Բժիշկի չդիմելու «մշակույթը» Արցախի կանանց շրջանում. պատերազմական իրավիճակի հետևա՞նք, թե՞ ամոթ…


Ձեզ ենք ներկայացնում «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի` «Լրատվամիջոցների և արվեստի միջոցով ընդգծելով կանանց դերը խաղաղաշինության և հակամարտության կարգավորման հարցում Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում» ծրագրի շրջանակներում լրագրող Նարեկ Կիրակոսյանի կողմից պատրաստված հոդվածը: Այն պարզաբանում է Լեռային Ղարաբաղում բնակվող կանանց՝ նույնիսկ առողջական լուրջ խնդիրների պարագայում բժշկի չդիմելու պատճառները: Արդյո՞ք դա 26-ամյա կոնֆլիկտի հետևանքն է, որի արդյունքում առողջապահական ենթակառուցվածքները վնասվել են և հասանելի չեն սահմանամերձ բնակավայրերում և նույնիսկ մայրաքաղաքում բնակվող կանանց; Միգուցե դրանում մեղավոր է հասարակությու՞նը, որը շարունակաբար պախարակում է կանանց հիգիենայի, սեռական և վերարտադրողական առողջության հետ կապված խնդիրների բարձրաձայնումը, թե՞ կանայք, վնասակար կարծրատիպերի տարածվածության հետևանքով, իրենց խնամքի արժանի չեն համարում՝ հատկապես ֆինանսական ծանր պայմաններում: Այս հարցերի պատասխանները կարող եք գտնել հոդվածում:

Բժիշկի չդիմելու «մշակույթը» Արցախի կանանց շրջանում. պատերազմական իրավիճակի հետևա՞նք, թե՞ ամոթ…

Յուրաքանչյուր պատերազմ իր  հետքն է թողնում մարդկանց հոգեվիճակի վրա՝ առաջ բերելով հոգեբանական և առողջական տարբեր խնդիրներ, որոնք մարդիկ հիմնականում պայմանավորում են վախի առկայությամբ:

2016թ. ապրիլին Արցախում տեղի ունեցած պատերազմական գործողությունների արդյունքում լուրջ առողջական խնդիրներ առաջացան  ոչ միայն զինվորականների, այլև խաղաղ բնակչության մոտ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը, սահմանին տիրող մշտական լարվածությունը, իհարկե չէին կարող չազդել բնակչության կյանքի բնականոն ընթացքի վրա։ Սա առավել վառ է արտահայտվում  կանանց մոտ, ովքեր առավել խոցելի են պատերազմական և հետպատերազմական իրավիճակներում, ինչպես նաև  ուղղակիրորեն կամ անուղղակիորեն իրենց վրա են կրում ռազմական գործողությունների հոգեբանական և ֆիզիկական հետևանքները:

Ստեփականկերտ, Շուշի, Մարտակերտ, Հադրութ քաղաքներում և Թալիշ գյուղում կատարած մեր հետազատության արդյունքում պարզ դարձավ, որ պատերազմը, դրա վերսկսման վտանգը և կանանց կողմից սեփական առողջական խնդիրների անտեսումը ուղղակիորեն փոխկապակցված են:

Նախ սկսենք նրանից, որ կինը, կնոջ կերպարը և նրա կարևորությունը միշտ երկրորդական են համարվել հայ հասարակության մեջ և այս վերաբերմունքը փոխելն այդքան էլ հեշտ գործ չէ: Մեր հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ Արցախում բնակվող շատ կանայք, կրելով այս հասարակական կարծիքի բացասական ազդեցությունը, չեն կարևորում իրենց դերը հասարակության մեջ, ինչի հետևանքով նաև հարիր չեն համարում իրենց առողջության պահպանման կամ վերականգնման վրա ռեսուրսներ ծախսելը: Այս ամենին ավելանում են  նաև պատերազմական իրավիճակների խոչընդոտները (ներառյալ՝ բժշկական ծառայությունների անհասանելիությունը և բնակչության կողմից դրանց նկատմամբ անվստահությունը) և արդյունքում ունենք հետևյալ պատկերը. կին՝ գտնվող առողջական ծանր վիճակում, կամ կին՝ զրկված  բժշկական ծառայություններից օգտվելու հնարավորությունից:

