«Հզոր հայրենիք» բարեգործական ատամնաբուժարան ծրագիրը Վայոց ձորում


2Վայոց ձորի թեմի և «Սյունիք-զարգացում» ՀԿ-ի երկարատև աշխատանքի շնորհիվ է, որ «Հզոր հայրենիք» բարեգործական ատամնաբուժարան ծրագիրը կյանքի կոչվեց։ Ծրագրի բացման արարողությունը տեղի ունեցավ այսօր Վայոց ձոր մարզի Արենի համայնքի սահմանամերձ Խաչիկ բնակավայրում։ Բացման արարողությանը ներկա էին Վայոց ձորի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, ներկայացուցիչներ Պաշտպանության և Առողջապահության նախարարություններից և «Սյունիք-զարգացում» ՀԿ-ից։

1

 

 

Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը ողջույնի խոսքում նշեց, որ այս ծրագրի իրականացումը Վայոց ձորի թեմի և «Սյունիք-զարգացում» ՀԿ-ի մի քանի տարվա աշխատանքի և ներդրումների արդյունք է, շնորհակալություն հայտնեց նաև Վիգեն Կարապետյանին, Կարո Գևորգյանին և մի շարք ամերիկահայ բարերարների, որոնք շարունակական աջակցություն են բերելու այս նախաձեռնությանը:

Ծրագիրը կրելու է շարունակական բնույթ և միտում ունի ընդլայնվելու։

6

7

«Հզոր հայրենիք» բարեգործական ատամնաբուժարանը սպասարկելու է Վայոց ձոր մարզի Եղեգնաձոր, Վայք, Խաչիկ, Խնձորուտ, Սերս, Նոր Ազնաբերդ և Բարձրունի բնակավայրերի բնակիչներին, զինվորականներին և նրանց ընտանիքի անդամներին։

8

Ծրագրի շրջանակներում Խաչիկ բնակավայրում տեղակայված զորամասին նաև նվիրաբերվեց զոդման շարժական ապարատ։

9

10

Աղբյուր՝ Syunik-Development NGO

 

 

Երկրներն ընդունում են ներկերում կապարի պարունակությունը սահմանափակող օրենքներ


«Կապարով թունավորումների կանխարգելման միջազգային շաբաթ»–ը Կապարային ներկերի վերացման հարցերով գլոբալ դաշինքի նախաձեռնությունն է, կամավոր համագործակցություն, որը ստեղծվել է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից` նպատակ ունենալով կանխել կապարի ազդեցությունը` խթանելով կապար պարունակող ներկերից աստիճանաբար հրաժարումը։

«Կապարով թունավորումների կանխարգելման միջազգային շաբաթ»–ը տեղի է ունենում ամեն տարի՝ հոկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում:

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը հանդիսանում է «Կայուն օրգանական աղտոտիչների վերացման միջազգային ցանց»-ի անդամ և նույնպես միանում է այդ քարոզարշավին:

Քարոզարշավի նպատակը մարդու առողջության, հատկապես` երեխաների վրա կապարի ազդեցության կանխման նպատակով գործողությունների անհրաժեշտության մասին իրազեկության բարձրացումն է: Քարոզարշավն առանձնահատուկ ուշադրություն է հատկացնում կապարային ներկերի վերացման համար կառավարությունների, արդյունաբերության և սպառողների կողմից հետագա գործողությունների ձեռնարկման պահանջին:

«Կապարով թունավորումների դեմ գործողությունների միջազգային շաբաթ»–ի նախօրեին, որն այս տարի սկսվում է հոկտեմբերի 20-ին, երկու երկիր` Իսրայելն ու Բանգլադեշն, ընդունել են օրենքներ` ներկերում կապարի մակադակը մինչև 90 մմմ (մաս միլիոնի մեջ) սահմանափակելու մասին։ Այսպիսով, կապար պարունակող ներկերի արտադրությունը, ներմուծումը և վաճառքը կարգավորող երկրների ընդհանուր թիվը հասել է յոթանասուներեքի:

Բոլոր տեսակի ներկերի համար Իսրայելը որպես ՍԹԽ սահմանել է 90 մմմ–ն: Բանգլադեշն ընդունել է օրենք, որը սահմանափակում է կապարի պարունակությունը միայն դեկորատիվ ներկերում, մասնավորապես` տներում, դպրոցներում, հասարակական և առևտրի տարածքներում ներքին և արտաքին մակերեսները ներկելու համար, ինչպես նաև խաղալիքների, կահույքի և խաղահրապարակների համար:

Ներկերում կապարի օգտագործումը կանխելու ամենաարդյունավետ միջոցը ազգային օրենսդրության և իրավաբանորեն պարտադիր չափանիշների կիրառումն է, որոնք արգելում են ներկերում կապարային հավելումների օգտագործումը: Նվազագույնը, երկրները պետք է դադարեցնեն կենցաղային դեկորատիվ կապարային ներկերի արտադրությունը, ներմուծումը և վաճառքը և հաշվի առնեն բոլոր տեսակի ներկերում կապարի սահմանափակման հնարավորությունը:

Կապար պարունակող ներկն ամբողջ աշխարհում երեխաների վրա կապարի ազդեցության աղբյուրներից մեկն է: Այս խնդիրը ճանաչվել է որպես Քիմիական նյութերի միջազգային կառավարման ռազմավարական մոտեցման (ՔՆՄԿՌՄ/SAICM) քաղաքականության ի հայտ եկող նոր հարց: Կապարով թունավորումը մտավոր հետամնացություն է առաջացնում տարեկան մոտ 600,000 երեխայի մոտ և կարող է առողջական հետևանքներ ունենալ ամբողջ կյանքի ընթացքում:

Աղբյուրը`https://www.who.int/ipcs/lead_campaign/en/ http://sdg.iisd.org/news/israel-bangladesh-adopt-legislation-to-limit-lead-in-paint/

https://www.who.int/ipcs/lead_campaign/ru/

Страны принимают законы по ограничению свинца в краске

Continue reading

Հիսուն տարի անց… այս օրը կմնա մեր հիշողության մեջ


1969թ. վերջին զանգ

1969թ. վերջին զանգ

50 տարի անց

50 տարի անց

2019 թիվ, հոկտեմբերի 12… Հիսուն տարի անց Եղեգնաձորի թիվ 2 միջն. դպրոցի երրորդ շրջանավարտներն ավանդույթի համաձայն ոտք դրեցին հարազատ դպրոց, հնչեց դպրոցական զանգն ու արդեն հասուն, կայացած մարդիկ՝ ներշնչված օրվա խորհրդից զույգ-զույգ մտան դասարան, յուրաքանչյուրն զբաղեցնելով դպրոցահասակ տարիների իրենց տեղը: 

3

4

5

Մի պահ մանկացան ու մեկը մյուսին հերթ չտալով՝ վերհիշեցին իրենց վերջին դասն ու վերջին զանգը, դպրոցի տնօրինությանն ու երջանկահիշատակ մանկավարժներին, դրվագներ պատմեցին նրանց դասերից, ու յուրաքանչյուրը վերհիշեց Գաբրիելյանի, Ավետիսյանի ու Դավթյանի, Բեգլարյանի ու… բոլորի ականջ շոյող բարեմաղթանքները… Անահիտը, Գագիկն ու Լուսիկը, Սեդան ու Շավասպը, Էդիկն ու Հակոբը, Մելսիդան ու Զվարթը, Ռազմիկն ու Վոլոդյան, Հասմիկն ու Սաթիկը, Անահիտն ու Նունուֆարը… մեկիկ-մեկիկ արտասանեցին վերջին զանգին հնչած նրանց խոսքերը.

«Ձեզ այս տոնական օրվա հետ կապված մաղթում եմ անվտանգ, հիշարժան օր ողջ կյանքի ընթացքում», կամ էլ թե՝«Դարձե՛ք պիտանի մարդ ձեր ընտանիքի, պետության և հասարակության համար, իսկ Դավթյանի մայրական խոսքերը թերևս ամենատպավորիչն էին. «Ես մաղթում եմ ձեզ անձնական երջանկություն և բարեկեցություն, քանի որ յուրաքանչյուրի հաջողությամբ և երջանկությամբ է չափվում հասարակության ամրությունն ու բարեկեցությունը»   Սխալված չեմ լինի, որ ասեմ 50 տարի առաջ այս ցանկություններն ընկալում էինք որպես բարեմաղթանքի խոսքեր, բայց այսօր արդեն հասկանում ենք, որ դրանք կյանքում, մարդկային հարաբերություններում ամենակարևորն են:

… Ժամանակի թելադրանքով հրաժեշտ տվեցինք դպրոցին՝ միջոցառման երկրորդ մասը սկսելու համար: Խումբն արդեն համալրվեց «հարսն ու փեսաներով» ու շարունակվեց միջոցառումը բնության գրկում, սեղանների շուրջ: Բնականաբար նախ մեծ վշտով հիշեցինք անժամանակ կյանքից հեռացած մեր ընկերներին. Սեդային ու Էմիլին, Սասնիկին ու Ռաֆիկին…. աստված թող նրանց հոգին լուսավորի…

