ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ – ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ`
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ – ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԿԱՊԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ
Ոստիկանությունն իր կայացման գործընթացում կրել է բազմաթիվ փոփոխություններ և տարբեր ժամանակաշրջանում ունեցել է տարբեր գործառույթային պարտականություններ: Սակայն միշտ էլ նրա հիմնական գործունեությունը մնացել է նույնը` երկրի ներսում հասարակական կարգ ու կանոնի հաստատումը, հասարակական անվտանգության ապահովումը և հանցավորության դեմ տարվող պայքարը:
ՀՀ ոստիկանությունը միասնական համակարգ կազմող պետական կառավարման մարմին է, որն ունի խնդիրներ և որոնք իրագործելիս հիմնվում է օրինականության, անձի իրավունքների և ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների վրա: Ոստիկանության խնդիրներն ամրագրված են «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում: Ոստիկանության խնդիրներն են օրենքին համապատասխան ապահովել՝
1. մարդու անվտանգությունը.
2.հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումը.
3.հանցագործությունների հայտնաբերումը և բացահայտումը, քրեական գործով նախնական քննությունը.
4. հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը.
5. սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանությունը.
6. օրենքով նախատեսված սահմաններում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելիս օգնություն ցույց տալը:
Նշված խնդիրներն իրագործելիս ոստիկանությունը չի գործում հասարակությունից, ժողովրդից առանձնացված, այլ աշխատում է նրանց հետ ու ծառայում ժողովրդին: Գիտատեխնիկական նվաճումների արդյունքում փոփոխման են ենթարկվել հասարակական հարաբերությունները, բնականաբար նաև իրավախախտ անձանց գործելակերպը: Առաջ են եկել նոր հանցատեսակներ, որոնք նախկին քրեական օրենսդրությունում չէին նախատեսվել: Եվ ընդհակառակը, որոշ արարքներ, որոնք նախկին օրենսդրությամբ համարվում էին հանցագործություններ, նոր օրենսդրությամբ վերացվել են: Նույնը վերաբերվում է նաև վարչական իրավախախտումների մասին օրենսդրությանը: