Խնձորուտի երիտասարդ անասնաբույժը՝ ոգեշնչման աղբյուր


Վայոց ձորի սահմանամերձ Խնձորուտ համայնքում միակ անասնաբույժը 29–ամյա Սևադան է: Մասնագիտությունն ընտրել է նախկին անասնաբույժի խորհրդով: Քաղաքում ապրելու պատրանքներ չունի, իսկ գյուղում ապրելու համար, վստահ է, իր մասնագիտությունն օգտակար է: Այսօր էլ երիտասարդ մասնագետը շարունակում է խորացնել գիտելիքները և ուսումը շարունակում է Սիսիանի ագրարային համալսարանում:

Խնձորուտ համայնքը «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրին միացել է 2015թ.: Ծրագրի ջանքերով համայնքում բացվել է անասնաբուժական կետ, բարելավվել են անասնաբուժական ծառայությունները:

Մինչև 2015թ. Սևադա Հմայակյանի համար անասնաբուժությունը սահմանափակվում էր պետական միջոցառումներով, երբեմն առանձին կանչերով: Գործիքներ չուներ, դեղորայքը դժվարությամբ էին ձեռք բերում, կանչերի դեպքում վճարում էին միայն դեղորայքի գումարը: Նրա խոսքով՝ աշխատանքն արդյունավետ չէր. դեղ գնելու ամենամոտ կետը Վայքն էր, արդյունքում երբեմն դեղն ուշանում էր, կենդանին՝ սատկում:

2015թ. նոյեմբերին ծրագրի աջակցությամբ Խնձորուտում բացվեց անասնաբուժական կետ, որն ապահովվեց անհրաժեշտ դեղորայքով և գործիքներով, իսկ անասնաբույժը մասնակցեց մի շարք վերապատրաստման դասընթացների: Այսօր Սևադայի համար այն դարձել է փոքրիկ բիզնես. դեղորայքն արդեն ձեռք է բերում սեփական միջոցներով, մարդիկ էլ աստիճանաբար սովորում են վճարել ոչ միայն դեղորայքի, այլև անասնաբուժական ծառայությունների համար: Բացի այդ, վերապատրաստման դասընթացների շնորհիվ երիտասարդ մասնագետն այսօր  մատուցում է տարաբնույթ անասնաբուժական ծառայություններ, իսկ 2016թ. հունվարից կատարում է նաև կենդանիների արհեստական սերմնավորում, ինչը երկար տարիներ գյուղում չի եղել:

Սևադան վստահ է՝ եթե գյուղում աշխատանք կա,  քաղաք տեղափոխվելու անհրաժեշտություն չկա: Ապագայի հեռանկարները լուսավոր են. հույս ունի, որ 5 տարի հետո կունենա դեղորայքի ավելի լայն տեսականի, կկարողանա մատուցել տարաբնույթ և առավել որակյալ ծառայություններ, ինչը նրան կդարձնի ամենապահանջված անասնաբույժը ոչ միայն Խնձորուտի, այլև շրջակա համայնքների համար:

Թե որքանով ոգևորիչ կլինի երիտասարդ մասնագետի հաջողությունը իր հասակակիցների շրջանում, ցույց կտա ժամանակը: Համայնքի ղեկավար Ժիրայր Նազարյանը ցավով է նշում, որ թեև համայնքի բնակիչների ապրուստի հիմնական միջոցը անասնապահությունն ու հողագործությունն է, այնուամենայնիվ, գյուղատնտեսական նշանակության հողերն օգտագործվում են միայն 40 տոկոսով: Պատճառը ամենևին էլ համայնքի սահմանային դիրքը չէ, այլ սոցիալական դժվարությունները, մեխանիզացիայի ոչ բավարար վիճակը, գյուղմթերքի իրացման հետ կապված դժվարությունները:

Պարոն Նազարյանի խոսքով՝ մթերքի իրացման հետ կապված հիասթափությունների տարափից հետո այսօր տեղացիների շրջանում վստահության պակաս կա ցանկացած նոր նախաձեռնության նկատմամբ: Նա հիշում է, որ երբ ՌԶԳ-ն առաջարկեց կենդանիների փոխարինման և ցեղատեսակի բարելավման ծրագիրը, ինքը՝ որպես համայնքի ղեկավար, օրինակ ծառայեց համագյուղացիների համար: Այսօր արդեն Նազարյանների անասնագոմը համալրվել է արհեստական սերմնավորմամբ ծնված նոր ցեղատեսակի հորթով: Գյուղապետի օրինակը ոգեշնչել է համայնքի բազմաթիվ բնակիչների, արդյունքում ավելացել է կենդանիների փոխանակման ծրագրին մասնակցել ցանկացողների թիվը:

«Նման ծրագրերի իրականացումը անչափ կարևոր է համատարած անվստահության պայմաններում, իսկ գյուղապետը պետք է առաջնորդ լինի ցանկացած հարցում. մարդկանց ոգեշնչելու ամենալավ օրինակը գրանցված արդյունքն է: Այսօր ես այդ արդյունքն ունեմ»,- լավատեսությամբ եզրափակում է համայնքի ղեկավարը:

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագիրը մեկնարկել է 2014թ. սեպտեմբերին՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի (ՇԶՀԳ) ֆիանանսավորմամբ: Ծրագիրը նպատակ ունի նպաստել Սյունիքի և Վայոց ձորի մարզերում անասնապահության ոլորտում ներգրավված ֆերմերների եկամուտների աճին և տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը:

«Ռազմավարական զարգացման

գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s