Սեղանի կառավարչի՝ Գագիկի առաջարկով ներկաները հանդես եկան, այլ կերպ ասած «հաշվետվությամբ» … Հերթով խոսեցին բոլորը. ուսումնական հաստատություն, աշխատանք, ընտանիք, թոռնիկներ, անգամ նաև ծոռներ… Այո՛, 50 երկար ու ձիգ տարիներ, որոնք լի են եղել հաղթահարելի ու անհաղթահարելի դժվարություններով ու նաև հաջողություններով, որոնց արդյունքում ձևավորվել են նոր ձեռքբերումներ, նոր խնդիրներ ու նաև նոր ավանդույթներ:

Թերթելով յուրաքանչյուրիս 50-ամյա պատմության էջերը, սխալված չեմ լինի, որ ասեմ այս պահին յուրաքանչյուրիս տեսադաշտում կինոժապավենի պես պտտվում են մանկության, դպրոցական տարիների հիշողությունները, որոնք անցյալը կապում են ներկայի հետ, իսկ ներկան արդեն խոսուն վկան է ապագայի: Ուրեմն թող բոլորիս ապագան լինի անհոգ: Դա է հաստատում անվերջ հնչող ուրախ երաժշտությունը, որը պարի է հրավիրում բոլորին, պարում են, պարում, վայելում ռիթմիկ և ուրախ հնչյունները, տեղ-տեղ էլ հուզմունքով իրար փարվում, որը վեր է ածվում հոգեթով հայացքների ու գգվանքի: Ակնհայտ երևում էր յուրաքանչյուրիս տոնական տրամադրությունը, այն տպավորիչ էր ու ակնահաճո: Իսկ միակ մասնակից թոռնիկը՝ Միլենան, իր անզուգական ձայնով, հոգեզմայլ երգերով նոր ջերմություն հաղորդեց բոլորիս: Ասվածի վկայությունն այն է, որ ժամեր անց մի շարք հրաժեշտի պարերից հետո սկսվում էր նորը, և մեծ դժվարությամբ ու ափսոսանքով միայն ուշ երեկոյան կարողացանք ազդարարել օրվա միջոցառման ավարտը՝ ակնկալելով նորանոր հանդիպումներ:

Շրջանավարտ Սվետլանա Դովլաթյան
«Վարդաձոր» մարզային թերթի խմբագիր

Մոր արյան մեջ կապարի բարձր մակարդակը կարող է երեխայի ճարպակալման պատճառ դառնալ


«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը: 2016 թ-ին իրականացրել է հայաստանյան շուկա ներկրված ներկերում կապարի պարունակության հետազոտություն: Պարզել է, որ ներկերում առկա է կապարի բարձր խտություններ, որոնք  գերազանցել են միջազգային սահմանային թույլատրելի խտությունը:

Ստորև ներկայացված է տեղեկատվություն ծննդաբերության շրջանում մոր արյան մեջ հատնաբերված կապարի և ծնված երեխայի օրգանիզմի վրա դրա ազդեցության հետևանքների մասին:

Համաձայն նոր հետազոտության, արյան մեջ կապարի բարձր մակարդակ ունեցող մայրերից ծնված երեխաների մոտ ավելորդ քաշի և ճարպակալման հավանականությունը 4 անգամ բարձր է։  «JAMA Network Open» ամսագրում հրապարակված հետազոտությունը համեմատել է արյան մեջ կապարի բարձր մակարդակ ունեցող կանանցից ծնված երեխաների և կապարի ցածր պարունակությամբ կանանցից ծնված երեխաների քաշերը։ Հետազոտողները ուսումնասիրել են 1442 զույգ մայրերի և երեխաների տվյալները։ Արյան նմուշները վերցվել են ծննդաբերությունից  24-72 ժամ անց։ Հետազոտողները պարբերաբար, մանկության ողջ ժամանակահատվածում արձանագրել են երեխաների քաշը։

Continue reading

Ի պատասխան հազարավոր ընթերցողների հարցերին


Մի շարք հարցումների, թե ինչու չի տպագրվում «Վարդաձոր» մարզային թերթը, ասեմ որ ինձ համար էլ այդ խնդիրը ցավալի է: «Վարդաձոր»-ը մարզի միակ լրատվամիջոցն է: Այն հրատարակվում է 2002 թվականի հոկտեմբերից: Սկզբնական շրջանում տպագրվում էր ամիսը երկու անգամ, բայց ֆինանսական միջոցների ոչ բավարար լինելու պատճառով երկու տարի անց տպագրությունն իրականացվեց ամիսը մեկ անգամ՝ պետական աջակցության և բաժանորդագրության շնորհիվ:

Այս տարվա սկզբից, երբ դադարեցվեց պետական աջակցությունը՝ սուբսիդան, առաջացան ֆինանսական լուրջ խնդիրներ, որի պատճառով և դադարեցվեց թերթի տպագրությունը:

Հարգելի’ ընթերցող, այն չի լուծարվել, այլ ժամանակավորապես կասեցվրել է գործունեությունը: Ցավում եմ, որ այս տարվա ընթացքում չենք կարողացել մարզային լուրերը  տեղեկացնել Ձեզ… Այնուամենայնիվ լավատեսորեն եմ տրամադրված։ Հուսանք՝ ամեն ինչ լավ կլինի։ Եթե կարողանանք ֆինանսական խնդիրը լուծել, նորից «Վարդաձոր»-ը  կհրապարակվի ու կգտնի իր ընթերցողին:

«Վարդաձոր» թերթի գլխ. խմբագիր

Ս. Դովլաթյան

Քանի որ թերթը չի տպագրվում, բնականաբար չի էլ թարմացվում էլեկտրոնային տարբերակը: Բայց որպես բացառություն առիթից  օգտվելով  Ձեզ  եմ ներկայացնում մի  քանի տեղեկատվություն։

***

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Արարատ Գրիգորյանը նշանակվել է Վայոց ձորի մարզպետ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն նոյեմբերի 1-ին աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր՝ մարզպետարանի աշխատակազմին ներկայացնելու նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանին:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՈՒ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽՈՍՔ


ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

Օրեր առաջ խմբագրություն էր այցելել Գետափ գյուղի բնակիչ Արամ Մուրադյանը: Նա խնդրեց իր և հարազատների անունից երախտիքի խոսք ասել Եղեգնաձորի  հիվանդանոցի սրտաբան Խորեն Մկրտչյանին: Խստացանք մինչ թերթի հրապարակումը մեր էջում հրատարակել իրենց նամակը.

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ  ՈՒ  ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ  ԽՈՍՔ

Բարեմաղթանքներ անելիս՝ ծննդյան տոների կամ տարեդարձերի առթիվ, նշանավոր դեպքերի ու օրերի կապակցությամբ սիրով մեր հարազատների համար թվարկում ենք բառերի ու ցանկությունների մի շարք՝ առողջություն, հաջողություն, սեր, երջանկություն: Կարելի է էլի ավելացնել այս ցանկությունների շարքը, բայց նորից առողջությունը  գրավելու է առաջին տեղը: Իսկ ինչի՞ է հավասար այն կյանքը, այն առողջությունը, որ պարգևում է Հիպոկրատին երդում տված բժիշը, որն իր պարտականությունը կատարում է վստահ, անվարան, ճիգեր գործադրելով: Դա անբացատրելի զգացում է…

Բառեր չեմ գտնում բնութագրելու իմ համագյուղացի բժիշկ սրտաբան, Եղեգնաձորի  հիվանդանոցի գլխավոր մասնագետ Խորեն Մկրտչյանին: Բավական է ասել միայն երկու բառ՝ իսկական բժիշկ, որում արդեն ամեն ինչ ասված է… Ամանորի գիշերը գյուղում՝ Գետափում, հանկարծ վատացավ եղբայրս՝  Վարդան Մուրադյանը: Շտապ զանգահարեցինք  հիվանդանոց: Հերթապահում էր նույն ինքը՝ սրտաբանը: Բուժքրոջ գրանցումից շատ չանցած բժիշկը հիվանդի կողքին էր: Եղբորս վիճակը վատթարագույն էր: Սկսվեց կյանքի ու մահվան պայքարը: Հարազատներն արդեն կարծես հարմարվել էին դաժան մտքի հետ, բայց… քիչ անց բժշկի դեմքին թույլ ժպիտ երևաց և… «Շտապ Երևան է պետք հասցնել, – ասաց նա ու առանց հարազատների արձագանքին սպասելու անցավ գործի»:

Տեղափոխեցին Երևան «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ և Վարդանին պարգևեցին երկրորդ կյանք: Այժմ Վարդանի վիճակը լավ է, որի համար մեր երախտիքի ու շնորհակալության խոսքն ենք ուղղում երիտասարդ բժշկին՝ վայոցձորցիների համար արդեն հարազատ դարձած սիրելի բժիշկ Խորենին՝ մաղթելով նրան առողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք: Թող բազում ընտանիքներ վերագտնեն իրենց կորցրած առողջությունը՝ շնորհաշատ բժշկի նվիրվածության ու հոգատարության շնորհիվ: Եղե՛ք երջանիկ, սիրելի՛ Խորեն, և երջանկություն պարգևե՛ք անհրաժեշտաբար:

Վարդանին երկրորդ կյանք պարգևելու համար շնորհակալ ենք նաև Եղեգնաձորի հիվանդանոցի գլխ.բժշկի ժ/պ Կարեն Ասատրյանին ու բուժանձնակազմին, «Աստղիկ» բժշկական կենտրոնի աշխատակիցներին, ռեանիմատոլոգ Արամ Վարդանյանին:

Վարդանի հարազատներ