-Ես 5 երեխա ունեմ: Հղիության ընթացքում ոչ բոլոր ժամանակներում եմ բժշկի դիմել,-պատմում է Թալիշի 35-ամյա բնակչուհի Լուսինե Բրուզյանը:

Բազմազավակ մայրը հինգ հղիության ընթացքում գինեկոլոգիական ծառայութնուններից գրեթե չի օգտվել: Կնոջ անտարբերությունը սեփական առողջության հանդեպ այնքան մեծ է եղել, որ երրորդ հղիության մասին տեղեկացել է այն ժամանակ, երբ պտուղն արդեն չորս ամսական է եղել: Այն հարցին, թե ինչ պարբերականությամբ պետք է դիմել բժշկի  հետազոտության համար, եթե առողջական խնդիրներ չկան, Լուսինե Բրուզյանը ողջամիտ պատասխան է տալիս՝ կյանքի յուրաքանչյուր վեցերրորդ ամսում, սակայն նա այս սկզբունքով չի առաջնորդվում: Նրա երրորդ հղիության մասին բժիշկները իմացել են այն ժամանակ, երբ երեխան ծնվել է տնային պայմաններում:

Հարցված կանանցից մեկն էլ նշեց.

-Ամաչում էի գնայի բժշկի, քանի որ նախորդ երեխաս ինն ամսական էր, երբ իմացա, որ չորս ամսական հղի եմ:

Սա վկայում է այն  մասին, որ հասարակությունը կրկնակի ճնշում է կանանց՝ մայրությունը համարելով անքակտելի գործառույթ, բայց և միաժամանակ հաճախակի մայրանալը ամոթանքի պատճառ դարձնելով:

Հասարակական կարծիքի հետ հաշվի նստելուց զատ, առողջական խնդիրների անտեսումը պայմանավորված է նաև սահմանամերձ Թալիշում բժիշկ-մասնագետների սակավաթվությամբ կամ իսպառ բացակայությամբ: Թալիշի ամբուլատորիան գինեկոլոգ չունի, իսկ գյուղից Մարտակերտ հասնելը լուրջ ֆինանսական խնդիրների հետ է կապված: Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ շատ մասնագետներ, ըստ բնակիչների, հրաժարվել են գալ և Թալիշում աշխատել, ինչն էլ, բնականաբար, չէր կարող բացասական հետևանքների չհանգեցնել:

Լուսինե Բրուզյանը այժմ էլ առողջական խնդիրներ ունի, սակայն կրկին բժշկի չի դիմում: Ամուսինը Թալիշում է, ինքը երեխաների հետ Մարտակերտի շրջանի Ալաշան գյուղում: Այս պահին մտածում է միայն սահմանում գտնվող ամուսնուն օգտակար լինելու մասին՝ անտեսելով սեփական առողջությունը:

Իսկ Սոնյա Մանասյանը շատ դժվարությամբ է հիշում, թե կյանքի 72 տարիների ընթացքում քանի անգամ է բժշկի դիմել:

Կռվից վախենում եմ, հանգստացնող դեղեր եմ խմում: Բժշկի ես  չեմ դիմում, շատ են, որ իմ նման չեն գնում բժշկի: Մեր մոտ հիվանդանոց չկա, բուժկետ չկա:

Այն, որ կանայք գրեթե չեն հետևում իրենց առողջական վիճակին, բարձրաձայնում է նաև Թալիշի ամբուլատորիայի բուժքույր Բագյում Ավանեսյանը: Բուժքույրը վստահեցնում է, որ կանայք մեծ դժվարությամբ են բժիշկի դիմում, սպասում են մինչև հիվանդությունը հասնի բարդացման վերջին աստիճանի, ասել կուզի՝ մինչև դանակը հասնի ոսկորին:

Բուժքույրը նշում է.

-Փողի խնդիր կա: Տարածաշրջանում լավ բժիշկ չկա, չունենք լավ սարքավորումներ: Արյան ընդհանուր անալիզ տալու համար գնում ենք Ստեփանակերտ, նյարդաբան ընդհանրապես չկա,-ասում է բուժքույր Բագյումը:

Այս թվարկվածներից զատ թալիշեցիրների առողջական վիճակի վրա բացասական ազդեցություն է ունեցել 2016թ. քառօրյա պատերազմը: Ըստ բուժքրոջ տեղեկությունների՝ պատերազմից հետո կանանց զգալի մասի մոտ վախի պատճառով շաքարային հիվանդություն է առաջացել: Բուժքրոջ տեղեկությունների համաձայն՝ մոտ 600 հոգանոց բնակչություն ունեցող Թալիշում մինչ պատերազմի վերսկսումը ամբողջ բնակչության շրջանում միայն տասներկուսն են ունեցել շաքարային դիաբեդ, իսկ ներկայումս յուրաքանչյուր 7-րդ կինն ունի այդ խնդիրը: Հիվանդությունը տարածված է հիմնականում 40 անց կանանց շրջանում: Հետպատերազմական շրջանում այդ հիվանդության պատճառով մահացել է 15 կին՝ բժշկի չդիմելու հետևանքով:

Արցախի Մարտակերտ քաղաքը հայտնի է բազմանդամ ընտանիքներով: Քաղաքում նույնիսկ մեկ թաղամաս կա, որ, բնակիչների խոսքով, §Բազմազավակների¦ թաղամաս է կոչվում: Այնտեղ բնակվող ընտանիքներից յուրաքանչյուրը նվազագույնը 6 երեխա ունի, իսկ առավելագույնը՝11:

16

/Նկարում՝ Մարտակերտցի Արփինեն հագցնում է իր եղբայներից մեկի շորերը։ Դպրոցից վերադառնալով՝ նա է հիմնականում հետևում իր կրտսեր եղբայրներին/։

Լաուրա Շիրինյանը  53 տարեկան է: Բնակվում է վերոնշյալ թաղամասում, ունի 6 երեխա: Առողջական խնդիրներ ունի, բայց բուժում ստանալու հարցում հետևողական չէ: Վեց հղիությունից երեքի ժամանակ երբևէ գինեկոլոգի չի դիմել: Հղիության ընթացքում հսկողության տակ չգտնվելու հետևանքով էլ երեք երեխաները լույս աշխարհ են եկել կեսարյան հատումով: Ներկա պահին բժշկի չդիմելը արդարացնում է ֆինանսական խնդիրների առկայությամբ:

Ութ երեխայի մայր Արաքսյա Գրիգորյանը 43 տարեկան է: Տեսողության հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Երբևէ մասնագետի չի դիմել: Պատճառը որդու պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելն է: Ըստ նրա՝ ավելի կարևոր է  ֆինանսական միջոցները որդուն ուղարկելը, քան  առողջական խնդիրների վրա ծախսելը: Բացի այս նշում է, որ Մարտակերտի հիվանդանոցում համապատասխան մասնագետ չկա: Մայրաքաղաք Ստեփանակերտում գտնվող Արցախի Հանրապետական բժշկական ծառայությունից օգտվելն էլ շռայլություն է համարում:

Մարտակերտում, և ընդհանրապես, Արցախի Հանրապետությունում կանայք չեն դիմում բժշկի նաև  վերջիններիս մասնագիտական որակավորման բացակայության պատճառով: Մարտակերտում բնակվող կանանցից մեկը, ով 9 երեխաների մայր է, միայն ծննդաբերելու ժամանակ է դիմել բժիշկ-մասնագետի: Ասում է, որ չի հավատում բժիշկների ախտորոշմանը:

Շուշիում բնակվող Դիանա Բալայանը մեկն է այն կանանցից, ում չի հետաքրքրում իր առողջական վիճակը գոնե բավարար մակարդակի հասցնելը:

-Ինձ համար սովորական է, որ ես այս վիճակով պետք է ապրեմ: Ողնաշարի, ոտքերի հետ կապված խնդիրներ ունեմ, բայց բժշկի չեմ գնում: 8 երեխա ունեմ, նրանց խնամք է անհրաժեշտ: Մեծ տղաս էլ բանակում է, իր մասին եմ մտածում: Մեկ տարի է, որ այս  խնդիրն ունեմ: Մի որոշ ժամակ անցնի նոր կդիմեմ բժշկի: Երեխաներս փոքր են հիմա,- նշում է նա:

«Կանանց ռեսուրսային կենտրոն» հկ-ի Շուշիի մասնաճյուղի տնօրեն  Գայանե Համաբարձումյանը անհանգստացնող խնդիր է համարում այն, որ Արցախում կանայք անտեսում են առողջությունը: Կազմակերպության ներկայացուցիչը վեր է հանում այն խնդիրները, որոնց պատճառով կանայք չեն դիմում բժշկի. դրանք են գումարի բացակայությունը, շրջկենտրոնների զգալի մասերում գինեկոլոգիական ծառայությունների բացակայությունը, անտեղյակությունը, թե որ ծառայությունը որտեղ կարելի է ստանալ և ինչ գումարի շրջանակներում, իսկ այս ցանկը գլխավորում է այն փաստը, որ Արցախը կիսապատերազմական իրավիճակում է:

-Երիտաարդ աղջիկները չեն գնում գինեկոլոգի մոտ: Խուսափում են շրջապատի կարծիքից: Ամուսնական կյանքում խնդիրները առաջ են գալիս, բայց լուծել այլևս հնարավոր չի լինում:  Մարաղա գյուղում մի կին կա, ով մի քանի տարի է, որ գինեկոլոգի հետազոտության կարիք ունի, բայց չի դիմում:  Մեր կենտրոնը երկու  տարի բանակցել է այդ կնոջ հետ, որ դիմի գինեկոլոգի:

Հիվանդության մասին չխոսել և չդիմել բժշկի. սա թերևս տարածված վարքագիծ է: Կարևորվում է ավելի շատ հասարակական կարծիքը, քան սեփական առողջությունը: Այն, որ կանայք ցանկանում են հասարակությունից գաղտնի պահել սեփական առողջական խնդիրները, պարզ դարձավ հենց հարցազրույցների ընթացքում: Շատ կանայք հրաժարվեցին խոսել այս թեմաներով, երբ իմացան մեր հարցերը: Բավականին շատ էին նաև այն կանայք, ովքեր զարմանում էին, նույնիսկ, երբ հետաքրքրվում էինք, թե ինչու հետևողական չեն իրենց առողջական խնդիրների կարգավորման հարցերում:

Շուշին և Ստեփանակերտը  Արցախի ամենազարգացած քաղաքներն են համարվում  այն պատճառով, որ այս քաղաքներում շփումը արտաքին միջավայրի հետ ավելի ակտիվ է: Սակայն բժշկի դիմելու մշակույթը այս քաղաքներում էլ զարգացած չէ: Եթե դիտարկենք, որ պատերազմական և հետպատերազմական իրավիճակները ուղղակիորեն փոխկապակցված են սահմանամերձ բնակավայրերի հետ և այնտեղ, ի տարբերություն Ստեփանակերտի կամ Շուշիի, ավելի շատ են բնակիչները իրենց վրա կրում պատերազմի բացասական ազդեցությունը և չեն հետևում իրենց առողջության պահպանմանը կամ վերականգնմանը, ապա զարմանալի է, որ նույն իրավիճակն է նաև նշյալ երկու քաղաքներում:

Սպասում էինք, որ բժշկի չդիմելու, առողջության պահպանման հարցում հետևողական չլինելու դրդապատճառները հետազոտելիս մեծ տարբերություն ենք նկատելու սահմանամերձ և սահմանից բավականին հեռու բնակավայրերի միջև: Սակայն կանայք՝ անկախ բնակության վայրից, կենտրոնացած են միայն սահմանում կատարվող գործողությունների վրա, ինչն էլ հիմնական պատճառ է դառնում, որ չհետևեն առողջության պահպանմանը:

Այս պատկերը թերևս լավագույնն է արտացոլում այն փաստը, որ պատերազմական իրավիճակներում հասարակության մեջ կնոջ դերը մղվում է ետին պլան և արդյունքում հանգեցնում է այնպիսի ծանր հետևանքների, ինչպիսին են առողջական լուրջ խնդիրները, դրանց հանդեպ հետևողական չլիները, որը ցավոք երբեմն ավարտվում է մահացության դեպքերով:

Հեղինակ՝ Նարեկ Կիրակոսյան

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s