ՄԵՐ ԹՂԹԱԿՑԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՄԲ


Մայիսի 8-ին Երկրապահի օրն է: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ծայրագույն Պատրիարքի բարձրագույն տնօրինությամբ Հայաստանյայց բոլոր առաջնորդանիստ եկեղեցիներում մատուցվեց Ս. և Անմահ Պատարագ և կատարվեց Հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ զոհված ազատամարտիկների: Երկրապահի օրվա առիթով Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս.Աստվածածին եկեղեցում մատուցվեց Ս.Պատարագ: Պատարագիչն էր Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ.Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով հավուր պատշաճի քարոզ խոսեց: Տեր Հայրը, խոսելով օրվա խորհրդի նշանակության մասին, իր շնորհակալությունը հայտնեց ազատամարտիկներին, Երկրապահ կամավորական միության անդամներին, ովքեր Հայաստանի օրհասական օրերին, ինչպես 90-ական թվականներին, այնպես էլ Քառօրյա պատերազմի ժամանակ շատերը զենք վերցրին և մեկնեցին ռազմաճակատ:

Ս.Պատարագին ներկա էին ազատամարտիկներ, հավատացյալներ, մարզային կառավարման աշխատակիցներ և Երկրապահ կամավորական միության անդամները՝ գլխավորությամբ մարզի Երկրապահ կամավորական միության փոխնագահ, աֆղանական պատերազմի մասնակից, 1994թ.-ի Արցախյան պատերազմի ժամանակ առաջինը «Սու» կործանիչը խոցող, Քառօրյա պատերազմի ժամանակ Եղեգնաձորի ջոկատի հրամանատար, Արտաբույնք համայնքի ղեկավար Արմեն Արամի Սեդրակյանը: Հավարտ Ս.Պատարագի աղոթք բարձրացվեց առ Աստված՝ Արցախյան հերոսամարտի ընթացքում զոհված հայ մարտիկների հիշատակի համար:

***

151

Մայիսի 17-ին Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում Պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) մարզային ծառայության և դպրոցի տնօրինության կողմից կազմակերպվեց բաց դաս «Ի՞նչ գիտենք Վայոց ձորի մարզի հուշարձանների մասին» թեմայով: Մասնակցում էին դպրոցի Վարդան Վարդանյանի անվան 6-րդ բ դասարանի աշակերտները՝ գլխավորությամբ դասղեկի՝ Կարինե Մովսիսյանի: Ժյուրիի կազմում էին մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը (ժյուրիի նախագահ), մարզային ծառայության գիտաշխատող Անի Խաչատրյանը և դպրոցի փոխտնօրեն Անուշ Գիրգորյանը:Սկզբում աշակերտներին շնորհավորեց և հաջողություն մաղթեց դասղեկ Կարինե Մովսիսյանը, ապա հրավիրեց ՊՄՊ մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանին՝ իր ողջույնի խոսքն ասելու ներկաներին: «Մենք գիտենք, որ Վայոց ձորը թանգարան է բաց երկնքի տակ,- ասաց նա,- Մեր նախնիները մեզ են փոխանցել արվեստի այնպիսի գոհարներ, որոնցով հպարտանում ենք ոչ միայն հայերս, այլև մեզ ճանաչող աշխարհահռչակ բազմաթիվ մշակութային գործիչներ: Աշխարհահռչակ նկարիչ Ռոքուել Քենտը Հայաստանի մասին ասել է. «Եթե ինձ հարցնեն, թե մեր մոլորակի վրա որտեղ կարելի է առավել  շատ  հրաշքների հանդիպել, ես առաջինը կտայի Հայաստանի անունը։ Ակամայից զարմանում ես, որ աշխարհի այսպիսի փոքրիկ անկյունում կարելի է հանդիպել այնպիսի կոթողների ու այնպիսի մարդկանց, որոնք կարող են կազմել աշխարհի զարդն ու պարծանքը։ Երիցս կեցցես դո′ւ, հո′ղ հայկական, օրրա′ն տաղանդների, օրրա′ն մեծագործությունների»:

Այնուհետև տիկին Դովլաթյանն ասաց, որ այսօրվա բաց դասը կլինի մի յուրատեսակ մրցույթ, որի ավարտին մենք չենք ունենա հաղթողներ և պարտվողներ, բայց  համոզված ենք, որ այս բաց դասին հաջորդող ամառային արձակուրդների ընթացքում կհարստացնեք ձեր գիտելիքները Վայոց ձորի հուշարձանների, դրանց պատմության ու պահպանության մասին և նոր  ուսումնական տարում ամբողջ դասարանով պատրաստ կլինեք մասնակցելու մարզում անցկացվող ցանկացած մրցույթի ու կհաղթեք: Բաց դաս մրցույթի նպատակն էր արժևորելու և հանրահռչակելու մարզի պատմամշակությաին ժառանգությունը: Մրցույթը բաղկացած էր 2 փուլից. 1-ին փուլում թիմերը պետք է ճանաչեին էկրանի վրա ցուցադրվող լուսանկարները, իսկ 2-րդ փուլում պատասխանեին հաղորդավարների հարցերին:

