Դաշինք աշխատանքի և դպրոցի հետ…


306Այս նշանաբանով է իր գործունեությունն սկսել Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Կարապետի Ղազարյանը: Նա ծնվել է 1956թ. հունիսի 17-ին Վայքի տարածաշրջանի Ազատեկ գյուղում, սովորել է տեղի միջն. դպրոցը: Դպրոցական տարիներն անցնում էին, իսկ Արփիարի առջև անհայտ հեռաստաններ էին, սպասումներ ու մտորումներ… որ ուղին ընտրել. տարիների հետ խորանում էր պատանու գիտելիքները պատմության, աշխարհագրության ու հատկապես գրականության մեջ… Դասարանի տղաները հաճախ էին հավաքվում ու պատմում իրենց երազանքների մասին. մեկն ուզում էր ֆուտբոլիստ դառնալ, մեկը՝ զինվորական, մյուսը՝ տիեզերագնաց… սերը պատմության ուսուցչի հանդեպ գերիշխում էր, իսկ պատանին չէր համարձակվում վերջնական որոշում կայացնել և գերադասում էր լռել, ու լռել: Բայց հոգու խորքում փայփայում էր ավագ եղբոր՝ Ֆերդինանդ Ղազարյանի մասնագիտական խրատներն ու խորհուրդներն այն մասին, թե կյանքում որքան կարևոր է ազգիդ պատմությունն իմանալը, և որ դպրոցում  կամային սերունդ դաստիարակելու համար շատ ավելի կարևոր է տղամարդ մանկավարժի առկայությունը: Ու մինչ հրաժեշտ կտար դպրոցին նա իր երազանքների մասին առաջինը խոստովանեց հենց եղբորը, որն այդ տարիներին արդեն շրջանում մեծ ճանաչում ուներ իր բեղուն ու արդյունավետ գործունեությամբ:

Երիտասարդ Արփիարը գիտակցաբար ընտրեց իր Կյանքի ճանապարհը. ընդունվեց Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմա-աշխարհագրական ֆակուլտետը: Նա չզգաց, թե ինչպես անցան ուսանողական տարիները, դրանք միշտ էլ հեշտ ու աննկատ են անցնում, դժվարություններն սկսվում են ավարտելուց հետո: Իսկ Արփիարը դժվարություններ չունեցավ, անվարան վերադարձավ Ազատեկ, իր իսկ դպրոցում աշխատելու որպես պատմության և աշխարհագրության ուսուցիչ:

Երիտասարդ ուսուցիչը ոչ միայն աշակերտների սիրելին էր, այլ վայելում էր նաև համագյուղացիների սերն ու հարգանքը: Դա է վկայում այն փաստը, որ 1985-ին նա առաջադրվեց գյուղխորհրդի նախագահ ու մանկավարժությանը զուգահեռ շուրջ 10 տարի ղեկավարեց նաև գյուղի հետ կապված աշխատանքները: Կարելի է ասել, որ նա հարազատ մնալով իր ուսումնատենչ ընտանիքի ավանդույթներին, միշտ հետևել է ավագ եղբոր խորհուրդներին, որն այդ տարիներին արդեն ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր էր ու ընդգրկվել էր իրեն համար շատ հոգեհարազատ կրթության, գիտության, լեզվի ու մշակույթի հանձնաժողովի կազմում: Աչքի էր ընկնում այդ ոլորտներին վերաբերող բոլոր կարևոր օրինագծերի և օրենսդրական նախաձեռնությունների քննարկումների և մշտական գործընթացներում:

1995թ-ի օգոստոսին Վայքի շրջխորհրդի նստաշրջանի որոշմամբ Արփիար Ղազարյանն ընտրվում է  Վայքի ժողկրթբաժնի վարիչ: 96-ին ընդունվում է նորաստեղծ մարզպետարանում, որպես կրթության, մշակույթի և սպորտի բաժնի վարիչ, բայց այնուամենայնիվ նրա համար  հոգեհարազատ էր մանկավարժությունը, որն այստեղ ևս հաղթեց՝ մեկ տարի անց վերադարձավ Ազատեկի միջն.դպրոց, կրկին որպես պատմության ուսուցիչ: Հետևելով իր նշանաբանին՝ Դաշինք կապեց աշխատանքի և դպրոցի հետ. նշանակվեց Վայքի թիվ 75 ՄՊՏՈՒ–ի, մեկ տարի անց քաղաքային պետական վարժարանի տնօրեն, իսկ 2004թ. փետրվարից Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետն է:

Տարիներ են անցել, Արփիար Ղազարյանի երազանքները հետզհետե որոշակի իմաստ ու նպատակ են ստացել, ու թեև ընտրությունը պատմություն-աշխարհագրություն առարկաներն էին, բայց սկսած կյանքի գիտակցական առաջին իսկ օրից նրա համար գերիշխող է եղել գրականությունը, և հատկապես Պ.Սևակի ստեղծագործությունների հանդեպ մեծ սերը: Երևի թե այստեղ խոսում է ճակատագիրը, որ նա աշխարհ է եկել հենց Մեծ պոետի ողբերգական մահվան օրը՝ հունիսի 17-ին: Ինչևիցէ, այսօր նրա մասնակցությամբ յուրաքանչյուր հավաք համեմվում է նրա ասմունքով, հատկապես Սևակի ստեղծագործությունների, գրականության հանդեպ մեծ սերը փոխանցվել է երեխաներին ու թոռնիկներին: Արփիար Ղազարյանը 3 երեխայի հայր է ու 4 թոռնիկների սիրելի պապիկ:

Հ.Գ.

Հունիսի 17-ին լրացավ Արփիար Ղազարյանի 60 ամյակը, որի կապակցությամբ ՀՀ ԿԳ նախարար Լ.Մկրտչյանի հրամանով նա արժանացավ նախարարության բարձրագույն պարգևի՝ Ոսկե հուշամեդալի: Վարդաձորի հեղինակած ակնարկը ևս տեղ գտավ Կրթություն թերթի էջերում՝ ի շնորհավորումն հոբելյարին: Արփիար Ղազարյանի աշխատանքային ընկերները, հարազատներն ու մտերիմները ևս շնորհավորեցին նրան՝ ցանկանալով երկար տարիների բեղմնավոր աշխատանք:

Խմբագրության կողմից

Ի դեպ օգտվելով պատեհ առիթից ուզում եմ բարձր գնահատանքի խոսք ուղղել հատկապես ՀՀ կրթության ու գիտության նախարարության այն շնորհակալ ավանդույթի նկատմամբ, որ տածում են իրենց երկարամյա աշխատողի հանդեպ՝ գնահատելով սահմանված բարձրագույն պարգևով: Իսկ նման վերաբերմունքի արժանի են նաև այլ ոլորտի աշխատողներ ևս, որը բացարձակապես չի հետաքրքրում մյուս նախարարություններին, որի համար խմբագրությունը ցավում է. միթե այն օրինակ չի հանդիսանում նրանց համար: Հուսանք, որ Նոր Կառավարությունը տեղ կտա այդ կարևոր խնդրին:

Ս. Դովլաթյան

               

                                         

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s