ՀՀ-ում մեկնարկեցին միասնական և ավարտական քննությունները


 

Վայոց Ձորում ստեղծվել է միասնական քննական մեկ կենտրոն, տնօրեն` Ժիրայր Գասպարյան: Կենտրոնը տեղակայված է Եղեգնաձորի թիվ1 միջն. դպրոցի շենքում: Հունիսի 2-ին անցկացվեց հայոց լեզվի և գրականության քննությունը: Միասնական քննության հայտ էր ներկայացրել 236 շրջանավարտ, որից 231-ը մասնակցեց  քննությանը: Այն ընթացավ սահմանված կարգին համապատասխան, առանց խախտումների: Քննության ընթացքը վերահսկում էին ՀՀ ԳԿ նախարարի և գնահատման ու թեստավորման կենտրոնի լիազոր ներկայացուցիչները:

Advertisements

Պոեզիայի ջերմությամբ, գույների լեզվով


 

Մայիսի 30-ին Ջերմուկ քաղքը հյուրընկալել էր Եղեգնաձորի, Վայքի գրականության ու արվեստի մի խումբ նվիրյալների, որոնց այցելության նպատակն էր իրենց ուրախությունը խառնելու գործընկերների ջերմ տրամադրությանը, մասնակցելու շնորհալի նկարիչ, բանաստեղծ ու արձակագիր Վանիկ Զոհրաբյանի նոր գրքերի` «Հուշեր ջրերի խորքից» և «Ջերմուկյան էտյուդներ» /Պատկերագիրք բանաստեղծություններով/ շնորհանդեսին:

…Թեև Վանիկը վաղուց է հեռացել Որոտանի ջրերի խորքում ննջած իր հայրենի գյուղից` Բազարչայից, բայց ոգու զորությամբ այն դարձրել է տեսանելի ու շոշափելի, որոնք և փոքրիկ գրքույկներով ներկայացրել է ընթերցողին:

Առաջին գրքում իրապատումն ու հուշապատումն այնպես են ձուլվել իրար, որ ընթերցողն էլ ակամայից տեսնում է ու լսում գյուղի մարդկանց, զգում նրանց սրտի զորությունը, խինդն ու վիշտը. ահա քանդակագործ Արշավիր Կարապետյանը, Մարտին ամին, փոշտալյոն Գեղեցիկը, առաջին սերը` Ֆեյան և ուրիշներ, բոլորն էլ կենդանի և իրական:

Ջերմուկում ապրած 40 տարիների յուրաքանչյուր օրը թողել է իր հետքը: Նա ականատեսն ու մասնակիցն է եղել սիրելի քաղաքի եռուն կյանքին, մարդկանց առօրյային, որոնք իմաստավորել ու հանձնել է թղթին: Այստեղից էլ ծնվել է «Անավարտ օրագիր  կամ ակամա խոստովանահայր» գիրքը: Նորից այնքան ջերմ և անմիջական, խոր ու տպավորիչ:

«Անավարտ օրագրին» լրացնելու են գալիս «Ջերմուկյան էտյուդները» /Պատկերագիրք բանաստեղծություններով/. այսպես է վերնագրել իր երկրորդ գիրքը, որը գրված է բարձր արվեստով ու ստեղծագործությունների բոլոր տողերը շաղախված են ջերմուկյան սիրո շողերով:

…Նկարիչ-բանաստեղծի արվեստը ջերմորեն ներկայացրին ու նոր բարձրունքներ նվաճելու եռանդ ու որոնումներ ցանկացան Լարիսա Ամիրջանյանը, Անահիտ Վարդանյանը, նկարիչ Վարդան Ավետյանը: Շնորհավորանքների եղեգնաձորյան փունջը ներկայացրին բանաստեղծներ Ֆոլիկ Հակոբյանը, Լուսիկ Մկրտչյանը, առակագիր Հրաչիկ Մարկոսյանը և ուրիշներ:

 Ներկաներին երախտագիտության իր խոսքն ասաց  Վանիկ Զոհրաբյանը:

Խ. Հարությունյան

գ. Հերմոն  

ՀՀ փոխվարչապետ Ա.Գևորգյանի աշխատանքային այցը Վայոց Ձորի մարզ


ԹԻՎ 5-6 /41-42/

ՀՈՒՆԻՍԻ 6

                                                                                                                                                                            2008թ

Մայիսի 30-ին ՀՀ Վայոց Ձորի մարզ այցելեց փոխվարչապետ Ա.Գևորգյանը: Մարզպետարանի պատասխանատու աշխատողների հետ անցկացված հանդիպման ընթացքում առաջ քաշվեցին բոլոր բնագավառներին վերաբերող մի շարք հարցեր: Առանձնակի կարևորվեց Եղեգնաձոր քաղաքի խմելու ջրի անավարտ ջրագծի կառուցման խնդիրը,  քննարկվեց նաև Եղեգիս-Աղավնաձոր-Ելփին և Կեչուտ-Ազատեկ-Փոռ ոռոգման ջրագծերի վրա նկատվող թերությունների վերացման խնդիրները: Ա.Գևորգյանը խոստացավ ընթացք տալ  բարձրացված հարցերին:

Փոխվարչապետի հանձնարարությամբ նշված խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով հունիսի 6-ին մարզ այցելեց ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանը: Մարզպետ Վ. Մաթևոսյանը մանրամասնորեն ներկայացրեց դրանց վերաբերող հիմնախնդիրները և նկատի ունենալով, որ կառուցվելիք ջրատարը հիմնավորապես կլուծի Մալիշկա, Արփի, Ագարակաձոր, Եղեգնաձոր, Գլաձոր և Վերնաշեն համայնքների կարիքները Ա.Անդրեասյանն առաջարկեց անավարտ ջրագծի նախկին նախագիծը վերանախագծել և տեխնիկա-տնտեսական հիմնավորումներն ստանալուց հետո շարունակել կառուցման աշխատանքները: Իսկ ոռոգման ջրագծերի թերությունների վերացման համար տրվեցին կոնկրետ հանձնարարականներ, մշակվեց աշխատանքների կատարման ժամանակացույց:

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ «ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


сканирование0001

Հաշվետվություն` Վայոց ձորի հիմնադրամի

1.            Ընդհանուր տեղեկություններ հիմնադրամի մասին.

1.1          գրանցված է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից «23» դեկտեմբեր, 2003թ. պետական գրանցման վկայական՝ 03 Ա 061840:

1.2          գտնվելու վայրը՝ Վայոց Ձորի  մարզ, ք. Եղեգնաձոր, Սպանդարյան   66:

1.3          կապի միջոցները.

                հեռ.0281-2-39-96,

1.4 հիմնադրամի կառավարման մարմիններում ընդգրկված անձինք.

1.4.1 Կառավարիչ`«Ապավեն համայնքներին» ԲՀԿ:

1.4.2 հոգաբարձուների խորհրդի կազմը՝

                Կարեն Առաքելյան

                Արմեն Մանասյան

                Մարգարիտա Հակոբյան

                Մարիամ Կարապետյան

                Արծրուն Ալավերդյան

           Մաղաքիա  Ավետիսյան

           Ասատուր   Ասատրյան

           Վահան  Զաքարյան

           Սմբատ   Գալստյան

           Սամվել  Գևորգյան

           Ռուզաննա  Ստեփանյան

1.4.3. աշխատակազմը, այդ թվում՝

                Վարդան  Ստեփանյան, տնօրեն

Արմինե   Ստեփանյան, գլխավոր հաշվապահ

Լուսինե  Հովսեփյան, ծրագրային աշխատող

Լուսինե  Բունիաթյան, ծրագրային աշխատող

Խաչատուր    Բաբլոյան, վարորդ-մատակարար

2.       գույքի օգտագործման մասին՝

Գույքն օգտագործվել է ԱԱՊ(առողջության առաջնային պահպանման) ծրագրի իրականացման և աշխատակազմի աշխատավարձերի վճարման համար:

          իրականացված ծրագրերը՝

2007 թ. ընթացքում Վայոց  Ձոր մարզի 38 գյուղական համայնքներում կատարվել է «Ապավեն համայնքներին» ԲՀԿ-ի կողմից իրականացվող «Առողջության առաջնային պահպանման» ծրագրի մոնիտորինգ: Կատարվել է առաջին օգնության համար նախատեսվող հիմնական դեղորայքի բաշխում ծրագրում ընդգրկված համայնքներ: Յուրաքանչյուր ամիս կազմակերպվել է տեղամասային մասնագետ բժիշկների այցելություններ գյուղական համայնքներ: Իրականացվել է հիգենիկ պարագաների բաշխում: Գյուղական համայնքների բուժքույրերի համար կազմակերպվել են սեմինար պարապմունքներ: Իրականացվել է հիմնադրամին նվիրատվությունների հավաքագրում:

