ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ


ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանն օրերս այցելել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ծանոթացել իրականացվող բարեփոխումների, օպտիմալացման ծրագրերի ընթացքին և պատասխանատուների հետ քննարկել կրթության ոլորտում առկա խնդիրներին առնչվող հարցեր: Վերջին ամիսների ընթացքում հանրապետութան դպրոցներում իրականացվել է ծանրաբեռնվածության ուսումնասիրություն և կառավարության աշխատակազմին ներկայացվել օպտիմալացման ծրագիր: Նշվել է, որ Հայաստանում առկա է 1385 դպրոց, նրանց հանձնված շենք-շինությունների ընդհանուր մակերեսը կազմում է 4 մլն 674 հազար 850 քմ, ուսուցիչների թիվը՝ 36 հազար 807, իսկ աշակերտներինը՝ 357 հազար 52: Պարզվել է, որ քաղաքային դպրոցները հիմնականում թերբեռնված են կամ գերբեռնված, մասնավորապես, թերբեռնված է 33,7, գերբեռնված՝ 35,8%-ը: Նորմալ բեռնվածություն ունեցող դպրոցների թիվը կազմում է 16,3%: Ընդգծվել է, որ դպրոցներում կա համահարթեցման, բեռնվածությունը բաշխելու և չօգտագործվող տարածքներն օպտիմալ կառավարելու խնդիր: Արդեն հստակեցվել է 20 դպրոցի օպտիմալացման ծրագիր: Ըստ պատասխանատուների առաջիկայում խնդիր է դրվելու բացառել 300-ից պակաս աշակերտ ունեցող քաղաքային դպրոցների առկայությունը, ապագայում նախատեսվում է աշակերտների թիվը սահմանել 450: Ապա ներկայացվել է դպրոցների ֆինանսավորման բանաձևի վերանայման ծրագիրը և նշվել, որ նախատեսվում է ծախսերի վերաբաշխման վերանայում, որ հնարավոր լինի բարձրացնել ուսուցիչների միջին աշխատավարձը, երաշխավորել նրանց նվազագույն աշխատավարձը՝ անկախ աշակերտների թվից: Անդրադարձ է կատարվել հանրակրթության բովանդակային բարեփոխումներին, մասնավորապես, «Արարատյան բակալավրիատ» ծրագրին, որով նախատեսվում է ներդրնել կրթակարգի նոր սկզբունքներ, անցնել կրթական նոր չափորոշիչների, իրականացնել ուսուցիչների վերապատրաստում, վերանայել դասագրքերը, ներդնել օտար լեզուների դասավանդման նոր հայեցակարգ և այլն: Ծրագրվում է 2018 թվականից ստեղծել նաև ֆիզմաթ ուղղվածություն ունեցող դպրոցների ցանց, որտեղ կապահովվի չորս հիմնական առարկայի խորացված ուսուցում: Ցանցում ընդգրկված դպրոցներում կներդրվեն ժամանակակից լաբորատորիաներ, կիրականացվեն ինժեներական ծրագրեր: Հանդիպմանը զեկուցվել է նաև հանրակրթական դպրոցներում ձեռներեցության և ֆինանսական կրթության առարկաների ներդրման մասին: Continue reading

Advertisements