ՍԵՓԱԿԱՆ ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ
***
Սեպտեմբերի 19-ին առանձնակի ուրախ տրամադրություն էր Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում: Ուսանողներն ու մանկավարժները, ծնողներն ու հյուրերը սպասում էին կարևոր իրադարձության, որը ոմանց համար նաև անակնկալ էր լինելու. հիմնվելու էր ռոբոտաշինության լսարան և… 18:00-ին իր տիկնոջ՝ տիկին Օֆելյայի հետ քոլեջ այցելեց ամերիկահայ բարերար Անուշավան Աբրահամյանը:
Մեր նախորդ տարիների համարներից տեղյակ եք, որ «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամը բավականին աջակցություն է տրամադրել քոլեջին սարքավորումների ու շինանյութերի տեսքով, որի արդյունքում մի շարք ծրագրեր են իրականացվել նոր մասնագիտությունների ուսուցման ու լսարանների բարեկարգման համար:
Այս այցելության նպատակն էր հիմնել լաբորատորիա, որտեղ անվճար հիմունքներով կգործի ռոբոտիկայի խմբակ: Ի դեպ խմբակին կարող են հաճախել ոչ միայն քոլեջի ուսանողները, այլ նաև մարզկենտրոնի ու հարակից բնակավայրերի աշակերտները: «Մեր հիմնադրամի նպատակն է եղել աջակցել Հայաստանում միջին մասնագիտական կրթության ոլորտի զարգացմանը, և ես ավանդել եմ, որ այն լինի մշտական»,- ասաց բարերարը,- ուրախ եմ մասնակցություն ունենալ հայրենիքի համար կարևոր մասնագիտությունների ներդրմանը: Մեր աշխատանքի արդյունքը երևալու է Ձեր կրթության արդյունքներից»,- իր խոսքը եզրափակեց նա: Եվ զրույցից պարզ դարձավ, որ այն դնելու է ինժեներական կրթության զարգացման հիմքը, որը մեր պետության համար ունի ռազմավարական առաջնահերթություն: Ուրախալի էր այն փաստը, որ արդեն կային երեխաներ, որոնք փորձում էին հասկանալ առաջին քայլերը, որի հիմքը կարծես թե ծրագրավորումն է, հետագայում նաև ռոբոտաշինությունն ու եռաչափ մոդելավորումը: «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամի օժանդակությամբ սա 7-րդ ինժեներական լաբորատորիան է: