ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԵՐԻ ՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՀԱՏԿԱՑՆԻ 5 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄ


Կառավարությունում հանրապետության մարզպետների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ որոշում է կայացվել պահուստային ֆոնդից մարզերին հատկացնել 5 մլրդ դրամ՝ հրատապ խնդիրների լուծման նպատակով: «Անհրաժեշտ է ընտրել առաջնահերթություն ու մուլտիպլիկատիվ էֆեկտ ունեցող խնդիրներն ու ծրագրերը: Այդ գումարները պետք է կառավարել շատ խիստ, բաց, թափանցիկ, հասկանալի: Մենք ծրագրերի իրականացման արդյունքներով լրացուցիչ գումարներ ևս հատկացնելու ենք՝ հաշվի առնելով կատարված աշխատանքների էֆեկտիվությունը, արագությունը, թափանցիկությունը և այլն: Նշված հինգ միլիարդ դրամը բյուջեում չկար, սա այն օպտիմալացման արդյունքն է, որը մենք արել ենք»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Անդրադառնալով մարզերից ստացվող ներդրումային ծրագրերին՝ վարչապետը նշել է, որ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը հանձնարարված է յուրաքանչյուր օր զեկուցել հավանության արժանացած ծրագրերի իրականացման գործընթացի մասին: «Անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել բիզնես օղակի վրա: Դա է մեր երկրի, մեր մարզերի զարգացումը, աշխատատեղերի ստեղծումը»,- ասել է կառավարության ղեկավարը: Կարևորելով գյուղատնտեսության զարգացումը մարզերում՝ վարչապետն անհրաժեշտ է համարել ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, ֆերմերների շարունակական վերապատրաստումն ու ուսուցումը: «Մեր գյուղատնտեսության մեջ ամբողջ տեսությունը հիմնվել է նրա վրա, թե գյուղացին լավ գյուղատնտես է: Դրանից ելնելով էլ նրան սերմ, դիզվառելիք, պարարտանյութ ենք տվել և ասել՝ դու գիտես ինչ անել, բայց դա այդպես չէ: Հենց այդ պնդմանը կասկածում ես, ստացվում է՝ այդ ողջ տեսությունը խոցելի է. ժամանակակից ֆերմեր, կոոպերատիվ, տեխնոլոգիա չունենք: Սակայն մենք շանս ունենք, ինչպես այսօր ողջ աշխարհը գյուղատնտեսություն է սովորում Իսրայելում, 10 տարի հետո ունենալ այդպիսի գյուղատնտեսություն, որ գան մեզնից սովորեն»,- շեշտել է Կարեն Կարապետյանը: Զեկուցվել է մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունների մշակման աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ ռազմավարություններն իրենցից ներկայացնում են 13 բնագավառների իրական վերլուծություն՝ դեմոգրաֆիա, բնական պայմաններ, քաղաքային զարգացում, տրանսպորտ և կապ, հանրային ենթակառուցվածքներ, ներքին արտադրանք և եկամուտներ, զբաղվածություն, ռեգիոնալ տնտեսական կառուցվածք, կրթություն և այլն: Համապատասխան ոլորտների համար վերլուծվել են մարզերի ուժեղ և թույլ կողմերը, ընդգծվել զարգացման տեսլականները, նպատակները, գերակայություններն ու դրանց հիմնավորումները, ֆիքսվել ռազմավարական կոնկրետ ծրագրեր: Յուրաքանչյուր տարվա ավարտին մարզպետները պետք է ներկայացնեն ռազմավարություններով նախատեսված ծրագրերի կատարողականներն ու գալիք տարվա ընթացքում ակնկալվող զարգացման ծրագրերը: Անդրադառնալով համայնքների զարգացման հնգամյա ծրագրերին՝ Դավիթ Լոքյանը տեղեկացրել է, որ տարբեր ոլորտներում ներկայացված 792 ծրագրերից հաստատվել են 668-ը: Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Կարապետյանը նշել է. «Ցանկանում եմ, որ բոլորս գիտակցենք՝ մենք պետք է ձևավորենք ռեգիոնալ կառավարման համակարգ և կառավարման մշակույթ: Երբ մարզն ու համայնքն ունենան զարգացման ծրագիր՝ քայլ առ քայլ շարժվելու ենք առաջ: Չափազանց կարևոր են մարզերի զարգացման ծրագրերը, խնդրում եմ՝ հոգի դնել դրանց իրականացման գործում»:

աղբյուրը՝ http://www.gov.am/

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s