3.2.     իրականացվող ծրագրերը՝

2008 թ ընթացքում շարունակվում է ԱԱՊ ծրագրի մոնիտորինգի-իրականացումը:

4.        ֆինանսավորման աղբյուրները՝

Դրամաշնորհ ստացված «Ապավեն համայնքներին» ԲՀԿ-ի կողմից,

             համայնքների բնակիչների կողմից նվիրատվություններ:

5.            տարեկան ընդհանուր ծախսերը՝ 16462,0 հազ դրամ Continue reading

ՍԵՎԱԿԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԻՑ` ՍԵՎԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Երիտասարդ գրականագետ, Գորիսի պետական համալսարանի դասախոս Թեհմինա Մարությանի գիտական ուղին սկսվել է սևակասիրությունից, Սևակ-բանաստեղծի կյանքի և գործի հանդեպ տածած ջերմագին պաշտամունքից: Սևակով ապրել ու իմաստավորել է իր ուսանողական կյանքի տարիները, Սևակով է լցրել հոգու և արյան բջիջները: Սևակ ասմունքող ու պաշտող աղջնակն օրերի հետ ավելի ու ավելի հասունացել է և հասկացել, որ իր հետագա կյանքի և գործունեության տարերքը գրականությունն է և գրականագիտությունը` մասնավորապես սևակագիտությունը: Դեռևս ուսանաղական տարիներին Թ. Մարությանը գիտաժողովներում և մամուլում հանդես է եկել աչքի ընկնող, թարմ հարցադրումներով և ինքնատիպությամբ լի  գրականագիտական հոդվածներով և բանախոսություններով: Նրա գիտական անդուլ պրպտումները  տվեցին ցանկալի արդյունքը. 2004թ. նոյեմբերին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում պաշտպանել է ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Վերջերս հայ ընթերցողի գրասեղանին դրվեց  Թ. Մարությանի անդրանիկ մենագրությունը` «Պարույր Սևակի պոեմների գրաքննադատական անդրադարձները» խորագրով, որը լույս է ընծայել «Զանգակ 97» հրատարակչությունը: Գրքի գիտական խմբագիր, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Դ. Գասպարյանը առաջաբանում նշում է, որ սույն մենագրության հեղինակը գիտական և հոգեկան որոնումների ոչ դյուրին  ճանապարհով փորձել է հասնել ակունքին և ազնիվ գիտությամբ բարբառել գրական ճշմարտությունը, այսկերպ հոգևոր հաղորդակցման խողովակները մաքրելով ժանգից ու խցանումից: «Բանաստեղծական ինքնադիմանկար» ներածական գրքի հեղինակը հակիրճ ներկայացնում է  սևակագիտության ոլորտում առկա վիճակը, գնահատանքի խոսք ասում մի շարք ուսումնասիրողների  կատարած աշխատանքի  և ունեցած վաստակի առնչությամբ: Անդրադառնալով ուսումնասիրության բուն նյութին, Թ. Մարությանը փաստարկում է, որ Սևակի երկերը, պատմահայրենասիրական պոեմները մասնավորապես, իրենց տարողությամբ և խոսքով, փիլիսոփայական հարցադրումներով ինքնին հատկանշվում են արդիական հնչեղությամբ  և ցայսօր զգալիորեն արգասավորում են հայ գրականության ընթացքն ու  նվաճումները:

Աշխատության առաջին գլխում /«Պատմական պոեմների գրաքննադատական անդրադարձները»/ փաստական և փաստառատ  վիթխարի նյութի  օգտագործումով քննության են առնվում  Սևակի «Անլռելի Զանգակատուն» , «Եվ այր մի` Մաշտոց անուն», «Եռաբանյա ասք» պոեմների շուրջ  ծավալված գրական ու քննադատական անդրադարձները: Հեղինակը ոչ միայն ներկայացնում է ժամանակի գրական համայնապատկերը, այլև սեփական դիտարկումների հիման վրա մշակում, ամբողջականացնում է իր  դիրքորոշումն ու չափանիշները: Նորովի մեկնաբանություն է տրվում հայրենիքի կերպարը, հայոց բազմադարյան հերոսական և ողբերգական անցյալը գեղարվեստորեն մարմնավորելու սևակյան ջանքերին ու խիզախմանը:

Ըստ հետազոտողի, Սևակի պատմական պոեմները հատկանշվում են ազգային հայրենասիրական բացառիկ լիցքավորմամբ, իսկ ընդգրկումների խորքով, ժանրային ոճաբանական և կառուցվածքային առանձնահատկություններով առհասարակ հայ քնարերգության նվաճումներից են: Սակայն ժամանակի հայ գրաքննադատական միտքը հաճախ ոչ միայն անտեսել, անուշադրության է մատնել վերոնշյալը, այլև միտումնավոր կամ անորոշ դիրքորոշում ընդգրկել սևակյան արժեքների հանդեպ: Թ. Մարությանը անուն առ անուն բացահայտում և խիստ քննադատում է կողմնակալ ու տհաս գիտնականներին:

Երկրորդ գլխում /«Սիրային պոեմների գրաքննադատական անդրադարձները» ներկայացված է «Երգ երգոց», «ՈՒշացած իմ սեր», «Նահանջ երգով» պոեմների` գրական-հասարակական դաշտում ունեցած արձագանքների տեսությունն ու մեկնությունը: Continue reading

Գետափում բացվել է երիտասարդական գործողությունների կենտրոն


Արդեն երրորդ տարին է, որ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ հանրապետությունում գործում է Երիտասարդական և համայնքային գործողությունների ծրագիրը, որի Վայոց Ձորի մարզային համակարգողն է Ռուզան Ղազարյանը: Ծրագրի նպատակն է բարձրացնել երիտասարդների քաղաքացիական ակտիվությունը, ինչպես նաև ընդլայնել համայնքների բնակիչների ներգրավվածությունը հանրային խնդիրների լուծման մեջ:

Ծրագրի շրջանակներում գյուղական համայնքներում հիմնադրվում են երիտասարդական ակումբներ կամ համայնքային գործունեության հանձնաժողովներ, որոնցում ներգրավված ակտիվ մարդիկ իրականացնում են իրենց համայնքների զարգացմանը նպաստող նախաձեռնություններ:

Նման կենտրոններ արդեն գործում են մեր մարզի յոթ համայնքներում` Արենի, Աղավնաձոր, Արտաբույնք, Գոմք, Հերհեր, Ագարակաձոր:

Օրերս իր գործունեությունն սկսեց նաև Գետափի երիտասարդական ակումբը, որի առաջին միջոցառումը գործողությունների կենտրոնի հանդիսավոր բացման արարողությունն էր: Ծրագրի համակարգող Ռ.Ղազարյանից տեղեկացանք, որ կենտրոնի համար տարածք է տրամադրել գյուղապետարանը, իսկ գույքով և սարքավորումներով կահավորումն իրականացվել է ՙԿրթության զարգացման ակադեմիա՚ կազմակերպության կողմից:

Նորաստեղծ ակումբի բացումը խանդավառությամբ էր տոգորել երիտասարդներին, որոնք իրենց նվիրումն ու սերը արտահայտել էին յուրովի. տոնական ՙհանդերձանքը՚ պատրաստել էին իրենց լոգոտիպով դրոշակներով, կրծքանշաններով ու փուչիկներով: Ժապավենի կտրման պատիվը վստահվեց ԵՀԳ Ծրագրի մարզային համակարգող Ռ.Ղազարյանին ու գյուղապետ Ժ.Ավագյանին:

Վերջինս առանձնապես կարևորեց գյուղում նման կենտրոնի բացումը, շնորհակալություն հայտնեց աջակիցներին և հույս հայտնեց, որ նման կենտրոնը կնպաստի համայնքի երիտասարդության ակտիվացմանը: Իսկ դա խոսում է այն մասին, որ համայնքի խնդիրների լուծման ճանապարհին երիտասարդությունը կդառնա համայնքապետարանի գործընկերը: Շնորհավորական խոսքեր և բարեմաղթանքներ հղեցին նաև Վայոց ձորի մարզպետարանի ներկայացուցիչները:

DSCF0791Տոնական ծրագրին հաջորդեց նորաստեղծ ակումբի աշխատակազմի ընտրությունները, որից անմիջապես հետո Գետափի երիտասարդներն ընտրեցին իրենց հոգեհարազատ ոլորտներն ու պլանավորեցին առաջիկա եռամսյակի գործողությունները:

Շուտով ծրագրին կմիանա նաև սահմանամերձ Բարձրունին: Continue reading