Շատ յուրահատուկ անուններ էին ընտրել աշակերտներն իրենց թիմերի համար՝ «Նորավանք» և «Արատես»: Հարցաշարում ընդգրկված էին Վայոց ձորի հուշարձանների պատմությանը վերաբերող բազմաբնույթ հարցեր, որոնց երեխաները պատասխանում էին շատ հստակ և ճիշտ:

Մեծ ոգևորությամբ էին 2 թիմերը մասնակցում բաց դասին. յուրաքանչյուրը ցույց էր տալիս իր գիտելիքները և տրամաբանությունը: Դասղեկի շնորհիվ աշակերտները կարողացել էին յուրացնել տրված բոլոր առաջադրանքները: Մրցույթն ընդհատվում էր աշակերտների ասմունքով, ազգային երգերի և պարերի կատարումներով, իսկ փուլերի ընդմիջումների ժամանակ երեխաները հանդես եկան իրենց ձեռքով պատրաստված յուրօրինակ զգեստների ցուցադրությամբ: Վերջում ելույթ ունեցավ հանձնաժողովի նախագահ Աղասի Հովհաննիսյանը, ով ամփոփեց մրցույթի արդյունքները և հայտարարեց, որ անցկացված երկու փուլերի արդյունքում հաղթող թիմ ճանաչվեց «Արատես»-ը:

Ավելացնենք նաև, որ այդ օրը 6-րդ բ դասարանը ճանաչվեց «Տարվա լավագույն դասարան» տիտղոսին ՝ արժանանալով փայտյա գիրք-հուշանվերի:

Այնուհետև ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը մրցանակներ շնորհեց հաղթող թիմերին, իսկ դասարանի բոլոր աշակերտները և դասղեկ Կ. Մովսիսյանը մարզային ծառայության կողմից ստացան հուշանվերներ: Մրցույթի ավարտին իրենց շնորհավորանքի խոսքն ասացին դպրոցի տնօրեն Ա. Թարվերդյանը և փոխտնօրեն Ա. Գիրգորյանը:

Բաց դասը շատ հետաքրքիր ու դիտարժան էր, և բոլոր մասնակիցներն ուսումնական օրն ավարտեցին ջերմ տրամադրությամբ ու հարուստ տպավորություններով:

***

11

Օրերս Եղեգնաձորի «Ծիածան» մանկապատանեկան ուսումնական կենտրոնում
դաստիարակներ Լուսինե Ստեփանյանի և Նարինե Ավետիսյանի կողմից կազմակերպվեց Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին նվիրված գեղեցիկ միջոցառում: Ներկա էին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը,  ծնողներ, հյուրեր և այլք: Բացման խոսքով հանդես եկավ կենտրոնի տնօրեն Նարինե Դավթյանը, ով ողջունեց ներկաներին, ապա ներկայացրեց Զատկի տոնի խորհուրդը, կարևորեց միջոցառումների միջոցով երեխաներին քրիստոնեական արժեքներին հաղորդ դարձնելը, ապա ասաց, որ Հայ Եկեղեցու շնորհիվ են, որ հոգևոր տոները մուտք են գործում մանկապարտեզ և երեխաները հնարավորություն են ունենում շարականներ և աղոթքներ սովորել:

12

Այնուհետև հոգևոր երգի ներքո կենտրոնի ավագ և միջին խմբի սաները, տոնին համապատասխան հագուստներով,  մուտք գործեցին միջոցառումների սրահ, ապա փոքրիկները հատուկ կարգով ողջունեցին Տեր Հորը, որից հետո Տեր Վազգենը Տերունական աղոթքով սկսեց այս տոնական միջոցառումը: Կենտրոնի սաները հրաշալի պատկերավորմամբ ներկայացրին Քրիստոսի հարության աստվածաշնչյան պատումը, ինչպես նաև՝ խաղիկների և զարդարված սեղանների միջոցով՝ տոնին նվիրված ժողովրդական ավանդույթները:

Առանց հուզմունքի և դժվարության ներկայացրին Ս. Զատկի հետ կապված բոլոր հասկացությունները, անգամ հանդիսատեսին հանելուկներ առաջարկեցին, իսկ ճիշտ պատասխանողներն արժանացան ներկաների ծափողջույններին:

 Տոնի վերաբերյալ երգերը փոքրիկները կատարեցին մեծ ոգևորությամբ:

Երեխաների տոնական հագուստները, խելացի ու իմաստավորված մտքերը հրճվանքով ու մի նոր ջերմությամբ լցրին սիրելի մայրիկների, դաստիարակների և բոլոր ներկաների սրտերը: Նման ջերմ մթնոլորտում էլ Տեր Հայրն օրհնեց մանուկներին և իր երախտիքի խոսքն ասաց միջոցառման կազմակերպիչներին, ապա կատարեց Տնօրհնեքի արարողակարգ: Կազմակերպիչների աշխատանքը գնահատվեց նաև ներկաների կողմից և գովասանքի ու շնորհակալության խոսքեր հնչեցին միջոցառման ավարտից հետո:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու և
http://vayotsdzoritem.com/ կայքի խմբագիր

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s