԻՑ

111

Մայիսի 28-ին ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանը  փոխնախարար Ռոբերտ Մակարյանի ուղեկցությամբ այցելեց Վայոց ձոր՝ խաղողի մթերման գործընթացին առնչվող խնդիրները տեղում քննարկելու նպատակով: Առաջին կանգառն Աղավնաձորում էր, որտեղ նա հանդիպեց խաղողագործներին: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանն ու «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը: Նախարարն աղավնաձորցիներին տեղեկացրեց, որ նախորդ տարվա խաղողի մթերումների դիմաց վճարումների կատարման խնդիրը կառավարության աջակցությամբ լուծվել է, և գյուղացիներն առաջիկայում կստանան իրենց գումարները: «… Մենք գիտակցում ենք, որ սա գյուղացու համար օրվա հացի խնդիր է,-ասաց նա,- դուք ամբողջ տարին հողին նվիրված աշխատել եք, այսօր ունեք բազմաթիվ պարտքեր, ուստի կառավարությունը միջամտել է խնդրին, և «Վեդի Ալկոն» իր բոլոր պարտավորություններն առաջիկայում ամբողջությամբ կկատարի»,- ու մի շարք պարզաբանումների հետ խաղողագործներին հորդորեց հանդես գալ առաջարկություններով, որոնց շնորհիվ կարելի կլինի խնդրին լուծում տալ վերջնականապես, որ ամեն տարի նման երևույթի չհանդիպեն: Խնդրի հետ կապված լայնածավալ խորհրդակցություն-քննարկում անցկացվեց նաև մարզպետարանում՝ համայնքապետերի, արտադրողների ու մթերողների մասնակցությամբ: «Անհրաժեշտ է խաղողի մթերումների խնդրին համակարգային լուծում տալ և այս իրավիճակից համատեղ ուժերով ելքեր գտնել,- ասաց նախարարը.- այստեղ անհրաժեշտ է վերամշակողի ու արտադրողի համագործակցությունը»:

Վերամշակողներ Վ.Մաթևոսյանի, Ա.Բաղդասարյանի, Ռ.Սիմոնյանի և ուրիշների ելույթներում բարձրացվեցին մի շարք հարցեր, որոնք առնչվում էին փոքր և միջին բիզնեսի վարկավորման պայմաններին, ալկոհոլային խմիչքների լիցենզավորմանը, ապահովագրական համակարգի ներդրմանը, կոոպերատիվների գործունեության կազմակերպմանն, ու նաև իրենց մտահոգությունը հայտնեցին  հանրապետության այլ կազմակերպությունների կողմից շուկա ներմուծված «Արենի» տեսակի խաղողի գինու համար. «Արենի խաղողն աճում է բացառապես Վայոց ձորում, – ասացին նրանք,- բայց ստացվում է, որ  այլ մարզերում ավելի շատ «Արենի» տեսակի գինի է արտադրվում, քան մեր մարզում»,- և խնդրեցին նախարարին հարցին օրենսդրական լուծում տալ, որ վերահսկողություն իրականացվի այդ ուղղությամբ: Նախարարը խոստացավ, որ հարցն անպայման ուսումնասիրության առարկա կդառնա, անհրաժեշտության դեպքում կտրվի լուծում, բայց պետք է քայլեր ձեռնարկել բերքատվության բարձրացման և խաղողի ինքնարժեքի իջեցման ուղղությամբ: «Անհրաժեշտ է ճանապարհ գտնել, որպեսզի գյուղացին և վերամշակողն իրար հետ կարողանան աշխատել և երկուստեք փոխեն իրենց մտածելակերպը,– վերջում ավելացրեց նա,- Պետության գործառույթն օրենսդրական դաշտի կարգավորումն է, մնացած հարցերը պետք է կարգավորեն արտադրողն ու վերամշակողը, ասոցիացիաներ ստեղծեն, միավորվեն, մինիմալ գին սահմանեն»:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s