ԼՈՒՐԵՐ ՄԱՐԶԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ
***
ՀՀ կառավարության որոշմամբ առաջնահերթ հիմնախնդիրների լուծման նպատակով, մարզին հատկացված 260 մլն. դրամ գումարից Եղեգնաձոր համայնքի Մոմիկի փողոցի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները իրականացնելու համար մարզպետի որոշմամբ տրամադրվեց 59.2 մլն. դրամ: ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կիրականացվի նաև Եղեգնաձորի Սպանդարյան, Նարեկացի և Արսենյան փողոցների հիմնանորոգման աշխատանքները: Ներհամայնքային ճանապարհների բարեկարգումը մարզպետարանի պատվիրատվությամբ կունենա շարունակական բնույթ:
***
2013-ի գարնանը պետ. աջակցության ծրագրերի շրջանակում ՀՀ կառավարության կողմից մարզի հողօգտագործողներին մատչելի գներով հատկացվեց 440տ ազոտական պարարտանյութ` պարկը 6000 դրամ, 353,877լ դիզ. վառելիք՝ լիտրը 350դրամ, 40տ գարնանացան գարու սերմացու՝ կգ-ը 200դրամ, 1տ կորնգանի սերմացու՝ կգ-ը 370դրամ, 150կգ առվույտի սերմացու՝ կգ 1500դրամ և 225կգ եգիպտացորենի սերմացու՝ կգ-ը 350դրամ: Մատակարարներն առանց փոխադրավարձի ազոտական պարարտանյութը և դիզ. վառելիքը հասցրել են համայնքներ, իսկ սերմացուները՝ մինչև մարզկենտրոն: Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից հայտնում են, որ ըստ օպերատիվ տվյալների՝ հուլիսի 30-ի դրությամբ մարզի տարածքում հնձված 340 հա հացահատիկի ցանքատարածությունից ստացվել է 8500 ց հացահատիկի բերք: Մարզում արտադրվել է 1500 ց բանջարեղեն, 8400 ց կարտոֆիլ, 13000 ց պտուղ: Կուտակվել է 140000 ց խոտ:
***
Հուլիսի 26-ին Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Օգնեք ինձ՝ դառնալու ձեզանից մեկը» խորագրով բարեգործական համերգ, որի նպատակն էր բարձրաձայնել սահմանափակ կարողություններով մարդկանց խնդիրները և ինչ-որ չափով նպաստել դրանց լուծմանը: Հանգանակության արդյունքում հավաքված գումարը կօգտագործվի քաղաքի մայթերի, սպասարկման օբյեկտների առջև թեքահարթակների կառուցման և ներառական կրթության դասարաններին գույքով ապահովելու նպատակով: Միջոցառումը կազմակերպել էր «Ընդդեմ Իրավական Կամայականության» ՀԿ-ի Եղեգնաձորի քաղաքացիական կենտրոնը, իսկ համերգային ծրագիրը իրականացրել էր` ՀԵՀ մարզային կենտրոնը: Ծրագրին մասնակցել են պարային խմբեր, երգիչներ, կենտրոնի կամավորներ: Տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցող Սոնիկ Մելքոնյանը ևս իր գեղեցիկ երգով մասնակցեց ծրագրին:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼ…