ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ՝ «ՎԱՅՈՑ ՁՈՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ
Nov52019
Ի պատասխան հազարավոր ընթերցողների հարցերին
Մի շարք հարցումների, թե ինչու չի տպագրվում «Վարդաձոր» մարզային թերթը, ասեմ որ ինձ համար էլ այդ խնդիրը ցավալի է: «Վարդաձոր»-ը մարզի միակ լրատվամիջոցն է: Այն հրատարակվում է 2002 թվականի հոկտեմբերից: Սկզբնական շրջանում տպագրվում էր ամիսը երկու անգամ, բայց ֆինանսական միջոցների ոչ բավարար լինելու պատճառով երկու տարի անց տպագրությունն իրականացվեց ամիսը մեկ անգամ՝ պետական աջակցության և բաժանորդագրության շնորհիվ:
Այս տարվա սկզբից, երբ դադարեցվեց պետական աջակցությունը՝ սուբսիդան, առաջացան ֆինանսական լուրջ խնդիրներ, որի պատճառով և դադարեցվեց թերթի տպագրությունը:
Հարգելի’ ընթերցող, այն չի լուծարվել, այլ ժամանակավորապես կասեցվրել է գործունեությունը: Ցավում եմ, որ այս տարվա ընթացքում չենք կարողացել մարզային լուրերը տեղեկացնել Ձեզ… Այնուամենայնիվ լավատեսորեն եմ տրամադրված։ Հուսանք՝ ամեն ինչ լավ կլինի։ Եթե կարողանանք ֆինանսական խնդիրը լուծել, նորից «Վարդաձոր»-ը կհրապարակվի ու կգտնի իր ընթերցողին:
«Վարդաձոր» թերթի գլխ. խմբագիր
Ս. Դովլաթյան
Քանի որ թերթը չի տպագրվում, բնականաբար չի էլ թարմացվում էլեկտրոնային տարբերակը: Բայց որպես բացառություն առիթից օգտվելով Ձեզ եմ ներկայացնում մի քանի տեղեկատվություն։
***
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Արարատ Գրիգորյանը նշանակվել է Վայոց ձորի մարզպետ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն նոյեմբերի 1-ին աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր՝ մարզպետարանի աշխատակազմին ներկայացնելու նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանին: